«Գագաթը նվաճելուց հետո ստորոտն իջնելը մեծ սխալ կլինի». Մհեր Կարագաշյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով Սփյուռքում տարածաշրջանային հանձնախմբեր ստեղծվեցին:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Կանադայում իրականացված ձեռնարկներն է ամփոփել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Կարագաշյանը: Վերջինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով` Սփյուռքի համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Սկիզբ

Հանձնախմբի աշխատանքները սկսել ենք ծրագրել դեռ 2011 թվականին, մտածելով, թե ինչ պետք է անենք 2015-ին: Այն ժամանակ ամեն ինչ միայն մտքեր էին, գաղափարներ:

2012 թվականին Օտտավայում գտնվող Կանադայի ՀՀ դեսպանատանը մեր անդրանիկ ժողովը գումարեցինք՝ ավանդական կուսակցությունների, երկու մեծ բարեսիրական կազմակերպությունների  (ՀՕՄ և ՀԲԸՄ) ձևաչափով: Նպատակն էր, որ բոլորին ներառենք մեր աշխատանքներում:

Ժողովի ընթացքում շուրջ 45 տարբեր ծրագրեր ուրվագծվեցին, թիրախավորված, տարբեր ոլորտները ներառող՝ քաղաքական, մշակութային, երիտասարդական, էկումենիկ, կրթական և այլն:

Միջոցառումների խորհրդանշական մեկնարկը տրվեց 2013 թվականին Լավալում՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի բացմամբ: Շատ գեղեցիկ հուշակոթող, որը հեղինակել է մեծ արվեստագետ և քանդակագործ Արտո Չաքմաքջյանը:

Այնուհետև մեկ այլ հուշակոթող բացվեց Վանկուվերում. այսպես սկսվեց մեր գործունեությունը:

2014 թվականին մեկնարկեց «100 իր՝ 100-րդ տարելիցին» ծրագիրը: Նպատակն էր հավաքել 100 իր, որոնք «վերապրել» էին  Ցեղասպանությունը: Հույս չունեինք, որ կկարողանանք 100 իր հավաքել, բայց, ի զարմանս մեզ, հնարավոր է, որ թիվն ավելի մեծ լինի: Այս ծրագիրը դեռ դեռ ընթացքի մեջ է և հավանաբար կամփոփենք 2016 թվականին: «Վերապրած» իրերն իրենց պատմությամբ «կամփոփվեն» ինտերնետային թանգարանում: Իսկ այն մարդիկ, որոնք կցանկանան իրենց իրերը նվիրել Ցեղասպանության թանգարանին, կբերենք Հայաստան:

2014 թվականին Մոնրեալի Մակ-Գիլլ համալսարանի սրահում տեղի ունեցավ «Մորինարի» քառյակի համերգը: Օտարներից կազմված այս խումբը շատ հայտնի է Մոնրեալում:

Մեկ ամիս անց Մոնրեալի քաղաքային կենտրոնում  ցուցադրեցինք Պարետ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» ֆիլմը:

Մեր բոլոր նախագծերի սկզբունքը նույնն էր. մեր հիմնական թիրախը պետք է լինի օտարը: Այս է պատճառը, որ մեր միջոցառումների վայրերը պատահական չէին ընտրվել:

Քայլ առ քայլ, մեր ձեռնարկների շղթայի հանգույցները սկսվեցին բացվել:

 Մեր կարևոր նվաճումներից մեկը «Ցեղասպանություն տեսած ժողովուրդների» դաշինք է, որը ստեղծեցինք Մոնրեալում: Այսօր արդեն ցանկանում ենք նմանօրինակ դաշինքներ ստեղծել նաև Տորոնտոյում, Վանկուվերում:

Դաշինքը, որը շատ ակտիվ գործում է Մոնրեալում, իր շուրջն է համախմբում հայերին, հրեաներին, ռուանդացիներին, ուկրաինացիներին:

Դաշինքի անունն արդեն, սկսեց մեր առաջ շատ դռներ բացել: Նախկինում, երբ որպես հայ էինք ներկայանում, այնքան էլ դյուրին չէր, որովհետև միայնակ էինք: Իսկ երբ մի քանի համայնքով ես փորձում որևէ բան նախաձեռնել, սկսում են արդեն քվեները հաշվել:

Դաշինքի առաջին ձեռնարկը Կոնկորդի համալսարանում «Երկինքն ուսումնասիրողները» ֆիլմի ցուցադրությունն էր: Վերջինս նվիրված է «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ դրած Ռաֆայել Լեմկինին: Ֆլմում ներկայացվում է նաև Սողոմոն Թեհլերյանի պատմությունը:

Նոյեմբերին կայացավ մեր հանգանակային ձեռնարկը. բոլորս էլ հասկանում ենք, որ առանց ֆինանսական միջոցների հնարավոր չէ որևէ աշխատանք իրականացնել: Միայն Մոնրեալում 150 հազար դոլար կարողացանք հավաքել, թեև անելիքներն ավելի մեծ գումարներ էին պահանջում:

2015 թվականի հուվարին մեր ծրագրերին միացավ Տորոնտոն, Վանկուվերը: Որոշել էինք ամեն ամիս այս կամ այն քաղաքում կամ միաժամանակ մի քանի քաղաքներում միջոցառումներ իրականացնել:

Դադար ենք վերցրել, հասկանալի պատճառներով, միայն ամռան ամիսներին: Դա էլ մի նոր հնարավորություն էր՝ նոր հանգրվանի նախապատրաստվելու համար:

Կարևոր ամիսները

Մարտին Մոնրեալի, Տորոնտոյի, Վինձորի և այլ քաղաքների համալսարաններում տեղի ունեցան համալսարանական գիտաժողովներ: Բանախոսների շարքում էր նաև թուրք Ֆաթեկ Մուգեգ Քուչեկը, որի թեման հատուցմանն էր նվիրված:

Տարբեր համալսարաններում կազմակերպեցինք նաև Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրությունները:

Բրիթիշ Կոլումբիա համալսարանում մեր ուսանողները «Թեհլերյան-Լեմկին» խորագրով բանաստեղծության մրցույթ էին կազմակերպել:

Տորոնտոյում  «100 տարի» խորագրով ցուցահանդես կազմակերպեցինք:

Մեկնարկը տրվեց «100 ձայներ» ծրագրի. երիտասարդ սերունդը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած նախնիների մասին կամ ասմունքում:

Մեր ձեռնարկների գլխավոր հարթակը Քորնինգ կենտրոնն էր, կենտրոն, որը կրում է Սառա Քորնինգի անունը: Կանադացի բուժքույրը, որն անցյալ դարասկզբին գնաց Իզմիր և 5000 որբերի փրկեց, դարձել է մեր խորհրդանիշը: Այս առիթով մենք դրոշմանիշ ենք պատրաստում, որը կթողարկենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Ուզում ենք Կանադային հիշեցնել այն մարդասիրական քայլի մասին, որը ցուցաբերել է Ցեղասպանություն տեսած ժողովրդի նկատմամբ:

Եթե ամբողջացնենք մարտ ամսին իրականացրած մեր ձեռնարկներն, ապա շեշտը կարելի է դնել ուսանողական գիտաժողովների վրա:

Իհարկե, թուրքերը փորձեցին իրենց ձայնը լսելի դարձնել, բայց չհաջողեցին:

Ապրիլին Մոնրեալի քաղաքապետարանը մեծ միջոցառում կազմակերպեց, որի ժամանակ ելույթ ունեցավ Մոնրեալի քաղաքապետը: Նա բազմաթիվ հյուրերի ներկայությամբ վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Խոստացավ նաև Անմոռուկի պատկերով ծաղիկ զետեղել քաղաքապետարանի առջև: Այդ «ծաղիկն» արդեն մոտ 6 ամիս է անցորդներին «իրազեկում» է Հայոց ցեղասպանության մասին:

Ապրիլի  վերջին շաբաթը կարևոր ձեռնարկները Տորոնտոյում, Մոնրեալում, Օտավայում իրականացվող քայլարշավներն էին: Տորոնտոյում և Մոնրեալում քայլարշավն իրականացավ ոչ միայն Հայկական ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, այլ ուղղված էր բոլոր ցեղասպանությունների դեմ, ցեղասպանությունները կնախարգելող բնույթ էր կրում:

Տորոնտոյի քայլարշավի խորագիրն էր՝ Քայլարշավ միության համար, իսկ Մոնրեալինը՝ Քայլարշավ մարդկության համար: Մասնակցեցին ասորիներ, հույներ, կամբոջացիներ, դերսիմցիներ, հրեաներ:

Օնտարիոյի վարչապետի մասնակցությամբ բացօթյա էկումենիկ մեծ հանդիսություն տեղի ունեցավ, որը նախագահեց Կանադայի կաթոլիկների կարդինալը:

Օտտավայում ապրիլի 24-ը պատմական օր էր. մոտ 10 հազար մարդ էր հավաքել: Նախ խորհրդարանի առջև տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որը խանգարել փորձեցին մոտ 300 թուրքեր, բայց հազարի դեմ հարյուրն ինչ կարող էր անել:

Այդ օրը ընդունվեց մի բանաձև, որի նախապատրաստական աշխատանքները սկսել էինք 2014 թվականի դեկտեմբերին: Նշեմ, սակայն, որ մեզանից առաջ Հայ դատի հանձնախումբն էր բանաձև ներկայացրել, որպեսզի ապրիլի 24-ը Կանադայում հիշատակվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, բայց առաջ չէր գնացել: Վերաշարադրելով բանաձևը` առաջարկեցինք, որ Ապրիլի 24-ը Կանադայում հռչակվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, իսկ ողջ շաբաթը հայտարարվի Ցեղասպանության կանխարգելման շաբաթ: Այս կերպ այլևս հնարավոր չէր մերժել: Եթե կա Հոլոքոստի հիշատակման օր, ինչու չի կարող լինել Հայոց ցեղասպանութան, և ոչ միայն, հիշատակի օր:

Սկսեցինք տեսակցել համայնքի մոտ բարեկամ, այն ժամանակ Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի հետ: Աշխատում էինք երկու ճակատով՝ Հայ դատն իր միջոցներով, հանձնախումբն՝ իր: Ամեն ինչ անում էինք, որ հաջողենք:

Ապրիլի 24-ին բոլոր աստղերը շարվեցին մեկ գծի վրա: Կարծես նախապես գրված սցենար լիներ. մենք քայլեցինք դեպի Խորհրդարան, բանաձևը ներկայացրեց պատգամավոր Բրադ Բաթը, և կես ժամ քննարկումներից հետո, երբ մենք արդեն Թուրքիայի դեսպանատան առաջ էինք, միաձայն ընդունվում է  բանաձևը: Մենք այդ լուրը հաղորդեցինք ժողովրդին, որը ուրախությունից ուղղակի պայթեց: Թուրքերը փորձեցին խանգարել, բայց դարձյալ ապարդյուն: Հաղթական օր էր մեզ համար, որին անդրադարձան բազմաթիվ լրատվամիջոցներ:

Իսկ երեք շաբաթ հետո Սենատը վերահաստատեց ընդունված բանաձևը:

Մայիսին տեղի ունեցավ Մոնրեալի մեծ քայլարշավը, որին 10-12 հազար մարդ մասնակցեց: Քայլարշավին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն և այլ հայտնի հասարակական, քաղաքական դեմքեր:

Քայլարշավը առաջնորդեցին Մոնրեալի և Լավալի քաղաքապետերը:

Անմոռանալի օր էր մեզ համար: Քայլարշավը սկսեցինք Կանադայի ստեղծման 100-ամյակի առիթով Վեսթ Մաունթ քաղաքում տեղադրված հուշակոթողի մոտից: 3-4 կմ ճանապարհ անցնելով՝ հասանք «Արվեստների կենտրոն» անունը կրող հրապարակ, որտեղ ՀՄԸՄ-ի և ՀԲԸՄ-ի սկաուտները Ծիծեռնակաբերդի մանրակերտն էին պատրաստել: «Հուշակոթողին» ծաղիկներ դնելուց հետո` գնացինք «Փլաս դեզ արտի» արվեստների կենտրոնի 1500 հոգիանոց սրահ, որը լեփ լեցուն էր: Միջոցառման ժամանակ իրենց պատգամները հղեցին  Լավալի քաղքապետը, Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ Քրիս Ալեքսանդրը և այլք:

Մայիսին Տորոնտոյում և Մոնրեալում ցուցադրեցինք «Հատում« և «1915» ֆիլմերը:

Կարող եմ ասել, որ սրանք մեր աշխատանքների ու ձեռնարկների բաձրակետերն էին:

Հրատարակություններ

Որպես մնայուն արժեք, հրատարակեցինք «Կանչ Հայաստանից և Կանադայի դերը Հայկական ցեղասպանության մեջ սկսած 1895 թվականից» գիրքը: Ուսումնասիրության ժամանակ կանադական արխիվներում զարմանալի նյութեր գտանք: Այդ գիրքը, որը հնարավոր եղավ կյանքի կոչել Բաստրմաջյան ֆոնդի նվիրատվության շնորհիվ,  Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի ձեռամբ նվիրել ենք Կանադայի Սենատի նախագահին, պաշտպանության նախարարին և այլ պաշտոնյաներին: Հիմա աշխատում ենք գրքի ֆրանսերեն թարգմանության վրա:

Հանձնախումբը նյութական ներդրում ունեցավ երկու այլ հրատարկությունների ևս:

Մակ-Գիլլ համալսարանի Քուինս հրատարակչությունը նպատակ ուներ թարգմանելու Ֆրանսիայում տպագրված երկու լրագրողների «Ցեղասպանության ուրվականը» գիրքը: Սակայն նյութական խնդիրներ ուներ, և մենք օժանդակեցինք: Գիրքը հրատարակվեց մայիսին:
Օժանդակեցինք նաև Հասան Ջեմալի «1915. Հայկական ցեղսպանություն»  գրքի անգլերեն թարգմանությանը:

Հայոց ցեղասպանության մեջ Կանադայի ունեցած դերի մասին երկու գրքույկ էլ հրատարակեցինք Տորոնտոյում: Այժմ նախատեսում ենք գրքի ֆրանսերեն թագմանությունը:

Երկրորդ հանգրվան

Արդեն մտել ենք երկրորդ հանգրվան, որի մեկնարկը լեհ մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ  Պենդերեցկու համերգն էր Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված էր Հայկական ցեղասպանության 100-րդ տարելիցին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին:

Հավելեմ միայն, որ ապրիլի 23-ին նույնքան մեծ համերգ ունեցանք Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի ժամանակ ելույթ ունեցավ ճանաչված երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը, խոսք ասաց Ատոմ Էգոյանը:

Սեպտեմբերին Մակ-Գիլլ համալսարանում տեղի ունեցած համերգի ժամանակ օտար և հայ երգիչների կատարմամբ հնչեցին բոլոր այն կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք Ցեղասպանության վերապրողներ են:

Սեպտեմբերին Տորոնտոյում բացվեց «Հիշողություն» խորագրով ցուցահանդես, որտեղ Կանադայում ապրող հայ արվեստագետները Ցեղասպանության թեմաներով մոտ 60 գործեր (քանդակ, գեղանկար) էին ներկայացրել:

Հոկտեմբերի սկզբին անգլիախոս թատրոնը ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված բեմականացում: Ներկայացման հերոսուհին ռուանդացի է, ով հայկական ցեղասպանության ծալքերն է փնտրում: Պիեսի հեղինակը ծագումով հնդիկ Ռահուլ Բարման է:

Հոկտեմբերին ցուցադրվեց նաև «Գազանը լուսնի վրա» ներկայացումը՝ հայկական «Հայ բեմ» խմբի ներկայացմամբ:

Ավարտ և նոր սկիզբ

Դեկտեմբերին ունենք երկու կարևոր ձեռնարկ, որով և կավարտենք տարին ու կամբողջացնենք մեր ծրագրերը:

Դեկտեմբերի 10-ին Մոնրեալի Հոլոքոստի թանգարանում տեղի կունենա Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքին և մուսալեռցիների պատմությանը առնչվող ցուցահանդես: Մեկ  տարի է աշխատում ենք այս ուղղությամբ: Այնճարից, Ցեղասպանության թանգարանից բավականին լուսանկարներ ենք բերել, մի շարք հետազոտություններ ենք իրականացրել: Ցուցահանդեսի ժամանակ կանցկացվի նաև  կլոր-սեղան, քննարկում, որին մասնակցելու է նաև Յահիր Աուրոնը, որը «Մուսա լեռան 40 օրը» գրքի վերաբերյալ մենագրություն ունի գրված: «Մուսա լեռան 40 օրը գրքի ազդեցությունը հրեական դիմադրության վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ» աշխատության մեջ փշաքաղվելու պատմություններ կան: Ականատեսների վկայությամբ` «Մուսա լեռան 40 օրը» գիրքը հրեաների դիմադրության Ավետարանն է եղել:

Ձեռնարկի ընթացքում ելույթ կունենան նաև Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը, որը մեծ դեր է խաղացել, որպեսզի Ֆրանց Վերֆելի աճյունը տեղափոխվի Ավստրիա և Մոնրեալի Կոնկորդի համալսարանի  Մարդու իրավունքների և Ցեղասպանությունների հետազոտման  հիմնարկության համահիմնադիր Ֆրանս Ջոփը: Ուզում ենք, որ ցուցահանդեսը դառնա նաև քաղաքականացված ձեռնարկ: Հրավերներ ենք ուղարկել Կանադայում Ֆրանսիայի, Ավստրիայի դեսպաններին: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի  վերջը:

Հաջորդ կարևոր միջոցառումը  Հասմիկ Պապյանի և Ավո Կոյումջյանի համատեղ համերգն է, որը կայանալու է դեկտեմբերի 19ին:

Դեկտեմբերին պաշտոնապես պետք է ավարտվի հանձնաժողովի գործունեությունը: Իհարկե, մի շարք ձեռնարկներ կան, որոնք շարունակելու ենք 2016 թվականին:

Որպես ամփոփում՝ ինչ հնարավոր եղավ հաջողել հանձնախմբի ձեռնարկների շնորհիվ

Կանադայում չմնաց որևէ վայր, թերթ, հեռուստակայան, որը չանդադարձավ մեր ձեռնարկներին:

Ապրիլ ամսին ամենուր էինք: Նախկինում, երբ ապրիլի 24-ին ցույց էինք կազմակերպում, մենք էինք զանգահարում և ԶԼՄ-ներին խնդրում, որ գան ու լուսաբանեն. շատ հաճախ չէին էլ գալիս: Այս տարի իրենք սկսեցին մեզ փնտրել և նյութեր պատրաստել:

Սա ինքնին մեծ հաջողություն է, որի արձագանքները լսվեցին ոչ միայն Կանադայում, այլև նրա սահմաններից դուրս:

Կանադայում մենք երեք վերապրող ունենք՝ 102, 104 և 106 տարեկան մամիկներ, որոնք հայտնվեցին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բոլորը ցանկանում էին նրանց նկարահանել: Մենք նրանց մասին հատուկ տեսաֆիլմեր ենք պատրաստել:

Մեր հանձնախմբի անդամներից մեկը հոդված գրեց, որը արտատպվեց «The guardian» պարբերականում: Այդ հրապարակման շնորհիվ հիմա այլ լրագրողներ և լրատվամիջոցներ են հետաքրքրվում Հայոց ցեղասպանությամբ: Այս ամենը շղթայի օղակներ են, որոնք հաջորդեցին մեկը մյուսին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Երկրորդի հայտարարությունը ամեն ինչ արագացրեց, դրեց խոշորացույցի տակ: Մենք գնում էինք մեր ճանապարհով, բայց Հռոմի պապի հայտարարությունը, Էրդողանի գործելաոճը մեր լավագույն դաշնակիցները դարձան:

Մենք Կանադայում շառաչյուն ապտակ հասցրեցինք թուրք համայնքին, որն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել մեր ձեռնարկները:

Մեր ժողովրդի մեջ կարողացանք բեկում մտցնել: Որ վերջ, ճանաչման գործընթացը վերջացավ, պետք է անցնենք հատուցման խնդրին:

Ակամայից Կանադայում դարձանք ցեղասպանություն տեսած ժողովուրդների առաջնորդը: Մեզ նայում են  հարգանքով և ակնկալությամբ, որովհետև ուժ տեսան, կազմակերպ ուժ: Նույնիսկ հրեա համայնքը, որը շատ կազմակերպված է, հզոր, ավելի վաղ է հաստատվել Կանադայում, մեզ իբրև դաշնակից է նայում, որովհետև տեսավ, որ եթե ցանկանանք, շատ բան կկարողանանք անել:

Կիրառեցինք նաև մի նոր «զենք», որի առաջին արձագանքը եղավ Ապրիլի 24-ին: Երբ Թուրքիան շարունակում է ժխտողական քայլերն ու ասում, որ Հայկական ցեղասպանություն չի եղել, իսկ դու պատասխանում ես, որ դու երեք ազգերի՝ ասորիների, հայերի, պոնտացի հույների ցեղասպանություն ես իրագործել, որն ուղղված էր քրիստոնյաների կամ փոքրամասնությունների դեմ և նպատակը նրանց թրքացնելն էր, ավելի դժվար է այս մոտեցումը ժխտելը:

Այս մոտեցումն ինքնին շատ հզոր զենք է: Եվ չպետք է կանգ առնենք:

Բոլոր այս ձեռնարկները նվաճումներ են, որոնք կարելի է շոշափելի համարել: Ամենից կարևորը, սակայն, այն է, որ պետք է պահենք այս ամենը, հետ քայլ չանենք: Գագաթը նվաճելուց հետո ստորոտն իջնելը մեծ սխալ կլինի:

Լուսինե Աբրահամյան

եթր-նախարար- վահանակերթ Անմոռուկհամերգնախարարհամերգ-ցուցահանդեսցույց- կարգվերաապրող

Scroll Up