«Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն». գրքի շնորհանդես Հռոմում
Դեկտեմբերի 16-ին Հռոմում կայացավ «Հայոց ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“Il Genocidio Armeno: 100 Anni di Silenzio”) գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Գիրքը հրատարակվել է 2015թ.՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի համատեղ ջանքերի արդյունքում: Հեղինակներն են Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և Ջիան Միկալեսսինը:
Միջոցառման մոդերատորն էր լրագրող և հրապարակախոս Նաման Տարկան: Գիրքը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության մասին բանախոսեցին «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի նախագահ Ռայմոնդ Սկիավոնեն, գրքի հեղինակներից Ալեսսանդրո Արամուն, Աննա Մացցոնեն և լուսանկարիչ Ռոմոլո Էուկալիտոն:
Նրանք խոսեցին Հայաստան իրենց այցելության և ցեղասպանության ականատես վերջին վերապրածների հետ իրենց հանդիպումների մասին, անդրադարձան թուրքական ժխտողականությանը: Նրանք նաև կարևորեցին Իտալիայի հանրային կրթական հաստատություններում ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի ուսուցումը՝ դա համարելով անհրաժեշտ բաղադրիչ նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: