«Ո՞վ սպանեց հայերին». Հարցազրույց ֆիլմի համահեղինակ Մարիամ Զաքիի հետ

«Ո՞վ սպանեց հայերին». Հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն առաջին վավերագրական ֆիլմն է, որտեղ ներկայացվում են բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ֆիլմի հեղինակներն են եգիպտացի ամուսիններ Մուհամեդ Հանաֆին և Մարիամ Զաքին: «Հայերն այսօրը» զրուցել է վերջինիս հետ և որոշ մանրամասնություններ պարզել ֆիլմի մասին:

Հավելենք, որ նոյեմբերի 8-ին Կահիրեում տեղի է ունեցել ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

– Մարիա´մ, Ձեր և Ձեր ամուսնու հեղինակած «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը Հայոց ցեղասպանությանը նվիրված արաբերեն առաջին վավերագրական ֆիլմն է: Ի՞նչը Ձեզ մղեց նման ֆիլմ նկարահանել:

– Հայոց ցեղասպանության փաստին առնչվեցի այն ժամանակ, երբ ուսանում էի քոլեջում և պատմության դասախոսն ինձ առաջարկեց այդ մասին կուրսային աշխատանք գրել: Ես չգրեցի. պատճառը գուցե երիտասարդական եսասիրությունն էր կամ աշխարհայացքը, որը շատերն են ունենում այդ տարիքում:

«Արաբական գարնան» շնորհիվ ես հասկացա պատմական դեպքերի փոխկապակցվածությունը ոչ միայն իմ երկրի, այլև իմ անձի հետ: «Արաբական գարունը» միայն Արաբական աշխարհի «գարունը» չէ, այն շատերիս ստիպեց վերանայելու մեր աշխարհայացքն ու պատմությունը, քաջություն ունենալու առերեսվելու սեփական սխալների հետ և ընտրելու ճիշտ ուղի: Այն ինքնադատողություն առաջացրեց մի երևույթի մասին, որը տեղի էր ունեցել շատ վաղուց:

Տեղյակ եք, որ Եգիպտոսը կիսաինքնավար երկիր էր դեռ Օսմանյան ժամանակաշրջանից: Հետևաբար շատ դեպքեր տեղ չեն գտել ժամանակակից պատմական գրքերում: Եգիպտոսն  իր ուրույն դեմքն ունեցավ միայն 1952 թվականին:

Ուսումնասիրելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ ես հնարավորություն ունեցա վերագնահատելու Օսմանյան կայսրության դերը Արաբական  երկրներում և նոր ընկալմամբ զուգահեռներ անցկացնել ներկա ժամանակների հետ: Եվ այսպես, Հայոց ցեղասպանությունը հասկանալը մի  նոր լույս է սփռում «Արաբական գարնան» վրա: Ժամանակն է, որ մարդիկ և Արաբական աշխարհը սթափվեն: Հուսով եմ, որ նոր միջոցներ կձեռնարկեն անցած ուղին շտկելու համար:

Սա էր մեր սկզբնական նպատակը՝ ուսումնասիրել խնդիրը և ֆիլմ նկարահանել՝ արաբ հանդիսատեսին ներկայացնելով պատմա-վավերագրական փաստեր պատմական իրականության մասին, ինչը պետք է  ճանաչվի և ընդունվի խիզախությամբ:

Ինչ վերաբերում է ինձ և Մուհամեդին, ապա մղիչ ուժը մարդկային գործոնն էր, որը և պարտավորեցրեց մեզ անելու նմանօրինակ քայլ: Մենք երազում ենք մի այնպիսի աշխարհի մասին, որտեղ միջազգային քաղաքականությունը կարտացոլի մեր բարոյական արժեքները և եգիպտացիների արժեքները: Եգիպտոսում մենք բոլորս ատում ենք  բռնությունը և արյունահեղությունը, անարդարությունը և խաբեությունը, և ենթագիտակցորեն փորձում ենք միավորել աստվածայինը: Եվ Հայոց ցեղասպանության փաստը, որն այսքան ժամանակ չի բարձրաձայնվել, անընդունելի է մեզ համար:

– Որոշ մանրամասնություններ կպատմե՞ք ֆիլմի մասին:

– Ֆիլմում փաստերով ներկայացվում է Հայոց ցեղասպանության ամբողջական պատմությունը, ինչն այս ձևաչափով առաջին անգամ է հանձնվում արաբ հանդիսատեսի դատին: Մեր կարծիքով, պատմությունը պետք է բացահայտվի, պետք է խոսվի այդ մասին: Եվ ամբողջական պատմությունը, ոչ թե առանձին դեպքեր, իրադարձություներ:

Պետք է ընդունեմ, որ ֆիլմի յուրաքանչյուր հատված ինքնին մի ֆիլմ է: Նախապես ֆիլմի տևողությունը 2 ժամ էր, բայց ստիպված էինք կրճատել: Շատ վիճելի աշխատանք էր, քանի որ ֆիլմում հնչած բոլոր գաղափարներն ու տեսանկյունները կապված էին միմյանց հետ,  և որևէ բան կրճատելը շատ դժվար էր:

Բոլորին առաջարկում եմ նայելու ֆիլմի վերջնական տարբերակը: Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցություն ենք ունեցել նման գործում և հուսով ենք, որ հանդիսատեսը կգնահատի այն:

– Ֆիլմը նկարահանելու ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել, և ո՞վ աջակցեց հաղթահարելու դրանք:

– Մենք շատ դժվարություններ ունեցանք, բայց ոչ մի դժվարություն մեզ չկանգնեցրեց: Սովորականից մի քիչ երկար տևեց աշխատանքը, քանի որ ես և Մուհամեդն այդ ընթացքում շաբաթը 5 օր ուղիղ եթերով հաղորդում էինք պատրաստում:

Լեզվին չտիրապետելը (հայերենին-ՀԱ) նույնպես խոչընդոտում էր աշխատանքի ընթացքը: Հարցազրույցներից հետո սպասում էինք մինչ կթարգմանվի նյութը, ինչը նույնպես շատ ժամանակ էր խլում մեզանից:

Պետք է նշեմ, որ Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը, որը ուղեկցում էր մեզ,  և մեր հայաստանյան ընկերները շատ համբերատար էին և օժանդակում էին աշխատանքի սահուն ընթացքին, որոնց շնորհիվ յուրաքանչյուր դժվարություն թվացյալ էր դառնում: Մեզ համար անչափ հաճելի էր աշխատել նման ջերմ մթնոլորտում:

Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր հայերին, ովքեր օժանդակեցին մեզ գործի յուրաքանչյուր փուլում: Ես միշտ դա կգնահատեմ և երբեք չեմ մոռանա:

– Ինչպիսի՞ ճակատագիր եք կանխատեսում ֆիլմի համար և ինչ հաջողություններ եք ակնկալում:

– Մենք մեծ հույսեր ենք կապում այս ֆիլմի հետ:  Եվ ես, անկեղծորեն, երազում եմ, որ այն հասանելի լինի որքան հնարավոր է շատ մարդկանց: Ես հավատում եմ խոսքի ուժին, արարքների անկեղծությանն ու զգացմունքներին:  Վերջիններս փոփոխություններ կատարելու մոգական ուժ ունեն:

Ուղարկեք Ձեր մտքերը տիեզերք և թող դրանք ի կատար ածվեն ու տարածվեն: Այս է պատճառը, որ մենք աշխատում ենք մեր ենթագիտակցության և բարոյական արժեքների վրա, որպեսզի կարողանանք ավելի լավ վայր ստեղծել մեր երեխաների համար:Սա շատ մեծ պատասխանատվություն է, երբ գիտակցում ես, թե իրականում ինչ է այն նշանակում:

Աստված օրհնի բոլորիդ, և շատ շնորհակալ ենք այս հնարավորությունը ընձեռելու համար:

Scroll Up