Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետին է ներկայացրել նախարարության իրականացրած աշխատանքները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Նախարար1.jpg)
Փետրվարի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում քննարկվել է կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները՝ նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև մասնակցել է անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստման և տարածման աշխատանքներին:
Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ տարբեր երկրներում պետական, նահանգային և տեղական կառավարման մարմինների, Սփյուռքի հայկական կառույցների, հասարակական, լոբբիստական կառույցների հետ տարածաշրջանային հանձնախմբերը իրականացրել են համակարգված հետևողական աշխատանք, որով մեծապես նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը:
Սփյուռքի նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացման վերաբերյալ կատարած աշխատանքներին՝ նշելով, որ «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի և իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արևելահայերեն և ռուսաց լեզվի դասընթացներ:
Հայոց լեզվի տարածման և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացրած աշխատանքերի մասին նախարարը զեկուցեց, որ այդ գերակա խնդրի լուծման նպատակով ձեռնարկվել են մի շարք աշխատանքներ, իրականացվել մի քանի ծրագրեր. «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակությամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կազմակերպվել է «Ապագա» խորագրով երիտասարդական հավաքը, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում Ավստրալիայում, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ և այլն:
Նախարարը խոսել է նաև Համահայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնման և զարգացման շրջանակներում իրականացրած միջոցառումների և արձանագրված արդյունքերի մասին՝ նշելով, որ 2015թ. համահայկական կառույցների հետ կնքվել է համագործակցության 2 համաձայնագիր (ՀՕՄ և «Երկրապահ կամավորների միություն» ՀԿ): Նախապատրաստվում են նաև նոր համաձայնագրերի նախագծեր` առաջիկայում կնքելու համար: Մի շարք կառույցների հետ նախկինում կնքված հուշագրերի շրջանակներում ընդլայնվել և խորացել են համագործակցության եզրերը, իրականացվել են ծրագրեր: Կնքված համաձայնագրերի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ համատեղ միջոցառումներ:
Նախարար Հակոբյանը հայտնել է նաև, որ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագրերը և միջոցառումների ցանկը:
Հովիկ Աբրահամյանը դրական գնահատելով Սփյուռքի նախարարության աշխատանքը՝ ընդգծել է, որ գերատեսչության կողմից մեծ աշխատանք է կատարվել, և 2015 թվականին նախարարության ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ ակնառու է եղել: Գործադիրի ղեկավարը կարևորել է սփյուռքահայ գործարարների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում և այդ համատեքստում անհրաժեշտ համարել Հայաստանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումների անցկացումը: