Մամուլի ասուլիս՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա միջոցառումներին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումներին:

 Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը (Այնճար, Լիբանան), Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը և հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց, որ Հայրենիքում Մուսա լեռան 100-ամյակը նշվում է պետական մակարդակով՝ «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից իրականացվող ծրագրին զուգընթաց:

Ս.Սրապիոնյանը խոսեց հերոսամարտի դերի և նշանակության մասին՝ նշելով, որ աշխարհի տարբեր երկրներում հաստատված մուսալեռցիները կայացել են, ստեղծել հայրենակցական միություններ և պահպանում են իրենց հայրերի ու պապերի անկոտրում կամքը ու ոգին, ավանդույթներն ու սովորույթները:

«Մուսալեռ» հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը ներկայացրեց սեպտեմբերի 15-ից՝ հրամանատար Եսայի Յաղուբյանի շիրիմին այցելությամբ  մեկնարկած միջոցառումների ժամանակացույցը: Նա մասնավորապես կարևորեց սեպտեմբերի 17-ին ԵՊՀ-ում կայանալիք գիտաժողովը՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտին, սեպտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մուսա լեռան հերոսամարտին և մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցասրահի բացումը, սեպտեմբերի 20-ին՝ ժ.19:00-ին Երևանի Շահումյան հրապարակից 40 երիտասարդների քայլերթը Երևանից դեպի Մուսա լեռան հուշահամալիր և այլ միջոցառումներ:

   Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը խոսեց «Մուսալեռ» հայրենակցական միության կողմից աշխարհի տարբեր երկրների մասնաճյուղերում իրականացվող աշխատանքների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Լիբանանում կայացած 18 միջոցառումներին:  Եսայի Հավաթյանը նշեց, նաև որ դրանց մասնակցել են հազարավոր հայեր, իսկ շուտով Հայաստան կժամանեն 66 ուխտավորներ՝ մասնակցելու սեպտեմբերի 20-ին Երևանից Մուսալեռի հուշահամալիր քայլերթին և մյուս միջոցառումներին:

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ մշտական աջակցության համար: «ՀՀ սփյուռքի նախարարն առանձնակի ջերմությամբ է վերաբերվում մեր միությանը և բոլոր այնճարցիներին, ովքեր մեկ բռունցք դարձած տոնում են հերոսամարտի 100-ամյակը», – հավելեց նա:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը կոչ արեց մասնակցել քայլերթին, ներկա գտնվել Մուսալեռ գյուղում հարիսայի պատրաստման հանդիսավոր արարողությանը և շուրջպար հանդեսին: Գ.Փանոսյանը հավելեց, որ միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կբեմադրվի Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» ներկայացումը:

Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

musaler1 musaler2

Scroll Up