«Տեսանք նախարար Հրանուշ Հակոբյանի Սփյուռքին հառած ամուր հայացքը». սփյուռքահայ գործիչներ

«Հայերն այսօրը» տեղեկացրել էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 26-ին Վաշինգտոնում հանդիպել է ՀՅԴ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության անդամ Հովսեփ Ավագյանի և ՀՄԸՄ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության ատենապետ Վահե Թանաշյանի հետ: ՀՀ դեսպանատանը կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

«Հայերն այսօրի» հետ զրույցում ՀՅԴ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության անդամ Հովսեփ Ավագյանը նշեց, որ առաջին անգամ է, որ նման հանդիպում էր կայանում նախարար Հրանուշ Հակոբյանի հետ. «Ներկաներս շատ տպավորված էինք շուրջ 2 ժամ տևած հանդիպումից: Այդ կարճ ժամանակում անգամ զգացինք ՀՀ սփյուռքի նախարարության և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի վերաբերմունքը, սերն ու հոգածությունը Սփյուռքի համայնքների, կազմակերպությունների, կառույցների նկատմամբ: Հանդիպումը վեր հանեց այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են, որպեսզի Հայրենիք-Սփյուռք կապը ոչ միայն ամուր լինի, այլև՝ արդյունավետ: Ու թե ինչպես պետք է աշխատենք, գործակցենք, որպեսզի Սփյուռքը կարողանա նեցուկ լինել Հայաստանի հզորացմանը»:

Հովսեփ Ավագյանը նշեց, որ զրույցի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների, կառույցների, միությունների  նախաձեռնած այն բոլոր միջոցառումները, գիտաժողովները, հավաքներն ու բանակումները, որոնք կազմակերպվում են Հայաստանում և նպաստում՝ Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցմանը, սերտացմանն ու փոխճանաչողությանը: Միաժամանակ հավելեց, որ Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու, աջակցելու բոլոր այդ ձեռնարկներին:

«Հանդիպման ընթացքում զգացինք, որ նախարարի ամենօրյա մտահոգությունների, ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրը: Նա մանրամասն ներկայացրեց այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ աջակցելու համար Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցներին: Ամենաազդեցիկն այն էր, որ մենք զգացինք տիկին նախարարի անձնական մոտեցումը այս հարցին, նրա ապրումները, այս դժվար պահին նրանց կողքին լինելու պատրաստակամությունը և ցանկությունը՝ ինչ-որ կերպ թեթևացնելու Հայաստանում հաստատված սիրիահայերի ցավը: Այդ ամենը մենք տեսանք նրա խոսքերում և աչքերում: Հուզվեցինք, երբ տիկին նախարարը խոսեց, որ ՀՀ կառավարությունը հոգում է նաև սիրիահայերի թաղման հարցերը, որպեսզի նրանք իրենց որբ չզգան»:

Պարոն Ավագյանը նշեց, որ Հրանուշ Հակոբյանը խոսել է նաև դժվարությունների, Կանադայում, եվրոպական երկրներում հաստատված սիրիահայերի մասին և խնդրել՝ ավելի լավ աշխատանք տանել, որպեսզի բարձրաձայնվեն այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ:

«Ուրախ ենք և շնորհակալ, որ այս հնարավորությունն ունեցանք: Տեսանք նախարար Հրանուշ Հակոբյանի Սփյուռքին հառած ամուր հայացքը, հաստատակամությունը, որպեսզի ամուր մնան մեր հարաբերությունները, մեկտեղվեն մեր բոլոր նպատակները»,-նշեց Հովսեփ Ավագյանն ու հավելեց, որ նախարարի խոսքերը, նրա հետ հանդիպումը մտորելու առիթ են տվել, թե ինչպես է հնարավոր գործակցել և փորձել համախմբել ԱՄՆ Արևելյան շրջանի կրթական, գիտական, տնտեսական ներուժը՝ Հայաստանին օգտակար լինելու համար:

«Միասնաբար գործակցել՝ ի նպաստ Հայաստանի հզորացման ու բարօրության, որպեսզի մեր երկրի, ժողովրդի վիճակը լավանա, արտագաղթը նվազի և մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն: Պետք է յուրաքանչյուրս իր ոլորտում հստակ ծրագրեր նախանշի և ներկայացնի նախարարին, որպեսզի միասնաբար, յուրաքանչյուրս մեր կարելիությունների սահմանում փորձենք օգտակար լինել մեր հայրենիքին ու հայրենակիցներին: Նախարարի խոսքերից հետո միայն հասկացանք, որ ինչքան, առաջին հայացքից շատ պարզ թվացող, բաներ կան, որոնց մասին չենք մտածել նախկինում: Ինչպես օրինակ՝ Հայաստան այցելելը, որով կնպաստենք զբոսաշրջության զարգացմանը, հայրենիքում դրամական հաշիվներ բացելը, տուն գնելը և այլն»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Հովսեփ Ավագյանը:

ՀՄԸՄ Արևելյան շրջանի կենտրոնական վարչության ատենապետ Վահե Թանաշյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանն խոսել է նախարարության աշխատանքների, ծրագրերի մասին, անդրադարձել Ամերիկայի հայկական համայնքի դերակատարությանը՝ Հայաստանի հզորացմանը նպաստելու գործում:

«Հրանուշ Հակոբյանը շեշտեց՝ միայն հզոր Հայաստանը կարող է օգտակար լինել ողջ հայությանը, որ հզոր Հայաստանն է մեր միակ երաշխիքը՝ դիմագրաված խնդիրների լուծման: Նախարարը նաև քաջալերեց միասնական ծրագրերի իրագործումը, Հայաստանում  4 տարին մեկ անցկացվող ՀՄԸՄ-ի բանակումները և հորդորեց, որ քաջալերենք հատկապես Սփյուռքի երիտասարդների Հայաստան այցելությունները»,-նշեց Վահե Թանաշյանը:

Scroll Up