Ի հեճուկս Թուրքիայի՝ Դրեզդենում և Բրանդենբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանությանը նվիրված փայլուն համերգներ

2016 թվականի ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Գերմանիայի Դրեզդեն Սիմֆոնիկներ նվագախմբի ղեկավարությունն իրականացրեց «Աղետ» համերգաշարը` նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին և ճանաչմանը: «Աղետ» համերգաշարը նույն խորագրով և ծրագրով անց էր կացվել արդեն 2015 թվականի նոյեմբերին Բեռլինում, իսկ այս անգամ համերգները տեղի ունեցան Դրեզդենում և Բրանդենբուրգում: Համերգների ծրագրում են` թուրք կոմպոզիտոր Զեյնապ Գեդիզլիօղլու «Գրառումներ լռակյացից» նվագախմբի համար, Հայաստանից Վաչե Շարաֆյանի  «Surgite Gloriae» ալտի կոնցերտ դուդուկի, դիսկանտի, բարիտոնի եւ նվագախմբի հետ և գերմանացի կոմպոզիտոր Հելմուտ Օհրինգ- կիթառի, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Դիմում Էրդողանին – Դա Ցեղասպանություն էր» ստեղծագործությունը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ համերգներին մասնակցում են նաև երաժիշտներ Հայաստանից /Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբից և Երիտասարդական նվագախմբից/, Թուրքիայից, Սերբիայից: Մենակատարներն են ալտահար Մաթիաս Վորմը, դուդուկահար Արայիկ Բախտիկյանը, երգիչ Կարլ Թիմտը, կիթառահար Մարկ Սինան, խմբավարներ Անդրեա Մոլինոն, Պրեմիլ Փետրովիչը:  Ծրագրի նախաձեռնողները, կազմակերպիչներն են` Մարկուս Ռինդ, Մարկ Սինան, Բեն Դայս, Թերեզա Մենցել…:

Այս անգամ` համերգների նախօրեին, Թուրքիայի նախագահ Թ.Էրդողանը դիմել էր եվրոպական միության ազգերի հանձնաժողովին` պահանջելով չֆինանսավորել և արգելել համերգները, սակայն նվագախմբի ղեկավարության, երաժիշտների ակտիվ գործունեության, ժողովրդի ակտիվ մասնակցության արդյունքում համերգները տեղի ունեցան մեծ հաջողությամբ և նույն խորագրի տակ: Եվրոպական երկրների հանձնաժողովը որոշեց «Ցեղասպանություն» բառը փոխարինել նույն «Ցեղասպանություն» բառով, այսինքն անփոփոխ թողնել, որով իսկ հաստատեց իր պատրաստակամությունը ընդունել և դատապարտել «1915-ի Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»:

Դրեզդեն Սիմֆոնիկերը, ծրագրի նախաձեռնողները , մասնակիցները, Մարկ Սինանի կազմակերպությունը, մշակույթի գործիչները բաց նամակով դիմեցին Անգելա Մերկելին եւ Գերմանիայի խորհրդարանին՝ կոչ անելով անհապաղ ճանաչել եւ դատապարտել «1915-ի Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»:

Դրեզդեն Սիմֆոնիկերի մասնակցությամբ Հիլլերաու դահլիճում բեմադրիչ Թոմ Քուասը գերմանացի երեխաների հետ ապրիլի 29-ին բեմադրեց նաև «Մուսա լեռան 40 օրը» /Վ.Շարաֆյանի երաժշտությամբ/:

Առաջիկայում՝ այս տարվա աշնանը, Դրեզդեն Սիմֆոնիկերը  նախատեսում է «Աղետ»-ի համերգները անց կացնել նույն խորագրով և բովանդակությամբ նաև Սերբիայում, Հայաստանում և Թուրքիայում:

Հայաստանյան համերգները կանցնեն Երեւանի Պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ և մասնակցությամբ:

Scroll Up