Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը:

 Քննարկվեց  երկու հարց: Տարածաշրջանային կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի շրջանակներում 2015 թ. հուլիսի 14-ից օգոստոսի 18-ը Մելբուռն և Սիդնեյ քաղաքների հայկական դպրոցներում իրականացրած աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ՀՀ ԿԳՆ ԿԱԻ հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ, Ան. Շիրակացու անվան ճեմարանի ՄԲ ԿԴԾ համակարգող Աստղիկ Բալայանը:

 Զեկուցողը նշեց, որ Ավստրալիայում Սփյուռքի նախարարի խորհրդական Էդվարդ Դարբինյանի, բոլոր դպրոցների տնօրենների ու ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ծավալվել են հետաքրքրական քննարկումներ, և որդեգրվել է դպրոցների հետ աշխատանքի նոր՝ նախորդ տարվանից տարբերվող մոտեցում. որոշվել է բոլոր հանդիպումները կազմակերպել առանձին դպրոցների հետ՝ դասընթացներին ուսուցիչների ավելի ակտիվ մասնակցությունն ապահովելու և առկա խնդիրներին տեղային լուծում տալու նպատակով: Քանի որ Մելբուռնի հայկական դպրոցներում առաջին անգամն են իրականացվել դասընթացներ ուսուցիչների համար՝ դրանց բովանդակությունն ու անցկացման ձևը կրել են բացառապես գործնական բնույթ: Զեկուցողը ընդհանուր առմամբ անդրադարձավ Ավստրալիայի հայկական դպրոցներում տիրող իրավիճակին, մտահոգություն հայտնեց, որ անցյալ տարվա համեմատ պակասել է հայկական դպրոց հաճախող աշակերտների թիվը և մի շարք կարևոր առաջարկներ ներկայացրեց:

 Ծավալվեց լուրջ քննարկում հայոց լեզվի ուսուցիչների համար մեթոդաբանական ձեռնարկների անհրաժեշտության վերաբերյալ:

 Նախարարը հանձնարարեց համապատասխան կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԵՊՀ և ԵՊՄՀ հայոց լեզվի ամբիոնների հետ համատեղ մշակել Սփյուռքի համայնքներում հայոց լեզվի պահպանմանն ուղղված համալիր մոտեցման լուրջ ծրագիր, որը կներառի կադրերի պատրաստման, մեթոդաբանական ձեռնարկների մշակման, լեզվի ուսուցման տարբեր միջոցների, հայոց լեզվի պահպանման և տարածման, հայկական դպրոցներին օժանդակելու տարբեր ուղիների գիտահետազոտական հիմնավորումը:

 Նախարարը կարևորեց հեռուստադպրոցի ընդլայնումը, որի ծրագրերը պետք է բազմացվեն ու տարածվեն աշխարհի բոլոր հայկական դպրոցներում: «Առաջարկում եմ բոլոր համայնքներում ստեղծել կրթության հարցերով զբաղվող խորհուրդներ»:  Նախարարն առաջարկեց ընդունել ի գիտություն Ա. Բալայանի հաշվետվությունը:

 ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թ. Ներսիսյանը հաշվետվություն ներկայացրեց վարչության իրականացրած աշխատանքների վերաբերյալ: Զեկուցողը նշեց, որ ԱՊՀ հայ համայնքներում պաշտոնական տվյալներով բնակվում է 1 454 989, իսկ ոչ պաշ­տոնական տվյալներով ՝ շուրջ 3 778 390 հայ: Վարչությունը հա­մա­կար­գում է ՌԴ 190, ՈՒկրաի­նայի 34, Բելառուսի 4, Մոլդովայի 2, Ղազախ­ստա­նի 18, ՈՒզբեկստանի 3, ինչպես նաև Թուրք­մենս­տա­նի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Սինգապուրի, Հնդկաստանի հայ­կական հա­մայնքային կառույցների հետ կապը և համագործակցությունը։

 Զեկուցողը նշեց, որ վարչության գործունեության առանցքային ուղղությունը ԱՊՀ տարածաշրջանի հայ հա­­մայնքների կրթամշակութային խնդիրների լուծ­մանն օժանդակության ծրագիրն է:

 Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին,  և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

 nist

Scroll Up