ՀՀ սփյուռքի նախարարությունն ամփոփում է. «Սփյուռք» ամառային դպրոց»-2015
2015 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 1-ը Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ արդեն 4-րդ անգամ իրականություն դարձավ «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: Դասընթացները կազմակերպվեցին հետևյալ վեց ուղղություններով. Հայոց լեզվի արագացված ուսուցում, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Ազգային երգի ու պարի, Սփյուռքի լրագրողների, Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ:
Այս տարի Ամառային դպրոցին մասնակցեց 216 սփյուռքահայ:
«Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը իրականացվում է 2012 թվականից: Աստիճանաբար մեծանում է ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, դպրոցը դառնում է Սփյուռքում ամենապահանջված ծրագրերից մեկը: Համեմատության համար նշենք, որ եթե 2012 թվականին ծրագրին մասնակցում էր 132 սփյուռքահայ, ապա այս տարի մասնակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է: Ի դեպ, 2016 թվականին ևս նախատեսվում շուրջ 250 մասնակից հյուրընկալել Ամառային դպրոցի տարբեր դասընթացներում:
Ամառային դպրոցի դասավանդման գործընթացում ներգրավված էին ԵՊՀ և այլ բուհերի, ինչպես նաև Սփյուռքից հրավիրված մասնագետներ և մշակութային ականավոր գործիչներ: Բոլոր ուղղություններում ուսուցանվեց ազգային երգ ու պար:
Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի), կոմպոզիտոր, մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի, ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքցի Սուրեն Գյանջումյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանի, ԵՊՀ «Մշակույթի» կենտրոնի երգչախմբի ղեկավար Ռուբեն Կարասեֆերյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո), ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի, Վ. Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանի հետ:
«Սփյուռք» ամառային դպրոցի բոլոր մասնակիցները հանդիպեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստան-Սփյուռք պետական քաղաքականությունը, նախարարության գործունեությունը և նախարարության կողմից՝ 7 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև շրջելու Հայաստանի պատմամշակութային վայրերով (Էջմիածնի Մայր Տաճար, Գառնի, Գեղարդ, Նորավանք, Սմբատաբերդ և այլն), այցելեցին կրթամշակութային և նորարարական հաստատություններ («Այբ» դպրոց, Հայաստանի Ամերիկյան համալսարան, «Թումո» կենտրոն):
«Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթաց»
Այս դասընթացին մասնակցել է 99 սփյուռքահայ՝ 9 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Լիբանան, ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Չեխիա, Ռումինիա):
Դասընթացը կազմակերպվել է ըստ լեզվական իմացության մակարդակի՝ 10 արևելահայերենի և 2 արևմտահայերենի խմբերում: Դասընթացին ընդգրկված են եղել ԵՊՀ հանրակրթական ամբիոնի և բանասիրության ֆակուլտետի դասախոսները: Արևմտահայերենի դասընթացներն անցկացվել են Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Մ. Մաշտոցի անվան լեզվապահպանական կենտրոնի տնօրեն Հիլդա Գալֆայան-Փանոսյանի և Զմառի Երանելի Իգանտիոս Մալոյեան դպրեվանքի և Սուրբ Միքայել ընծայարանի հայոց լեզվի ուսուսցչուհի Սոսե Փիլավճյանի կողմից: Արևմտահայերենի դասընթացը կազմակերպվել է դասախոսների հեղինակային՝ լեզվի արագացված ուսուցման ծրագրով:
Սփյուռքի հայկական կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթաց
Մասնակցության 30 հայտադիմումներից ընտրվել է 27-ը՝ 8 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Լիբանան, ԱՄԷ, ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա): Երեքշաբաթյա դասընթացներին մասնակցեցին սփյուռքի ազգային դպրոցների (ամենօրյա և մեկօրյա) տնօրեններ, հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Դասընթացը կազմակերպվել է 1 խմբով և արևմտահայերենի առանձին ենթախմբով, որի դասավանդումն իրականացնում էր Հակոբ Չոլաքյանը:
Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց
Դասընթացի 26 մասնակիցները լսել են դասախոսություններ առաջնորդության, դրա հայեցակարգային մոտեցումների և տեսակների, առաջնորդի բնութագրիչների, սոցիալական ցանցերի արդյունավետ օգտագործման, քաղաքական լիդերության մասին, մասնակցել մարդկային ռեսուրսների կառավարմանը, տեղեկատվական պատերազմների և հակահայկական քարոզչության դեմ պայքարի արդյունավետ միջոցներին, հայրենադարձության և համահայկական երիտասարդական ծրագրերին, Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հիմնական խնդիրներին և լուծման ուղիներին նվիրված քննարկումներին: Որպես արդյունք պետք է նշել, որ դասընթացի մասնակիցները բացեցին Facebook-յան էջեր՝ հետագա գործողությունների, համագործակցության, տեղեկատվության փոխանակման նպատակով:
Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթաց
Դասընթացն այս տարի ունեցավ 29 մասնակից 6 երկրից (Ռուսատան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա): Այս դասընթացի առավելություններից մեկն էլ այն է, որ մասնակիցներն ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են իրենց համայնքներում գործող խմբերին՝ այդպիսով անուղղակիորեն բազմապատկելով դասընթացի մասնակիցների թիվը:
Սփյուռքահայ լրագրողների դասընթաց
Սփյուռքի 20 երիտասարդ լրագրողները հնարավորություն ունեցան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի ճանաչված և բազմափորձ լրագրողներից: Ծրագրի մասնակիցները դասընթացի օրերին արդեն սկսեցին լրատվական նյութեր պատրաստել Ամառային դպրոցի լրագրողների ծրագրով իրականացվող միջոցառումների մասին և զետեղել իրենց լրատվամիջոցներում, ինչպես նաև հոդվածներ ու ակնարկներ հեղինակել, որոնք տեղ գտան նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում:
Համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց
Այս դասընթացներին մասնակցել են 15 սփյուռքահայեր 8 երկրից (Ռուսատան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, ԱՄՆ, Կանադա, Բուլղարիա, Էստոնիա):
«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ և ամրապնդել Հայաստան–Արցախ–Սփյուռք կապը: Դա գերակա խնդիր է կառավարության համար, և մենք ջանք ու նյութական ռեսուրս չենք խնայելու, որպեսզի այս ձևաչափով մեր շփումներն ու կապերն ամրապնդենք: Դա բխում է մեր պետության շահերից, և ես սա համարում եմ ազգանվեր, հայանպաստ ծրագիր», – «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Կառավարության ղեկավարը:
Հիրավի, ազգանվեր ու հայանպաստ ծրագիր, որ տարեցտարի ավելի ամրանում ու հզորանում է: Եվ ուրեմն, բարի´ ընթացք «Սփյուռք» ամառային դպրոցին հաջորդ՝ 2016 տարում:
Ամառային դպրոց-2015-ի լավագույն կադրերը՝ մեկ տեսանյութում: