Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերը կարող են հրատարակվել իսպաներեն և ֆրանսերեն
Հայաստանի ազգային արխիվը շարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի հրատարակման գործընթացը:
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Մենք հիմնական շեշտեը դնում ենք օտար լեզուներով հրատարակությունների վրա: Այս տարի Ստամբուլում «Հայոց ցեղասպանությունը ականատեսների վկայությունների հիման վրա» խորագրով գիրք է հրատարակվել թուրքերեն: Դա մեր կազմած ժողովածուն էր, որը մինչ այդ արդեն լույս էր տեսել անգլերեն: Մինչև տարեվերջ այդ գիրքը ռուսերեն կհրատարակվի նաև Մոսկվայում: Ընտրել ենք Մոսկվան, քանի որ այնտեղից ավելի հեշտ կլինի տարածել», «Արմենպրես»ի հաղորդմամբ`նշեց Վիրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ գրքերը հրատարակվում են ոչ թե ՀՀ պետական բյուջեի, այլ հիմնականում բարեգործների հատկացրած միջոցներով: «Մասնավորապես, հրատարակությունը, որի մասին քիչ առաջ խոսում էի, տպագրվում է «Վան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Այդ կազմակերպությունը հիմնել են Մոսկվայի հայ գործարարները, և նրանք մեզ աջակցում են այս հարցում», նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվն այս տարի Մոսկվայում հրատարակել է գիրք «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին» խորագրով: Գիրքը լույս է տեսել Առաջին համաշխարհային պատերազմի 100ամյակի կապակցությամբ:
Վիրաբյանը նշեց, որ հույս ունեն հաջորդ տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերը հրատարակել իսպաներեն և ֆրանսերեն: «Կարևոր են նաև մեր աշխատանքները Հայոց ցեղասպանության տարիներին զոհվածների շտեմարանի ստեղծման առումով: Մենք ավելացնում ենք քանակը, սակայն ինչպես ասել եմ, մենք վերջնական արդյունքում կկարողանանք ունենալ 300400 հազար անուն: Ավելին հնարավոր չէ, որովհետև շատ ժամանակ է անցել», մանրամասնեց Վիրաբյանը:
Հաջորդ տարի Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ թանգարանում կկազմակերպի ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի ճակատագիրը ներկայացնող ցուցահանդես: