ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Զավեն Խանջյանին

Նոյեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանի ուղեկցությամբ:
Հյուրերը մեծ գոհունակություն հայտնեցին նախօրեին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում նախարարության կողմից կազմակերպված Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին նվիրված հանդիսության համար՝ ընդգծելով, որ նախարարության նման վերաբերմունքը հայագիտական հիմնարկությունների նկատմամբ՝ մեծապես նպաստում է նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Ներկայացնելով իրենց կողմից իրականացվող ծրագրերը՝ Զավեն Խանջյանն ուրախությամբ նշեց, որ ներկայումս Հայ Ավետարանչական Ընկերակցությունը քննարկում է թուրքական իշխանություններից մեծ ջանքերի գնով ետ ստացած Ստամբուլի «Քեմփ Արմեն» ճամբարի վերակառուցման հնարավորությունները: Նա նախարարին նվիրեց «Քեմփ Արմեն»-ի հիմնադիր Հրանտ Կյուզելյանի հուշերի անգլերեն հրատարակությունը, որը նաև ճամբարի հիմնադրման պատմությունն է:
Նախարարը ողջունեց և խրախուսեց «Քեմփ Արմեն»-ի վերակառուցման մտադրությունը և գոհունակություն հայտնեց Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կրթական, մշակութային և առողջապահական ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նա հատուկ ընդգծեց սիրիահայությանը Ընկերակցության կողմից ցուցաբերած մեծ աջակցությունը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայապահպանությանն ի նպաստ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: