Իսլամացած հայերը մասնակցում են «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/a3.jpg)
Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները: Այս ծրագիրը համահայկական ծրագիր է, այն դարձել է մի յուրօրինակ միջոց Հայրենիքը տեսնելու, վայելելու, նրանով հպարտանալու, սիրելու և վերադառնալու համար: Հավատում եմ, որ անկրկնելի ժամանակ կանցկացնեք ձեր Պատմական Հայրենիքում: Հավատում եմ, որ այս օրերը կդառնան ձեր կյանքի լավագույն, անմոռանալի երկու շաբաթը, և դուք կկարոտեք Հայաստանը, կմտածեք վերադառնալու մասին: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ջերմ, ուրախ, ակտիվ օրեր: Մենք ձեզ սիրում ենք և միշտ ձեզ հետ ենք լինելու այս օրերի ընթացքում»:
Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց կանադահայ բարերար Ռաֆֆի Պետրոսյանին՝ Դերսիմից և Դիարբեքիրից իսլամացած հայերի ստվար խմբի մասնակցությունը ծրագրին հնարավոր դարձնելու համար:
Իր շնորհակալական խոսքում Ռաֆֆի Պետրոսյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը ընդառաջել է մեր ցանկությանը և Սփյուռքի նախարարությունը սիրով ընդունել է Դերսիմից ու Դիարբեքիրից Հայրենիք եկած խումբը: Այս այցելությունը կօգնի նրանց ճանաչել իրենց արմատները, ծանոթանալ Մայրենիին և իրենց պապերի հավատքին՝ քրիտոնեությանը, իրենց ազգային ինքնությանը վերադառնան: Այս շարժումն ավելի պիտի զորանա»:
Նախարարը, ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի մասնակցի շապիկ հագցրեց 15 ամյա Ադամ Ադամյանին:
«Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներին ողջունեց նաև Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության նրա կատարումը բուռն ծափերի արժանացավ:
Ելույթ ունեցավ «Վալենսիա» համալիրի նվագախումբը: Ազգային երաժշտության հնչյունների ներքո արիտունցիներն ուրախ շուրջպար բռնեցին:
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցելու համար Հայաստան է ժամանել 197 երիտասարդ 17 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Թուրքիայից: