«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոն. բացումը՝ վաղը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի կունենան «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև գրական ընթերցումներ: Փառատոնի հայ և օտարազգի մասնակիցները կընթերցեն եղեռնի զոհ 10 գրողների` Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Ինտրայի, Գրիգոր Եսայանի, Իսրայել Տխրունու, Արմեն Դորյանի, Մառի Պայլերյանի և Տոնապետ Լյուլեճյանի ստեղծագործություններից:
Բանաստեղծներ Հուսիկ Արան, Հերմինե Նավասարդյանը, Խաչիկ Մանուկյանը, Ղուկաս Սիրունյանը, Էդուարդ Հարենցը, Աշոտ Գաբրիելյանը, Թադևոս Տոնոյանը, Սագօ Արեանը, Կարինե Աշուղյանը կընթերցեն Արտաշես Հարությունյանի «Անրջանք», Ինտրայի «Մահ են ներշնչում», Սիամանթոյի «Պարը», Դանիել Վարուժանի «Անդաստան», Ռուբեն Սևակի «Սիրոյ մրմունջ», Մառի Պայլերյանի «Կը հիշե՞ս», Արմեն Դորյանի «Մուհամմեդ», Իսրայել Տխրունու «Վշտիս ծաղիկը», Գրիգոր Եսայանի «Ջրոգիները», Տոնապետ Լյուլեճյանի « Ափ մը հող» ստեղծագործությունները բնագրով` հայերեն: Իսկ օտարազգի հյուրերից` Լյուբիցա Միլետիչը (բանաստեղծ, Սերբիա), Ալան Ուայթհորնը (բանաստեղծ, քաղաքագետ, Կանադա), Մարսելա Փոլեյնը (բանաստեղծուհի, արձակագիր, Ավստրիա), Մելինե Թումանին (գրող, լրագրող, ԱՄՆ), Սերժ Վենտուրինին (բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիա), Դանան Ուոլրըթը (գրող, գիտնական, ԱՄՆ) նույն ստեղծագործությունները կկարդան իրենց մայրենի լեզվով:
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օտարազգի հյուրերը` գրողներ, գիտնականներ, լրագրողներ, հրատարակիչներ, այս ձեռնակրումով ոգեկոչում են Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը` զորակցելով հայ ժողովրդին: «Գրական տապան. ապրիլ» փառատոնը և Հայաստանը Ապրիլի 21-ի այս ձեռնարկով միանում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: