Արարատը նվաճած աղջիկը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին օրեր առաջ Արարատի գագաթը նվաճած՝ Լիբանանի Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ջերեջյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Ծովակ Քէոշկերյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ողջունելով հյուրերին, մասնավորապես նշեց. «Այսօր շատ յուրօրինակ առիթով ենք հավաքվել: Փոքրիկ Ծովակը սխրանք է գործել. 13 ամյա աղջիկը նվաճել է Բիբլիական Արարատի գագաթը: Որքան կամք, սեր, հայրենասիրություն, Արարատը տեսնելու, նվաճելու ձգտում է անհրաժեշտ այդ համարձակ քայլն անելու համար: Շնորհակալություն ծնողներին, որ Ծովակը դաստիարակվել է ազգասիրության, հայրենասիրության մթնոլորտում: Հատուկ շնորհակալություն դպրոցի տնօրենին: Դպրոցն է մարդակերտումի կենտրոնը, դպրոցի շնորհիվ է, որ Սփյուռքում մեր երեխաները որոշում են հայ ապրել, հայ մնալ»:
Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ջերեջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար. «Սփյուռքի նախարարությունը աշխարհի ամենաշխույժ նախարարությունն է, մենք դա տեսնում ենք, զգում անգամ հեռվից: Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար»:
13-ամյա Ծովակ Քէոշկերյանը նշեց, որ Արարատ լեռը բարձրանալն իր մանկության երազանքն է եղել: Պատմեց, թե ինչպես է նախապատրաստվել, մինչև Արարատ բարձրանալն ինչ բարձունքներ է նվաճել և ինչ արգելքներ հաղթահարել: «Շնորհակալ եմ իմ դպրոցին, տնօրեն Նազօ Ջերեջյանին, որոնց շնորհիվ իմ երազանքն իրականություն դարձավ: Արարատի գագաթից երևում էր Երևանը, Խոր Վիրապը, իմ հայրենիքը: Անչափ ուրախ էի, որ այդ ամենը կարողացա տեսնել նաև Արարատի գագաթից»:
Հուլիս 21-ի արևածագին Ծովակ Քէօշկէրեանը բարձրացավ Արարատ լեռան գագաթը: Վերելքի երրորդ օրը աղջնակը նվաճեց 5165 բարձրություն ունեցող Բիբլիական լեռան գագաթը:
Իրականացավ Ծովակի մանկության օրերի երազանքը: