ՀՀ նախագահի այցելությունը հաստատեց հայ ժողովրդի միասնականությունը. ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Առաջնորդ

Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ. պատվիրակության կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: ՀՀ Նախագահին ողջ այցի ընթացքում ուղեկցել է նաև ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Այս օրերի ընթացքում հոգեպարար զգացումներ և ազգային վառ ապրումներ եմ ունեցել: Բոստոնի հայ համայնքը կարևոր նշանակություն ունեցող շրջան է հայերի համար, և մայր գաղութներից մեկն է: Շնորհակալություն ենք հայտնում Նախագահին, որ ուշադրության կենտրոնում պահեց այս համայնքը և այցելության եկավ: ՀՀ նախագահի այցելությունը հաստատեց հայ ժողովրդի միասնականությունը և ամրապնդեց ազգային, եկեղեցական շահը՝ ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ հեռախոսազրույցում շեշտեց  Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սրբազան Հայրը կարևորեց այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամենուր ելույթների ընթացքում միասնականության և համախմբվածության կոչ էր հղում: Միասնականության խորհրդանիշերից էր նաև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշների վեր խոյացումը, որը մեկ անգամ ևս փաստեց Մասաչուսեթսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը և Արցախի Հանրապետության  Անկախության ճանաչման բանաձի հաստատումը:

Հուզառատ է եղել այցելությունը «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծաղկեպսակ են դրել նաև հայկական Սուրբ Հակոբ եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Խոսելով հանդիպումների մասին՝ Սրբազան Հայրը ընդգծեց ՀՀ Նախագահի հանդիպումը Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ, որի ընթացքում Նախագահը փաստել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա սերտ հարաբերությունների մասին:

Առաջնորդը կարևորեց նաև ուսումնական հաստատություններ (Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց) կատարած այցելությունների ժամանակ Նախագահի հայ ուսանողներին փոխանցած պատգամը, որով խրախուսել է երիտասարդներին և ասել, որ ամեն ինչ  անելու է նրանց առաջընթացի համար, քանի որ հենց նրանք են դառնալու  Հայաստան երկրի տերը:

«Ոգեշունչ էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաների, ուսուցիչների և  Սուրբ Հակոբ եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպումները: Համայնքային հանդիպմանը շուրջ 900 մարդ էր ներկա՝ հայկական տարբեր կազմակերպություններից, եկեղեցիներից, միություններից և այլ կառույցներից: Առհասարակ ուզում եմ ասել, որ այս այցելությունը ոչ միայն զորացրեց, խանդավառեց և գոտեպնդեց հայ համայնքին, այլև ամրապնդեց Հայաստանի հետագա հարաբերությունները Մասաչուսեթս նահանգի հետ. այդ մասին վկայում նաև տեղական մամուլի հրապարակումները »,-իր խոսքը եզրափակեց Սրբազան Հայրը:

Գևորգ Չիչյան

23ւ78 9

Scroll Up