Բողոքի երթ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում

Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են ակցիաները`  ընդդեմ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված  ագրեսիվ գործողությունների: Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի հայկական ընկերակցությունը քաղաքի կենտրոնում կազմակերպել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները դատապարտող  խաղաղ ցույց: 

Մոնպելյեի Հայկական ընկերակցության նախագահ Կարեն Մխիթարյանը բոլոր մասնակիցների անունից հանդես է եկավ ելույթով` կոչ անելով հարգել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչպես Panorama.am-ի հետ զրուցում ասաց Մոնպելյեի մեր հայրենակցուհի Աննա Մաթևոսյանը, բողոքի ակցիան նախաձեռնած Մոնպելյե քաղաքի հայությանը միացել էին հարակից քաղաքներից ժամանած բազմաթիվ հայեր: Մասնակիցները հիմնական պահանջը, որը նախապես փոխանցվել է քաղաքային իշխանություններին, խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից կատարված ոճրագործությունները խստորեն դատապարտելն ու զինադադարի ռեժիմը պահպանել հարկադրելն էր:

Ի դեպ, Մոնպելյե քաղաքի հայկական ընկերակցությունը նախաձեռնել է նաև նյութական միջոցների հանգանակում, որը կփոխանցվի Արցախին:

Scroll Up