Կամիշլիից Էդինբուրգի համալսարան հասած սիրիահայ ուսանողը

Սիրիահայ Հուրի Մելքոնյանն ուսանում է Էդինբուրգի համալսարանում: Հալեպի համալսարանի շրջանավարտն այն 5 ուսանողներից մեկն է (և միակ հայը), ում չորս տարի առաջ Սիրիայի կառավարությունը, որպես լավագույն ուսանող, հնարավորություն է տվել ուսումը շարունակելու արտերկրում: Հուրին ընտրել է Մեծ Բրիտանիան: Ուսանելուց բացի զբաղվում է հետազոտական աշխատանքով, դասախոսում է երկու համալսարաններում:

Հուրին առաջին անգամ Հայաստան է եկել այս տարվա գարնանը: Ցանկություններից մեկն է եղել անպայման այցելելու ԵՊՀ-ի Մաթեմատիկայի ֆակուլտետ: Այց, որը, Հուրիի խոսքերով, կարևոր եղավ նրա համար.

«Մարտին եկա Հայաստան նախևառաջ մայրիկիս տեսնելու, որին մոտ երկու տարի չէի տեսել: Նա Հալեպից էր Հայաստան եկել: Այնուհետև ցանկացա անպայման այցելել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ: Այցս շատ արդյունավետ ստացվեց:  Ո´չ միայն ծանոթացա մի շարք մասնագետների հետ, այլև տեղեկացա, որ սեպտեմբերին միջազգային գիտաժողով է կազմակերպվելու: Հետաքրքրվեցի ու ասացին, որ ես նույնպես կարող եմ մասնակցել: Ես կրկին Հայաստան եկա արդեն սեպտեմբերին»:

«Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը, որն անցկացվում է երեք տարին մեկ, Հայաստանում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներից ժամանած մաթեմատիկների, որոնք միմյանց են հաղորդում սեփական փորձն ու գիտելիքները: Օտար երկրներից ժամանած մատթեմատիկների մեջ Հուրին միակ հայն էր:

«Գիտաժողովն անցկացվեց Ծաղկաձորում՝ սեպտեմբերի 12-18-ը: Այն ինձ շատ բան տվեց. նախևառաջ ծանոթացա հայ մաթեմատիկների հետ, Երևանի պետական համալսարանից համագործակցության, աշխատանքի առաջարկ ստացա: Համոզված եմ, որ միասին կարող ենք նոր խնդիրներ լուծել: Կգամ Հայաստան աշխատելու, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց անպայման կցանկանամ հայաստանյան մասնագետների հետ համատեղ հետազոտություններ իրականացնել, հայաստանյան ամսագրերին թղթակցել»:

Էդինբուրգում, որտեղ ապրում է Հուրին, շատ քիչ հայեր են ապրում: Իսկ ընտանիքի անդամները, Սիրիայի դեպքերից հետո, տարբեր երկրներում են բնակվում:

«Մայրս 1,5 տարի Հայաստանում մնալուց հետո՝ այժմ եղբորս մոտ է՝ Վիեննայում, քույրս էլ Նորվեգիայում է ապրում: Իսկ մյուս եղբայրս՝ Աբրահամը, Սիրիայում է, ծառայում է Սիրիական բանակում. արդեն 5-րդ տարին է: Դժվար է, բայց ուրիշ լուծում չկա: Գրեթե ամեն օր կապի մեջ ենք:

Իսկ Էդինբուրգում շփումս հիմնականում անգլիացիների հետ է, կարոտում եմ հայկական ամեն բան, հայերի հետ շփման պակաս եմ զգում: 2011 թվականին երբ  մեկնեցի Մեծ Բրիտանիա, ցանկացա հայկական համայնքի հետ ծանոթանալ, հետաքրքրվեցի, թե որտեղ են հայերը հավաքվում: Տեղեկացա, որ հայերը հիմնականում Լոնդոնում են ապրում, որտեղ հայկական համայնք կա: Ցավոք, Էդինբուրգում շատ քիչ հայեր են ապրում: Ճիշտ է, 2-3 ընկեր ունեմ, բայց դա բավարար չէ: Այլ ելք չունեմ, պետք է ընտելանամ մթնոլորտին, մինչև ավարտեմ համալսարանը: Կարոտում եմ հայկական ամեն ինչը: Այդ կարոտը մի փոքր մեղմել օգնեց Հայաստան այցելությունս: Հիշում եմ, երբ առաջին անգամ Հայաստան եկա, ինձ ամենևին օտար չզգացի, շուրջս բոլորը հայերեն էին խոսում: Շատ ուրախ էի, զարմացած, թե ինչպիսի մտերմությամբ ինձ ընդունեցին: Հայրենիքն ուրիշ է, այստեղ հոգիդ ուրախ է: Անգլիայում իմ ընկերներին հպարտությամբ էի պատմում, որ մեկնելու եմ իմ երկիր, որտեղ միջազգային գիտաժողովին ներկայացնելու եմ իմ հետազոտությունները: Էդինբուրգցիներից շատերի համար Հայաստանը ընդամենն աշխարհագրական տարածք է, տեղ քարտեզի վրա: Այդ պատճառով է, որ երբ ներկայանում եմ օտարին՝ նախ ասում եմ՝ հայ եմ, հետո միայն սիրիահայ: Փորձում եմ, որ նրանք լավ ձևով ճանաչեն հայերին, լավ տպավորություն ունենան մեր երկրի, մեր ժողովրդի մասին:

Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ ավելի սերտ կապեր հաստատել Երևանի պետական համալսարանի հետ, կկարողանանք միասին  գործեր իրականացնել: Պետք է փորձեմ և անեմ հնարավոր ամեն ինչ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար»:

Լուսինե Աբրահամյան

Հուրի1

Scroll Up