Google Maps-ը Կոլորադոյի կապիտոլիումի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի պարտեզն ավելացրել է իր քարտեզներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/cologooglemaps.jpg)
ԱՄՆ Կոլորադոյի կապիտոլիումի (նահանգային իշխանությունների նստավայր) տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար տեղադրելուց (առաջին նման հուշարձանը՝ Նահանգների կապիտոլիումներում) վեց ամիս անց Google Maps-ը հուշարձանի վերաբերյալ նշում է ավելացրել իր քարտեզներում, հաղորդում է Asbarez-ը:
Հոկտեմբերի 20-ին, Google Maps-ի թիմը տեղեկացրել է խաչքարի հարցերով հանձնաժողովի նախագահ Սիմոն Մաղաքյանին, որ Հայոց ցեղասպանության հիշատակի պարտեզը ավելացվել է քարտեզում: Մաղաքյանը մեծագույն ջանքեր է ներդրել Կոլորադոյի իշխանությունների նստավայրում խաչքարը տեղադրելու համար: Խաչքարը բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերի և «Կոլորադոյի հայեր» կազմակերպության ղեկավարների կողմից:
«Հայոց ցեղասպանության հուշարձանի այգու ներառումը Google Maps-ում կնպաստի այցելուների քանակի ավելացմանը», – նշել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպության նախագահ Սոնա Հեդեշյանը:
Կոլորադոյի կապիտոլիումը, որ տարեկան մոտ 250.000 այցելու է ունենում, մի շարք ուշագրավ իրադարձություններ է հիշատակում իր տարածքում: Կոլորադո նահանգի կողմից Հայոց ցեղապսանությունը վերապրածներին օգնելու մասին հիշատակված է խաչքարին ուղեկցող հուշատախտակում:
Խաչքարն ավելացվել է արդեն գոյություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության հիշատակի պարտեզին, որը հիմվել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպության կողմից 1982 թվականին և նորացվել 2015-ին: Խաչքարի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է (Վարպետ Վարո): Այն միջնադարյան Ջուղայի խաչքարի կրկնօրինակն է, որը ոչնչացվել էր ադրբեջանական բանակի կողմից 2005 թվականի դեկտեմբերին: