Եսայի Հավաթյան.«Այնճարում երբեք մեզ օտար հողի վրա չենք զգում»

«Հայերն այսօրի» զրուցակիցը Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանն է:

Այնճարում ծնված և հասակ առած Եսայի Հավաթյանն ավարտել է Ամերիկյան համալսարանի գյուղատնտեսության բաժինը:

Զբաղվել է նաև  մանկավարժությամբ և ազգային գործունեությամբ,թղթակցել է «Ազդակ» օրաթերթին: Մուսա լեռան մասին ուսումնասիրությունների և հոդվածների հեղինակ է:

-Պարո՛ն Հավաթյան, կներկայացնե՞ք Այնճարի հիմնադրման պատմությունը:

-Այնճարն արաբերեն բառ է, որը նշանակում է հոսող աղբյուր: Այնճարն ունեցել է հոսող աղբյուր, դրա համար էլ այդ շրջանն այդպես են անվանել:

Ֆրանսիացիների օրոք հիմնված գյուղը նախ կրել է Մուսալեռ-Այնճար անունը, որն արաբերեն անվանել են Հաուշ Մուսա–Այնճար։

Այնճարը հիմնվել է 1939 թվականին: Ինչպես ասում էր մուսալեռցի գրող Էդվարդ Բոյաջյանը, շատ վատ պայմաններում ստեղծվեց Այնճարը՝ համաշխարհային պատերազմի նախօրեին:

Ամբողջ տարածքը ճահիճ և անապատ էր: Պատկերացրեք՝ այդ պայմաններում մուսալեռցիներն այնտեղ վրանների տակ են ապրել: Դժբախտաբար, ճահիճներից նրանք վարակիչ հիվանդություններ են ստացել։ 1915-ի Մուսալեռան հերոսամարտին մուսալեռցիները 18 նահատակ են տվել:

Միայն Այնճարի հիմնադրության օրերին զոհ են գնացել մեծաթիվ գաղթականներ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 800-1000 հոգու:

 Սակայն, այս դժոխային պայմաններում այնճարցիները չեն ընկճվել և շարունակել են համառ պայքարի միջոցով ոտքի կանգնել:

Նրանք անմարդաբնակ վայրը բնակելի դարձրեցին, խնձորի այգիներ տնկեցին։ Առաջին տարիները բնակչության համար դաժան եղավ, մինչև օգնության հասավ ֆրանսիական կառավարությունը:

Նյութական օժանդակությամբ կառուցվեցին 1065 մեկ սենյականոց բնակարաններ, որոնք շատ փոքր էին: Դրանք կոչվում էին  ֆրանսիական տներ: Բնակարանների շինարարությունը հանձն առան հենց մուսալեռցիները:

Գյուղում կառուցվեցին աղբյուրներ, որոնք բնակչության համար սպեղանի եղան.տներում, բնավ, ջուր չկար։

-Իսկ Այնճարի հետագա ճակատագիրն ինչպե՞ս դասավորվեց:

-Մինչև հարցին կպատասխանեմ, տեղեկացնեմ, որ Այնճար գյուղի հիմնադիրը Մովսես Տեր-Գալստյանն է: Նա էր, որ հողը գնելու հարցում բանակցել է ֆրանսիացիների հետ:

Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ 1946-1947 թվականներին  մուսալեռցիների 66% Հայաստան գաղթեց, որից հետո Այնճարում շուրջ 1300 հոգի մնացին:

Մնացած մարդիկ տեղափոխվեցին գյուղի կենտրոն. Այնճարը գրեթե դատարկվեց։

Մնացած մյուս մուսալեռցիները, հասկանալով, որ այլևս չեն կարող Մուսալեռ վերադառնալ, Այնճարում խնձորի այգիներ տնկեցին և սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ: Այդպիսով, Այնճարը Լիբանանի համար դարձավ խնձորի մշակման շատ կարևոր և հայտնի կենտրոն:

1956թ-ից հետո, երբ դադարեցին պաղեստինցիների ոտնձգությունները, Այնճարը վերականգնվեց և ստացավ իր նախկին տեսքը:

Զարթոնք ապրեց գյուղը. կենցաղային պայմանները բարեփոխվեցին, զարկ տրվեց շինարարությանը, իսկ գյուղատնտեսությունը զարգացավ։

Մի խոսքով՝ Այնճարը դարձավ հայության որոշ շերտի ապահով անկյունը։ Լիբանանյան պատերազմի ժամանակ հազարավոր հայ գաղթականներ ապաստանեցին Այնճարում։ 1991թվականին Այնճարի համար եղավ նոր ծաղկումի շրջան:

Վերջերս Այնճար այցելած Արամ Առաջինը, տեսնելով վերջին 4-5 տարիների զարգացումը, ասաց,-«Այնճարն այլեւս գյուղ չէ, գյուղաքաղաք էլ  չէ, Այնճարն այլևս քաղաք է»։

Այսօր Այնճարում ամենօրյա հսկողություն է իրականցվում, պաշտպանում ենք մեր քաղաքը, քանի որ չգիտենք, թե մեզ հետ ամեն վայրկյան ինչ կպատահի:

 -Պարո՛ն Հավաթյան,  Այնճարում  հայկական շունչն ու ոգին պահպանվու՞մ է:

-Այնճարում երբեք օտարություն չենք զգում: Այնտեղ հայկականությունը պահպանելու համար ամեն ինչ արվում է, հատկապես՝  երիտասարդների շրջանակում:

Ապրում ենք մի վայրում, որտեղ ամբողջությամբ հայեր են բնակվում և հայախոս են, իսկ Մուսա լեռան բարբառը գործածության մեջ է:

Միշտ աչքի ենք ընկնում մեր համայնքային ջերմ հարաբերությամբ: Թե՛ ուրախության, թե՛ տխրության առիթներով համախմբված՝ իրար կողքի ենք կանգնած:

Իսկ պետական և ազգային տոներն, ըստ ավանդույթի, պարտադիր նշում ենք:

Վստահ եմ, որ մեր համերաշխ համայնքային կյանքը շարունակվելու է երկար տարիներ:

Գործում են երեք՝ Ավետարանական, Առաքելական և Կաթողիկե եկեղեցիներն ու դպրոցները, որտեղ սովորում է ավելի, քան 500 աշակերտ:

Դպրոցներում մի շարք առարկաների կողքին պարտադիր ուսուցանվում է հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները:

Հարկ է նշել, որ Այնճարն այնպիսի ճանաչված և նշանավոր մարդիկ ունի, ովքեր ազգային, կրթական կյանքի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել: Նրանք  են Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Ապա Պողիկյանը և այլոք:

Նրանք,ապրելով աշխարհի տարբեր երկրներում, կապը մեզ հետ երբեք չեն կտրում:

Այնճարը նաև իր Սփյուռքն ունի. մուսալեռցիների մի ստվար զանգված հեռացել, հաստատվել է  Ամերիկայի և Եվրոպայի տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանում:

Այնճարի համար այժմ խնդիրն այնն է, որ արտագաղթի պատճառով բնակչության թիվը չի աճում: Երիտասարդներ ը աշխատանք գտնելու, ուսում ստանալու համար բնակություն են հաստատում Բեյրութում և աշխարհի այլ երկրներում:

 -Իսկ այժմ այլ  խնդիրներ կա՞ն Այնճարում, որոնք խանգարում են բնականոն հունով ապրել:

– Վերջին տարիներին Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակն, անշուշտ, իր ազդեցությունն ունեցավ Այնճարի վրա: Մեզ մոտ ևս լսվում են ռումբի ձայները: Դեպի Դամասկոս տանող ճանապարհը փակ է, և չենք կարողանում արտահանել  Այնճարի ապրանքները: Ուստի, սա  տնտեսության անկման մեծ հարված էր, տուժեցինք շատ:

Հրատապ լուծելի խնդիրներից է աշխատավայրերի պակասը, որի պատճառով ևս երիտասարդները լքում են  Այնճարը:

-Պարո՛ն Հավաթյան, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներն ինչպե՞ս անցան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումներին կենտրոնական մարմնի  հայրենակցական  բոլոր միություններով սկսեցինք պատրաստվել դեռևս 2010 թվականից:

 Ուրախությամբ պետք է ասեմ, որ նախաձեռնած բոլոր ծրագրեը հավուր պատշաճի իրականացրեցինք:

Կենտրոնական մարմնի անդամներով քննարկումների արդյունքում որոշեցին, որ միջոցառումները պետք է տեղի ունենան հերոսամարտի օրերին՝ հուլիսի 31–ից մինչև սեպտեմբերի 13-ը: Միայն Լիբանանում 18 ձեռնարկ կազմակերպեցինք՝ յուրաքանչյուրը նվիրելով մեկ նահատակի:

Որոշվեց նաև, որ եզրափակիչ հանդիսությունները Հայաստանում է տեղի ունենալու: Ուստի կոչ արվեց աշխարհով մեկ սփռված մուսալեռցիներին միանալ հայաստանյան միջոցառումներին: Միայն մեր շրջանից 66 ուխտավոր մուսալեռցիներ եկան Հայաստան: Իսկ այլ երկրներից շուրջ 200 մուսալեռցիներ արձագանքեցին մեր կոչին. նույնիսկ Թուրքիայի Վագըվ գյուղից էին մուսալեռցիներ եկել:

Միջոցառումները տևեցին  սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը:

 -Քայլարշավը կազմակերպելու գաղափարն ու՞մն էր պատկանում, պարո՛ն Հավաթյան:

-Այն որոշված էր կենտրոնական մարմնի կողմից՝ ցույց տալու համար, որ մենք հաղթել ենք թուրքին: Ուզեցինք ասել՝ միայն միասնականության շնորհիվ մուսալեռցիները հաղթեցին: Քայլարշավը ծրագրված էր սկսել սեպտեմբերի 20-ին՝ Երևանի Շահումյանի հրապարակից և հասնել մինչև Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր: 23 հոգի մասնակցեց քայլարշավին: Երեք ժամվա ընթացքում հասանք հուշահամալիր: Նախաձեռնությունը կարելի է հաղթանակի քայլարշավ համարել:

Հատուկ այս նպատակով խորհրդանշանակ խաչ-դրոշակ էինք պատրաստել, որի վրա պատկերված էին Մուսա լեռան հուշահամալիրի 4 երկրներում՝ Այնճարում, Հայաստանում, Կանադայում, Մուսա լեռում, գտնվող հուշակոթողները: Խաչանիշ դրոշը իրար է միացնում աշխարհասփյուռ մուսալեռցիներին:

Շնորհակալ ենք հայաստանյան այն կառույցներին, որոնք մեզ աջակցեցին միջոցառումների կազմակերպման համար:

Շնորհակալ ենք նաև ՀՀ սփյուռքի նախարարությանը, և հատակապես նախարար Հրանուշ Հակոբյանին: Այս օրերի ընթացքում զգացինք տիկին նախարարի ջերմ ու սրտացավ վերաբերմունքը և զորակցությունը բոլորիս հանդեպ: Ամենակարևորը հասկացանաք, որ Հայրենիքում անտեսված չենք:

 Զրուցեց Գևորգ Չիչյանը

m1m2 m3m4

 

Scroll Up