Թուրքիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն

Թուրքիայում ձևավորվել է ժամանակավոր կառավարությունը: Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի առաջարկած կազմը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Այսպիսով ժամանակավոր կառավարությունը կունենա 11 ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն –AKP), 11 անկախ, 1 ԱՇԿ-ական (Ազգայնական շարժում կուսակցություն-MHP)  և 2 ԺԴԿ-ական (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության-HDP) նախարար:

Ըստ թուրքական «Yenisafak» պարբերականի` կառավարության 15 նախարարներ պահպանել են իրենց տեղերը նոր կառավարության կազմում, սակայն 11 նախարարական պորտֆել նոր նախարարների է տրվել: Ուշագրավ է, որ նոր կառավարությունում կան 2 քուրդ նախարարներ:

Ի դեպ ժամանակավոր կառավարության կազմում տեղ չի գտել նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել էր ժամանակավոր կառավարություն կազմել, որը կգործի մինչև նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Հավելենք, որ հունիսի 7-ից հետո կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, Թուրքիայում այդպես էլ չկազմվեց կոալիցիոն կառավարություն, ինչն էլ հանգեցրեց նոր ընտրությունների անցկացմանը և ժամանակավոր կառավարության ստեղծմանը:

Scroll Up