ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ Արտակ Սերգոյանին

Ապրիլի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բելգիայում գործող  «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ Արտակ Սերգոյանին, ով Հայաստան է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին բելգիահայ համայնքի կողմից օգնություն ցուցաբերելու նպատակով:

 Ինչպես նշեց Արտակ Սերգոյանը՝ օգնությունը տրամադրվել է Արմավիրի մարզի զոհված զինվորների ընտանիքներին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Սերգոյանին հայրենանվեր գործունեության համար և խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել բելգիահայ համայնքի բոլոր անդամներին:

 Հանդիպման ընթացքում հյուրը նախարարին տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը թեև ընդամենը 2 տարի է ինչ ստեղծվել է, սակայն բավական լայն գործունեություն է ծավալում ինչպես համայնքի ներսում, այնպես էլ Հայաստանի հետ կապերի սերտացման ոլորտում: Արդեն իսկ, տարբեր տեսակի աջակցություններ են ցուցաբերվել Հայաստանի սահմանամերձ գյուղերին և պատրաստակամ են այսուհետ առավել արդյունավետ դարձնել այդ աշխատանքները:

 Քննարկվեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը զարգացնելուն և նախարարության ծրագրերին բելգիահայ համայնքի մասնակցությունը ակտիվացնելուն առնչվող հարցեր:

Scroll Up