ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/ՀԲԸՄ.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:
Նախարարը ողջունեց հյուրերին, իր գոհունակությունը հայտնեց Հայրենիքում և Սփյուռքում Հայ բարեգործական ընդհանուր միության արդյունավետ գործունեության առնչությամբ, բարձր գնահատեց Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ կառույցի իրականացրած քայլերը:
Կողմերը անդրադարձան ՀԲԸՄ գործող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդության շրջանում առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին: Ներկայացնելով միության ծրագրերը` ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը ընգծեց երիտասարդ հայ մասնագետների համախմբման կարևորությունը, նոր սերնդի տաղանդավոր և կայացած ներկայացուցիչների ներուժի բացահայտման և արդյունավետ կիրառման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Քննարկվեցին Համահայական խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվեցին հետագա համագործակցության խորացմանը և առաջիկայում համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: