ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ֆրանսահայ բժիշկներ Միշել Շահինյանին և Ժորժ Աբուլյանին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հայ բժիշկների միության (UMAF) նախագահ Միշել Շահինյանին և փոխնախագահ Ժորժ Աբուլյանին:

Ֆրանսիայի Հայ բժիշկների միությունը, որին անդամակցում է մոտ 4 հարյուր բժիշկ, մաս է կազմում Հայ բժիշկների համաշխարհային միությանը:

Կազմակերպությունը Հայաստանում մեծ աշխատանք է իրականացրել հատկապես 1988-ի ահեղ երկրաշարժից հետո՝ տասնյակ մասնագետներ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ ուղարկելով աղետի գոտի: Այնուհետև աջակցություն է իրականացվել նաև Լեռնային Ղարաբաղի առողջապահական հաստատություններին: UMAF-ի ջանքերով Երևանի Էրեբունու հիվանդանոցը և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը համալրվել են բժշկական ժամանակակից սարքավորումներով:

 Հանդիպման ընթացքում հյուրերը նախարար Հրանուշ Հակոբյանին տեղեկացրեցին, որ ծրագրում են Հայաստանի հետ կապերն ավելի գործուն դարձնել: Արդեն իսկ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ և հոկտեմբերի 21-ին Սպիտակում բացելու են ատամնաբուժական կենտրոն, որը կահավորված կլինի ժամանակակից սարքավորումներով:

 Ողջունելով ֆրանսահայ բժիշկների նախաձեռնությունը՝ Հրանուշ Հակոբյանը դրվատանքի խոսքեր ուղղեց Միշել Շահինյանին, Ժորժ Աբուլյանին և բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Հայաստանի ժողովրդի առողջության պահպանմամբ և առողջապահական  ոլորտի զարգացմամբ:

a-2

Scroll Up