«Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին ազգային տոն պարգևեցինք».հայ արվեստագետներ

Հոկտեմբերի 15-19-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ և Կեմերովո քաղաքներում համերգներ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, երգչուհի Անահիտ Սահակյանը, դուդուկահարներ Հարություն Չքոլյանը և Դավիթ Մելքումյանը:

 Համերգային շրջագայությունների մասին «Հայերն այսօրը» զրուցել է Ռուբեն Սահակյանի և Անահիտ Սահակյանի հետ:

-Մինչ անդրադառնալը համերգներին, կուզեի իմանալ՝ Ձեր արտերկրյա համերգների առաջի՞ն  համագործակցությունն  էր  ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

Անահիտ Սահակյան-Այո՛, բոլորիս առաջին համագործակցությունն էր, չնայած որ  մեր ելույթներով պարբերաբար մասնակցում ենք Սփյուռքի նախարարության միջոցառումներին: Ստանալով հրավերը՝ պատասխանատվության զգացումով լցվեցինք.հուզումն ու ուրախությունը միահյուսվել էին, որ օտարության մեջ ապրող հայերի առջև ելույթ էինք ունենալու: Մեկնելուց առաջ նախ հանդիպեցինք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

 Զրուցելով նախարարի հետ՝ զգացինք նրա սրտացավ վերաբերմունքը սփյուռքահայերի նկատմամբ: Տիկին Հակոբյանի հորդորն էր՝ մեր հայրենակիցներին փոխանցել  ազգային  շունչն ու ոգին: Այդպես էլ եղավ:

– Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել ռուսաստանյան շրջագայություններից:

Անահիտ Սահակյան-Հայաշատ այնպիսի տարածաշրջաններ էին ընտրվել, որտեղ ազգային-մշակութային  նման միջոցառումներ քիչ են կազմակերպվում:

Առաջին համերգը տեղի ունեցավ Նովոսիբիրսկում, որից անմիջապես հետո մեկնեցինք Կեմերովո: Առանց չափազանցության ասենք, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին ազգային տոն պարգևեցինք՝ արժանանալով նրանց ջերմ ընդունելությանն ու ծափողջյուններին: Ելույթների ընթացքում նրանց կարոտաբաղձ սիրտն ու հոգին շոյեցինք:

Պետք է տեսնեիք, թե ռուսները, ուկրաինացիները և մյուս ազգերի ներկայացուցինչներն ի՜նչ ուրախությամբ էին հաղորդակցվում մեզ հետ և վայելում կատարումները.նրանք ևս հանդիսատեսի շարքում էին:

Համերգից հետո սրտի թրթիռով մոտենում էին և ասում, որ թեև բառերը չէին հասկանում, սակայն շատ էին սիրել հայկական երգերը, նույնիսկ իրենց հոգեհարազատ  էին դարձել:

Ռուբեն Սահակյան-Համերգներն, իրոք, հրաշալի անցան: Կազմակերպչականն հարցերի հետ կապված ոչ մի խնդրի առջև չկանգնեցինք.ամեն բան ճշգրիտ էր մտածված, որպեսզի մեզ հանգիստ զգայինք:

Իսկ երգացանկում ընդգրկված էին հայրենասիրական բնույթի տարբեր ժանրերի երգեր: Իմ և Անահիտի ելույթներին հաջորդում էին դուդուկահարների կատարումները, որից դահլիճն ավելի էր հայկական մթնոլորտով լցվում:

  Ի դեպ, երիտասարդ դուդուկահարներ Հարություն Չքոլյանն ու Դավիթ Մելքումյանը  գրագետ կատարումներով հանդես եկան, պատրաստված էին շատ:

Համերգային բոլոր օրերը «Բարո՜վ եկար, սիրուն կռու՛նկ» երգով եմ սկսել՝ հուզելով հանդիսատեսին: Նրանք հոտնկայս ինձ հետ երգում էին «Հայաստա՛ն, երկիր դրախտավայր» երգը և խնդրում նորից կատարել այդ ստեղծագործությունը: Նաև հեղինակային կատարումներով ներկայացա:

Կեմերովո քաղաքի համերգին հրավիրված էին տարբեր ազգերի համայնքների ղեկավարներ, մշակութային գործիչներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում հայկական երգերը: Հյուրերի ներկայությունը դահլիճում հնարավորություն  տվեց՝ ցույց տալու մեր մշակութային հարստություններից երգ-երաժշտությունը:

  -Ռուսաստանաբնակ հայերի մոտ հայկական երգարվեստի հանդեպ սերը պահպանվա՞ծ է, ի՞նչ նկատեցիք այս առումով:

Անահիտ Սահակյան-Համերգի ամբողջ ընթացքում ոգևորված ձայնակցում էին մեզ, որից արցունքերը խեղդում էին կոկորդս: Նրանց աչքերում կարոտ զգացի, իսկ հոգիներում՝ հայրենասիրություն:

Հպարտությունս աննկարագրելի էր, երբ տեսնում էի, թե ինչպես էին երեխաներն ու երիտասարդները կատարումների ժամանակ խանդավառված բեմում անդադար պարում, նույնիսկ երեխաներից մեկը մոտեցավ ինձ և խնդրեց Հայաստանին նվիրված բանաստեղծությունն արտասանել, իսկ ես սիրահոժար համաձայնեցի:

Կեմերովոյում իրենց գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան նաև տեղի տաղանդաշատ  անհատ կատարողները և  «Ուրարտու» պարային համույթը:

Այս ամենից ելնելով՝ ասեմ, որ ռուսաստանաբնակ հայերը փորձում են հավատարիմ մնալ իրենց արմատներին և ինքնությանը՝թեկուզ հայկական երգերին առնչվելու միջոցով:

-Նովոսիբիրսկի և Կեմերովոյի հայ համայնքների հետ հանդիպումներ ունեցա՞ք:

Անահիտ Սահակյան-Մեզ չհաջողվեց հանդիպել Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավարների՝ Արթուր և Ֆրունզ Խաչատրյանների հետ, քանի որ այդ ժամանակ Հայաստանում էին գտնվում: Սակայն չենք կասկածում, որ նրանք ամեն ջանք գործադրում են համայնքը ծաղկուն պահելու ուղղությամբ:

Կեմերովոյի հայ համայնքից տպավորությունները մեծ են.գործուն, աշխույժ համայնք է: Համայնքի ղեկավար Արգիշտի Սիմոնյանի քրտնաջան աշխատանքի շնորհիվ Կեմերովայի հայերի իրավունքներն ու շահերը պաշտպանված են:

Հանդիպելով պարոն Սիմոնյանին՝ հասկացանք, որ հայրենասեր, արժանապատիվ և համայնքի համար սրտացավ մարդ է:Վերջում նրա նախաձեռնությամբ մեզ շնորհակալագրեր հանձնեցին, որի համար շոյված ենք շատ:

 -Իսկ հայկական այլ վայրեր այցելեցի՞ք:

Ռուբեն Սահակյան-Ժամանակի սղության պատճառով քիչ վայրերում հասցրեցինք լինել: Եղանք Կեմերովոյի հայ-ռուսական մշակութային կենտրոնում, ծանոթացանք կենտրոնի գործունեությանը, ապա հայկական եկեղեցի այցելեցինք:

Ջերմ զրույցներ ունեցանք մեր հայրենակիցների հետ, ովքեր կազմակերպված, սրտաբաց մարդիկ են: Լուռ աշխատում են՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

 IMG_1118IMG_1140 IMG_7967IMG_7995 IMG_8020IMG_1185IMG_80205471ջթaaaaa

Scroll Up