Ցուցահանդես, որը նման է գունավոր տոնավաճառի (լուսանկարներ)

Փետրվարի 11-ին և 12-ին  ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնի առիթով ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում անցկացվեց  ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էին Հայրենիքում հանգրվանած շատ սիրիահայեր: Նրանց հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

Անդրանիկ Տերտերյան – Առաջին անգամ եմ մասնակցում այս ցուցահանդեսին, ներկայացնում եմ Սիրիայում տարածված, ընդունված սահլաբ կոչվող քաղցր թանձրուկը, հիմա ես այն խառնում եմ, տեսնո՞ւմ եք, գոլորշին բարձրանում է, մարդիկ մոտենում են և շատ հետաքրքրված հարցնում, թե ինչ է եփվում: Հայաստանցիների համար սա նորություն է: Այն իրենից ներկայացնում է կաթի, օսլայի, շաքարավազի և վանիլի խառնուրդ. մատուցում ենք տաք վիճակում, մեկ փոքրիկ բաժակն արժե 200 դրամ: Սա ավելի շատ առավոտյան երեխաներին ենք տալիս կարկանդակի հետ: Սննդարար է և շատ համեղ:

Հակոբ Նագգաշյան – Ինը ամիս է, ինչ Հայաստանում եմ, սա թվով 3-րդ ցուցահանդեսն է, որին մասնակցում եմ: Ներկայացնում եմ իմ ձեռքով պատրաստած զարդեր: Գները մատչելի են: Այս արծաթե զարդերով ավելի շատ հետաքրքրվում են երիտասարդ այցելուները: Հուսամ, որ այս երկու օրերի ընթացքում հաջող առևտուր կլինի, գոհ կլինենք թե՛ մենք, թե՛ գնորդները:

Լևոն Քեոշկարյան – Ինը ամիս է, ինչ Հայաստանում եմ: Երկրորդ անգամ եմ մասնակցում ցուցահանդես-վաճառքի: Վաճառում եմ իմ ձեռքի աշխատանքները՝ արծաթե զարդեր, ափսեներ, բաժակներ: Այցելուներին, հատկապես՝ երիտասարնդերին ավելի շատ հետաքրքրում են կախազարդերը, ականջօղերը, մատանիները: Ես Վերնիսաժում եմ նաև աշխատել, սակայն ցրտի պատճառով այլևս այնտեղ չեմ գնում: Սիրիայում էլ նույն գործն եմ արել, սակայն այնտեղ առևտրով մի ողջ ընտանիք կարող էր ապրել. մեկ հոգին աշխատում էր ընտանիքից, և 5-6 հոգի ապահով ապրում էին: Հիշողություններիս մեջ շարունակ Հալեպի մեր տունն է, հարազատ միջավայրը, սակայն այստեղ էլ խնդիր չունենք, արդեն հարմարվել ենք: Փա՛ռք Աստծո, գո՛հ ենք: Ժողովուրդը բարի է, ջերմ, նույնիսկ անծանոթ մարդիկ ձգտում են ինչ-որ բանով օգնել մեզ, շնորհակալ ենք: Երբ Սիրիայում խաղաղություն հաստատվի, կվերադառնանք, որովհետև շատ բան ենք թողել այնտեղ՝ տուն, խանութներ, ընկերներ, դպրոցներ, պատմամշակութային արժեքներ: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես վարվենք, ոչ ոք չգիտի այս ամենի վերջը:

Դալար Քեշկերյան – Արդեն 3 տարի է, ինչ ամուսնուս՝ Ջորջի և մեր 3 ու 7 տարեկան երեխաների հետ Հայաստանում ենք: Հարմարվել ենք նոր միջավայրին, երեխաներիցս մեկը մանկապարտեզ, մյուսը՝ դպրոց է հաճախում: Ապրում ենք անվտանգ ու ապահով Հայաստանում: Մարդ իր հայրենիքում միշտ էլ ավելի հանգիստ է զգում: Հալեպում էլ ամուսնուս հետ նույն գործն ենք արել, բայց ավելի մեծ կտորներով: Այսօր վաճառք ունեցանք, փա՛ռք Աստծո:

Ջորջ Քեշկերյան – Տիկինս արդեն ասաց, որ Սիրիայում էլ նույն գործն ենք արել, արծաթ ենք վաճառել. զարդեր կան, որոնք մենք ենք պատրաստել, որոշ բաներ էլ դրսից ենք բերում: Ես հիմնականում Վերնիսաժում եմ կանգնում: Հուսանք, որ այս ցուցահանդես-տոնավաճառից բոլորը գոհ կմնան:

Վիկտորյա Քյուչուկյան-Սարգիսյան – Ցուցադրված հագուստների մեջ կան նաև մայրիկիս, տատիկիս, սկեսուրիս պատրաստածները: Սիրիահայ բոլոր կանայք շատ շնորհալի են՝ և՛ գործել, և՛ կարել, և՛ համեղ ճաշատեսակներ պատրաստել գիտեն: Արդեն 10-րդ անգամ ենք մասնակցում ցուցահանդես-վաճառքի: Ավելի շատ գնում են գարնանային հագուստներ, տաբատներ: Հայաստանում ես մշտական աշխատանք չունեմ, միայն ամուսինս՝ Ջորջ Սարգիսյանն է աշխատում, նա երգիչ է: Ես մի քանի լեզուների եմ տիրապետում՝ արաբերեն, անգլերեն, թուրքերեն: Հալեպում դպրոցի տնօրեն եմ եղել, կուզեի այստեղ էլ լեզուների գծով աշխատել, իսկ ազատ ժամանակ մասնակցել ցուցահանդես-վաճառքների:

Մարի Եփրեմյան –  Երեքուկես տարի է, ինչ Հայաստանում եմ և արդեն բավականին ցուցահանդեսների եմ մասնակցել. արդուզարդ եմ վաճառում: Հետաքրքրվողներն ավելի շատ երիտասարդներն են: Կարծում եմ, որ այս 2 օրերի ընթացքում շահույթ կունենանք: Այս ցուցահանդես-տոնավաճառը նաև սիրիահայերի ու տեղի հայերի ձեռքի աշխատանքների համեմատական ներկայացումն է՝ իրենց նմանություններով ու տարբերություներով: Շատերն ուղղակի հիացմունքով, հետաքրքրությամբ շրջում են սրահում և նայում մարդկանց պատրաստած աշխատանքները, ուսանողները հիմնականում զարդեր և ուտելիք են գնում:

Անի Արթինյան  – Երեք տարի է, ինչ Հայաստանում ենք: Ամուսինս այստեղ գործարանում էր աշխատում, սակայն 5-6 ամիս է, ինչ աշխատանք չունի: Ես մշտապես մասնակցում եմ ցուցահանդեսների, ուտեստներ, նկարներ և խաչեր եմ վաճառում: Դժգոհ չեմ, վաճառք եղել է: Հուսանք, որ և՛ մենք կշահենք, և՛ այցելուները: Մեր ուտեստները բոլոր տեղացիներին հետաքրքրում են, մեզ համար սովորական է, որ բոլոր սիրիահայ կանայք յուրօրինակ ուտելիքներ ու թծվածքներ են պատրաստում: Այն, ինչ պատրաստում էինք մեր ծննդավայրում, նույնն էլ այստեղ ենք շարունակում:

Մարալ Շերմինյան-Բերբերյան –  Գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ: Հալեպում ես տանտիկիկին եղած եմ, իսկ հիմա հոս արդեն 3-րդ ցուցահանդեսին եմ մասնակցում: Իմ սեղանի վրա ցուցադրված թաղիքե գործերը խմբային աշխատանքներ են, իսկ մնացածները՝ ուլունքներովը, իմ ձեռքի աշխատանքներն են: Ավելի շատ մոտենում են ու հետաքրքրվում երիտասարդները: Պատճառը նաև այն է, որ ԵՊՀ-ի բանասիրության մասնաշենքի սրահում է կազմակերպվել ցուցահանդես-վաճառքը: Մեր հաճախորդները և՛ դասախոսներն են, և՛ ուսանողներ: Ընդհանուր հետաքրքրությունը բոլոր սիրիահայերի գործերի հանդեպ շատ մեծ է: Հաճելի միջավայր է, մթնոլորտը՝ տոնական, աշխույժ, ուրախ: Այստեղ հիմնականում սիրիահայեր են, շատերն իրար ճանաչում են: Այս ցուցահանդեսները նաև մարդկային շփումների, հանդիպումների յուրօրինակ միջոց են:

Սարգիս Ժամկոչյան – Երեք տարի է, ինչ Հայաստանում ենք: Ես առաջին անգամ եմ մասնակցում ցուցահանդես-վաճառքի: Վաճառում եմ տարբեր նյութեր, իրեր. այս օճառն, օրինակ, բնական հումքից է պատրաստված՝ զեյթունի օճառ է: Հալաբյան փողոցում խանութ ունենք, որտեղ այս ապրանքներից ենք վաճառում, դրանք բերվում են Սիրիայից: Բնական հումքից պատրաստված ամեն ինչ իր գինն ունի, էժան չէ:

…Պատերազմն ավարտվի, Սիրիայում ամեն ինչ վերականգնվի, կգնանք, թեև այնտեղ մեր տունն ավերված է: Այստեղ տուն չենք կարող գնել: Ասեմ, թե ամբողջովին հարմարվել ենք նոր միջավայրին, ճիշտ չի լինի. մի քիչ հարմարվել ենք, մի քիչ՝ ոչ: Սպասենք իրադարձություններին. Աստված օգնական Սիրիային:

Հովհաննես Բոյաջյան –  Վեցուկես ամիս է, ինչ Հայաստանում եմ և մասնակացում եմ երկրորդ ցուցահանդեսին: Ցուցադրված իրերը բերել եմ Սիրիայից. այնտեղ եմ պատրաստել: Այստեղ դեռևս տեղ ու հնարավորություն, միջոցներ չունեմ, որ սկսեմ զարդեր պատրաստել: Հալեպում ոսկերիչ էի աշխատում, խանութ ունեի. հիմա ոչ մի կարողություն չունեմ: Այնտեղ եմ թողել մեր խանութներն ու տունը և մորս հետ եկել եմ Հայաստան: Պատերազմի ավարտից հետո, եթե այստեղ աշխատանք ունենամ, չենք վերադառնա Սիրիա:

Վաչե Անջաօղլյան – Երեքուկես տարի է, ինչ Հայաստանում ենք: Հրաչյա Քոչար 41 հասցեում վաճառքի խանութ և սննդի արտադրամաս ունենք: Թահինի արտադրություն ունենք, որից ստանում ենք քունջութի բնական յուղ: Այն, ինչ ներկայացրել ենք այս ցուցահանդեսին, մեր արտադրանքն է: Վարդի յուղ, նռան դոշաբ, նարնջի ծաղիկների թանձրահյութ… Ես մասնագիտությամբ շինարար եմ, Սիրիայում նաև տպարան ունեի, որտեղ հագուստների վրա նկարներ էինք տպում: Փորձեցի այստեղ էլ այդ գործն սկսել, սակայն չստացվեց: Ես Երևանի (նախկինում) Պոլիտեխնիկ ինստիտուտում եմ սովորել: Կուզեի, որ դրսից ներմուծած ապրանքներին տուրք չտան մեր հայրենակիցները, այլ յուրացնեն մեր տեղական արտադրանքը: Պետք է տարբեր բնագավառներում զարկ տալ արտադրությանը, հայերը տաղանդավոր են և կարող են դա անել, եթե հնարավորություն ընձեռվի: Պետք է քաջալերել մանր ու միջին բիզնեսը և նույն պահանջները չդնել խոշոր, մեծ ընկերությունների և փոքրերի վրա:

Իոլանդ Հաթդատ-Սապունջյան – Երեք տարի է, ինչ Հայաստանում եմ: Ամուսնուս հետ աշխատում ենք տանը. ամուսինս հոգում է մթերքների հարցը, իսկ ես պատրաստում եմ տարբեր ուտեստներ, թխվածքներ, ու վաճառում ենք դրանք: Մեր տեղը գիտեն, պահանջարկը մեծ է: Շատ ցուցահանդեսների եմ մասնկացել: Այս ցուցահանդեսի ընթացքում էլ բավականին վաճառք եղավ. գոհ ենք: Մնալու ենք Հայաստանում, մեր երեխաները սովորում են այստեղ և մտադրություն չունենք Հայրենիքը թողնելու:

Դուդու Քամակլի – Երեք տարի  է, ինչ եկել ենք Սիրիայից: Պիտի խոստովանեմ, որ դժվարությամբ ենք ապրում: Առաջին անգամ եմ ցուցահանդես-վաճառքի մասնակցում. ներկայացրել եմ տարբեր ուտեստներ՝ իշլի քյուֆթա, նրբաբլիթ, պիցցա, տոլմա, լահմաջո… Ուսանողները շատ առևտուր արեցին: Ինձ հետ է նաև թոռս՝ Խաչիկը:

Խաչիկ Աբգարյան – Ես Սիրիայում եմ ծնվել, բայց մեծանում եմ Հայաստանում: Դպրոց եմ հաճախում, շատ ընկերներ ունեմ: Ես շատ եմ հիշում Հալեպը, իմ մանկության ընկերներին, մեր խաղահրապարակները, կարոտում եմ մեր տունն ու իմ մահճակալը: Չեմ ձանձրանում ցուցահանդեսում, որովհետև այս ցուցահանդեսը նման է գունավոր տոնավաճառի, և շատ այցելուներ կան: Ուրախ կլինեմ, եթե մեր ներկայացրած ուտեստները բոլորը վաճառվեն, և տատիկիս տրամադրությունը բարձր  լինի: Չձանձրանալու համար հեռախոսով  խոսում եմ ընկերներիս հետ ու խաղեր եմ խաղում, իսկ երբ քաղց եմ զգում, ուտում եմ տատիկիս պատրաստածներից:

Կարինե Ավագյան

ցուցահանդես2ցուցահանդես17 ցուցահանդես15ցուցահանդես14 ցուցահանդես13ցուցահանդես11 ցուցահանդես10ցուցահանդես9 ցուցահանդես8ցուցահանդես7 ցուցահանդես6ցուցահանդես5 ցուցահանդես4ցուցահանդես1 ցուցահանդես

Scroll Up