Արսեն Գրիգորյան.«Վաղեմի երազանքս իրականություն դարձավ»

Սեպտեմբերի 28-ին «Գաֆէսճեան» կենտրոնի քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Գութան 2015» Հայաստանի ազգագրական երգիպարի ամենամյա փառատոնը:

Այս մասին «Հայերն այսօրը» զրուցել է փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայազգային երգարվեստի  կենտրոնի  նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրրո) հետ:

Արսե՛ն, ի՞նչ ասել է «Գութան» ազգագրական երգիպարի փառատոն:

-Տարիներ շարունակ երազել եմ մի այնպիսի փառատոն ստեղծել, որը կհամախմբի մեր բոլոր լավագուն ազգագրական, ավանդական խմբերին:

Փառատոնի նպատակն է պահել-պահպանել մեր հարուստ մշակույթը՝ ազգագրական, ավանդական  երգն ու պարը,   այն փոխանցել մեր ժողովրդին, հատկապես մատաղ սերնդին:

Վերանկախացած Հայաստանի Հանրապետության ստեղծումից ի վեր նման նախաձեռնությամբ  դեռ ոչ ոք հանդես չէր եկել: «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնն առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի, որին մասնակցել են ազգագրական կայացած և սկսնակ 11 խմբեր. նախ խմբերի ղեկավարներին ներկայացրեցի մտահղացումս, որը ոգևորությամբ ընդունվեց նրանց կողմից:

Ինչու՞ «Գութան»:

-Երկար չեմ տատանվել անվան ընտրության հարցում: Ընտրեցի «Գութան» անվանումը, քանի որ այն անմիջական կապ ունի հայի ծագման ու տեսակի հետ. մենք արարող, կերտող, քարից հաց «քամող» ազգ ենք: Ինչպես նաև, այն երկրի ու երկնքի միջև հոգևոր կապն է խորհրդանշում: Ուստի կարծում եմ՝ «Գութան»-ի  նման ձևաչափով փառատոնի համար նախընտրելի և համահունչ  անվանում է:

Այս տարի փառատոնում  փոփոխություններ կատա՞րվել են:

– Իհարկե, որոշակի ծրագրային փոփոխություններ տեղ գտան փառատոնում: Նախորդ տարվա համեմատ՝ երկուսով շատ է մասնակից երգի-պարի խմբերի թիվը՝ հասնելով տասներեքի:  Այս տարի մասնակցեցին «Ակունք», «Մարաթուկ»,  «Կարին», «Սասնա ծռեր», «Մշո հավքեր»,(Գավառ), «Տարոնցիներ»,  «Նուբար»,  «Վան»,  «Մենք ենք մեր սարերը» (Արցախ),  «Գորանի», «Մասունք»,  «Վերադարձ», «Տավրոս» (Մասիս) խմբերը:

Եթե անցյալ տարի խմբերին ելույթի համար քսան րոպե էր տրամադրվում, ապա այս տարի` տասներկու րոպե:

Ամբողջական Հայաստանի էթնիկ երաժշտության պատկերը ստեղծելու նպատակով՝ խմբերին հանձնարարել էի որևէ գավառի  երգերն ու պարերը ներկայացնել: Օրինակ՝ «Ակունքը»-ը ներկայացրեց Դերսիմը, «Կարին» համույթը՝ Էրզրումը, «Մասունք»-ը՝ Ջավախքը և այդպես շարունակ:

Մեր գործունեությունը նաև ուսուցողական բնույթ է կրում, քանի որ փորձում ենք հասարակությանը գեղագիտական հաճույք պարգևելուց բացի՝ նրանց ճանաչելի և հաղորդակից դարձնել  ամբողջական Հայաստանի գավառների պատմությանը:

Փառատոնի ընթացքում արդեն ավանդույթ է ձևավորվել փոքրիկ տեսաֆիլմերի միջոցով ներկայացնելու հայ ազգագրության երախտավորների կյանքն ու անցած ուղին, ստեղծագործությունները, ովքեր կարևոր ավանդ ու ներդրում են ունեցել հայ ազգային մշակույթի պահպանման, տարածման գործում: Պետք է բոլորը քաջատեղյակ լինեն նրանց մասին:

Հնարավորության սահմաններում նպատակ ունենք «Գութան»-ը կյանքի կոչել նաև մարզերում… Առաջ Աստված:

Արսե՛ն, փառատոնը տեղի ունեցավ Երևանի սրտում՝ Կասկադում: Ինչո՞վ էր պայմանավորված վայրի ընտրությունը:

-Ընտրությունը պատահական չէր: Ի սկզբանե մտածել էի այնպիսի վայր ընտրել, որը և՛ մեր քաղաքացիների, և՛ զբոսաշրջիկների համար հասու կլիներ: Եվ չսխալվեցինք. փառատոնին Կասկադը լեփ-լեցուն էր: Ի ուրախություն մեզ, հանդիսատեսի շարքում մեծ թվով սփյուռքահայեր կային,  որոնք մեծ ոգևորությամբ փառատոնի ողջ ընթացքում հայտնում էին իրենց հիացմունքն ու շնորհակալությունը, որ ականատեսն են դարձել իսկական ազգագրական տոնախմբության: Նրանց շարքերում հատկապես նկատելի էին մուսալեռցիները:

Ասեմ, որ հավուր պատշաճի էր կազմակերպվել «Գութան 2015»-ը: Ձայնային, լուսային էֆեկտները և բեմի դիզայներական լուծումները վստահվել էր «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնին, որի կատարած աշխատանքը պարզապես հիանալի էր:

Այս տարի մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանում և Սփյուռքում իրականացվում են տարբեր ձեռնարկներ: «Գութան» փառատոնն այս ուղղությամբ ի՞նչ ասելիք ուներ:

-Փառատոնը նվիրվում և հարգանքի տուրք էր Հայոց ցեղասպանությանը։ Թեև իրականում մենք թվերի կամ տարեթվերի չենք սպասում:Մեր ամբողջ գործունեությունն իբրև երդում ենք իրականացնում մեր Սուրբ նահատակների առջև՝շարունակելու նրանց գործը՝ ինքնազոհողություն հանուն ազգի հարատևմանը:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

g1g2g3g4

Scroll Up