Պատրիկ Դեւեջյան. Արդյոք պե՞տք է հանդուրժել Ցեղասպանության ճանաչման դեմ օտարերկրյա քարոզչությունը

Նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, իրենց պատիվ չեն բերում, բայց ես հավատում եմ խոսքի ազատությանը նաեւ անձամբ ինձ վերաբերող այս հարցում: Այս մասին Ֆրանսիայի խորհրդարանի սահմանադրական օրենքների եւ օրենսդրության հարցերի հանձնաժողովի նիստում Վալերի Բուայեի ներկայացրած՝ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը: Հայազգի պատգամավորը, news.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, հայտարարել է.

«Դա նուրբ եւ իրավական տեսանկյունից բարդ հարց է: Գլխավոր հարցը պետության կողմից ժխտումն է: Կարելի՞ է, արդյոք, հանդուրժել, եթե օտար պետությունը Ֆրանսիայում ժխտողական կազմակերպված քարոզչություն է իրականացնում: Որպես պատգամավոր՝ ես բազմաթիվ արտասահմանյան պետություններից մեկի կազմակերպությունից այդպիսի փաստաթղթեր եմ ստացել, որը զգալի միջոցներ է հատկանում այն կազմակերպություններին, որոնք ցեղասպանության ժխտման միջոցով են վաստակում: Այդ քարոզչությունն ակնհայտորեն ուղղված է Ֆրանսիայի քաղաքացիների այն հատվածին, որոնք, օտար ծագում ունենալով, ամեն դեպքում, նույնպիսի ֆրանսիացիներ են, ինչպես մյուսները:

Պատմաբաններին, որոնք անհանգստանում են այս կան այն իրադարձության մեկնաբանման ազատության համար, պետք է ցավով պատասխանեմ, որ նրանք սկսում են այդ իրադարձություններով հետաքրքրվել միայն այն ժամանակ, երբ դրանք չափազանց դաժան են դառնում:

Մշտական հայտարարություններն այն մասին, որ պատմությունն օրենքով կանոնակարգել հնարավոր չէ, նույնպես անհիմն են. հուլիսի 14-ի պատմական օրը մեր ազգային ինքնության հիմքն է: Քաղաքականությունը՝ այդ բառի վեհ իմաստով, հիմնված է հիշողության եւ պատմության վրա»:

Scroll Up