Հուշ–երեկո՝ նվիրված Միկոյան եղբայրներին

Մոսկվայում Պուշկինի հրապարակի հարևանությամբ գտնվող « Իզվեստյա» թերթի խմբագրության կոնֆերանսների դահլիճում դեկտեմբերի 18 -ն կայացավ Միկոյան եղբայրների ծննդյան ` Անաստասի 120 և Արտեմի 110 ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Ամալյա Իսայանը:
Երեկոյի պատվավոր հյուրերն էին Միկոյան ընտանիքի անդամները`տղաներն ու աղջիկները, թոռներն ու ծոռները( Ստեփան, Սվետա, Աշխեն):
Հանդիպմանն իրենց ելույթներով ու շնորհավորանքներով ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԻԳ ռազմական օդանավերի կառույցի ղեկավարներն ու աշխատակիցները, ՌԴ–ում ՀՀ դեսպանատան, ՌՀՄ Մոսկվայի քաղաքային կազմակերպության, «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչներն ու Մոսկվայի հայ և ռուս մտավորականները:
Երեկոն բացվեց Միկոյան եղբայրներին նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև այն ընթացավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Հարազատներն ու մոտիկները պատմեցին հետաքրքիր հիշողություններ, եղան բազմաթիվ շնորհավորական և երաժշտական ելույթներ, որտեղ շեշտեցին խորհրդային պետական ու քաղաքական գործիչի՝ Անաստաս Միկոյանի և աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժիներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող՝ Արտեմ (Անուշավան) Միկոյանի Խորհրդային Միության դժվարին տարիներին կատարած գործունեության կարևորագույն դերի և նշանակության մասին:
Հնչեցին բազմաթիվ երախտագիտության խոսքեր այդ լեգենդար հայ անհատների հասցեներին, որը մեծ ուրախություն և հպարտության զգացում բերեց նախևառաջ իրենց հայրենակիցներին:
Հավերժական փառք և պատիվ նրանց խնկյալ հիշատակին…