Թովմասյանների գերդաստան.«Քոբանիից հետո մեր վերջին հանգրվանը Հայաստանում է»

«Հայերն այսօրի» զրուցակիցները Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների ահաբեկչությունից փրկված Թովմասյանների գերդաստանն է: Սեպտեմբերի 2-ին ընտանիքի 17 անդամները ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ Հայաստան տեղափոխվեցին: Նրանք ժամանակավորապես հանգրվանել են Սիլիկյան թաղամասում գտնվող Սոցիալական տանը:

Թովմասյանների օջախի շեմից երևում էր, որ բազմանդամ ընտանիքը  հաշտուհամերաշխ է. կանայք խոհանոցում գործով էին զբաղված, աղջիկները բնակարանն էին հարդարում, տղամարդիկ սեղանի շուրջ զրույցի էին բռնվել, իսկ երեխաները խաղում էին բակում: Ուշագրավն այն էր, որ բոլորը մեզ ժպիտով և սրտաբաց ընդունեցին՝ քողարկելով իրենց հոգում կուտակված վիշտն ու թախիծը…

Զրույցը սկիզբ առավ՝ վերհիշելով Քոբանիում անցկացրած երբեմնի խաղաղ ու անհոգ օրերը:

 Ընտանիքի անդամներից Իլոնա Թովմասյանն ասաց, որ իրենք Քոբանիում հանգիստ են ապրել, քրդերի և արաբների կողմից  հայ լինելու պատճառով երբեք ճնշումների չեն ենթարկվել, այլ ընդհակառակը՝ միշտ լավ վերաբերմունքի են արժանացել և ցանկացած օգնության հարցով դիմել նրանց: Ընդհանուր առմամբ, Քոբանիում 8 հայ ընտանիք է ապրել, որոնց մեջ նաև ճանաչված բժիշկներ են եղել: Թովմասյանների մեծ մասը աշխատանք է ունեցել և հանապազօրյա հացը վաստակել:

Երբ 2014 թվականի սեպտեմբերի 28-ին ԻՊ գրոհայինները, մտնելով Քոբանի ավերել են, վառել տները և սպանել մարդկանց,  Թովմասյանների գերդաստանը (Թովմասյան 4 եղբայրների ընտանիքները և 11 երեխաները) բախտի բերմամբ կարողացել են փախչել և ապաստանի ուղիներ որոնել:

Կտտանքներից մազապուրծ եղած ընտանիքը, մահն աչքների առաջ, մի կերպ հասել է Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ թուրք սահմանապահները թույլատրել են մուտք գործել Թուրքիա՝ Սուրուջ, որտեղ նրանց ապրելու համար տեղ են հատկացրել գիշերօթիկ դպրոցի շենքում: Գերդաստանը, բազում խոչընդոտներ հաղթահարելով, երեք ամիս ապրել է դպրոցում: Ապա ՅՈՒՆԻՍԵՖ-ը փախստականների համար վրաններ է տեղադրել և բոլորին տեղափոխվել վրանային ճամբարներ։

7 ամիս մնալով Ուրֆայի Սուրուջի ճամբարում՝ Թովմասյանները դժգոհելու առիթ չեն ունեցել. երբեք քաղց, ծարավ չեն զգացել, իսկ թուրքերը նրանց հանդեպ հոգատար են եղել և մարդկայնորեն վերաբերվել: Միայն ամռանն են տանջալից օրեր անցկացրել, քանի որ վրանում շատ շոգ է եղել:

Սակայն չեն տրտնջացել, որովհետև իրենց կողքին նույն կարգավիճակով 30 հազար վրանների մեջ պատսպարված շուրջ 100 հազար փախստականներ կային, որոնց ճնշող մեծամասնությունը քրդեր և արաբներ են եղել:

Ճամբարային օրերին նրանց է այցելել Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և պատրաստակամություն հայտնել ամեն գնով օգնելու  Հայաստան տեղափոխել:

«Այս լուրին բոլորս անհամբեր սպասում էինք, քանի որ մենք էլ մտածում էինք այդ ուղղությամբ, ինչ էլ որ լինի մեր վերջին հանգրվանը Հայաստանում է, պետք է այստեղ հաստատվենք»,-ասաց տիկին Իլոնան:

Հարցին, թե ինչ զգացողություններով են լցված Հայաստանում գտնվելու առաջին օրերին, Թովմասյանները պատասխանեցին.«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք՝ մեր Հայրենիքում, այս օրվա  մասին երազում էինք, իսկ Երևանը շատ գեղեցիկ է: Պարզապես միջավայրին հարմարվելու, ինքներս մեզ վերագտնելու  խնդիր ունենք: Սակայն, հույսը չենք կորցնում, ժամանակի ընթացքում դա էլ կհաղթահարենք: Հիմա այնքանով ենք հանգիստ, որ գլխներիս տանիք կա, անվտանգ ենք: Ամենակարևորն այնն է, որ ամեն րոպե տագնապած չենք սպասի ականների պայթյունը լսելուն, գոնե երեխաները հանգիստ կկարողանան քնել»:

Նույնիսկ հոգեբանական այս ծանր վիճակում նրանք չեն կորցրել հումորի զգացումը և ունակ են կատակելու.«Երբ ինչ-որ բան է անհրաժեշտ լինում, վախենում ենք տանից դուրս գալ՝ մտածելով, որ կկորենք և մեզ ոչ ոք չի գտնի, իսկ հարևաններից մի քանիսն արդեն հյուր են եկել և ծանոթացել մեզ հետ»,-ծիծաղելով ասացին աղջիկները:

Այժմ Թովմասյանների մտահոգությունն այնն է, որ լուծվի նրանց բնակարանի և աշխատանքի հարցը, որպեսզի խիղճը հանգիստ կարողանան ապրել: Նրանց նաև բժշկական, հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ. ընտանիքի անդամներից մի քանիսն առողջական խնդիրներ ունեն. Հակոբի տղան ի ծնե զրկված է խոսելու կարողությունից, արդեն յոթ տարեկան է, իսկ տիկին Ֆերուզիի մեկ ոտքը փտախտի պատճառով անդամահատել են:

Տիկին Իլոնայի 13 տարեկան որդին հոգեկան ծանր ապրումների մեջ է գտնվում. ամուսնուն  ԻՊ գրոհայինները որդու աչքի առաջ սպանել են: Երբ Քոբանիում իրավիճակը հանդարտվել է, ամուսինը որդու հետ վերադարձել է այնտեղ՝ տան և խանութի նորոգության աշխատանքները կատարելու, որպեսզի ընտանիքին հետ կանչեր: Սակայն մի քանի օր անց ահաբեկիչները կրկին մտել են Քոբանի և սպանել խաղաղ բնակչությանը:

Դրանից հետո տղան մինչև հիմա չի կարողանում մոռանալ հոր անշնչացող, արնաքամ լինող մարմինը: Դարձել է ինքնամփոփ, գիշերները վեր է թռչում քնից և քիչ շփվում ընտանիքի անդամների հետ: Նա հրաշքով է կարողացել փրկվել և հասնել Թուրքիա՝ հարազատների մոտ:

 Թուրք զինվորներն են թաղել Իլոնայի ամուսնու մարմինը, իսկ գերդաստանի տղամարդիկ մահից երեք ամիս անց գնացել են Քոբանի, գտել գերեզմանը, վրան խաչ դրել, մահացողի անուն-ազգանունը գրել և նորից վերադարձել Թուրքիա:

  Ամբողջ զրույցի ընթացքում Թովմասյանները գեղեցիկ և պարզ հայերենով էին խոսում: Հարցին, թե ինչպես են կարողացել պահպանել Մայրենին քրդական Քոբանիում, նրանք միահամուռ պատասխանեցին. «Քոբանիում ապրելու տարիներին երբեք չենք դադարել հայերեն խոսել միմյանց հետ, դա մեր ընտանիքում կարևոր պայման էր, նույնիսկ մեր երեխաներին ենք պարտադրել հայերեն խոսել, որպեսզի չմոռանան սեփական լեզուն, ինչն էլ իրենց կօգնի հայ մնալու համար»:

 Հիրավի, Թովմասյանների գերդաստանի պատմությունը ոչնչով չի տարբերվում  1915-ի գաղթ, ավեր, թալան, կոտորած տեսած հայ ընտանիքների պատմությունից: Սակայն Թովմասյանները, գաղթի ճանապարհը բռնած, հասան Հայաստան: Եվ խորհրդանշականն այնն է, որ նրանք Հայրենի եզերքում հաստատվեցին հենց 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Գևորգ Չիչյան

t1t4 t5t7 t8t9t6t2 t3qaGFpVHMi2dsDQiFW_Qjdo-s8a1E0AqoYT2npAynAI8,c8-re7omnI9DND1AbjcLEyvilgwrGDzxAVPQP4wj9lE

Scroll Up