«Բեթհովենն ու Կոմիտասն ինձ համար համաշխարհային երաժշտության վեհափառներն են». Միքայել Հայրապետյան

«Հայրենիքն իմ շնչառությունն է, իմ թթվածինը»

Հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցներից շատերն են ամռանն այցելում Հայաստան՝ թե՛ գործնական նպատակներով, թե՛ վայելելու հայկական արևահամ ծիրանն ու թութը, իսկ Հայաստանում ծնվածները՝ նաև իրենց կարոտն առնելու ծննդավայրից: Այս եռախորհուրդ այցելությամբ Հայաստանում է գտնվում մեր հայրենակից, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Միքայել Հայրապետյանն իր տիկնոջ՝ դաշնակահարուհի Յուլյայի հետ: Նրանց հետ ունեցած զրույցիս ընթացքում պարզվեց, որ Միքայելն այս օրերին բնակվում է Չինաստանում և իր մասնագիտական հմտություններն է ուսուցանում չինացի երիտասարդ երաժիշտներին:

 

–  Միքայե՛լ, պատմեք խնդրում եմ Ձեր անցած ստեղծագործական ճանապարհի մասին:

–  Ծնվել եմ Երևանում և ապրել եմ այստեղ մինչև 9-ը տարեկանը: Մինչև 3-րդ դասարան սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա: Մոսկվայում ավարտել եմ երաժշտական դպրոց, ուսումս շարունակել եմ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, որտեղ սովորել եմ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկու դասարանում: Ավարտել եմ ասպիրանտուրան և գրեթե 18-19 տարի անցել եմ երաժշտական կրթության դարբնոցներով: Ես դաշնակահար եմ և, բնականաբար, ավելի շատ աշխարհի տարբեր բեմերում հանդես եմ եկել որպես մենակատար. համերգներ եմ ունեցել Մոսկվայի համերգային տարբեր դահլիճներում, ՌԴ-ի մի շարք քաղաքներում, համերգներով հանդես եմ եկել Իսպանիայում, Իսրայելում, Լեհաստանում, այժմ ապրում և աշխատում եմ Չինաստանում: Մոսկվայում դասավանդում եմ Մշակույթի արվեստների ինստիտուտում: ՌԴ-ի ու ՉԺՀ-ի պետական ծրագրերի համագործակցության շրջանակներում ինձ և իմ գործընկերներից մի հայուհու գործուղեցին Չինաստան՝ կրկնակի վկայականների համար կատարելագործելու չինացի ուսանողներին: Չինացի ուսանողները երեք տարի սովորում են իրենց հայրենիքում, այնուհետև գալիս են սովորելու Մոսկվայում և ստանում են բարձրագույն կրթության երկու վկայական: Դա է Չինաստանում գրեթե մեկ տարի ապրելու և աշխատելու առաքելությունս:

–  Միքայե՛լ, ես գիտեմ, որ մանկավարժական գործունեությանը զուգահեռ, Դուք այնտեղ ծավալում եք նաև երաժշտական լայնամասշտաբ գործունեություն և ակտիվորեն քարոզում եք հայկական երաժշտությունը. կպատմե՞ք այդ մասին:

–  Ես ստեղծագործական աշխարհի մարդ եմ, էությամբ էլ բավականին ակտիվ և պրպտող եմ. արդեն կապեր եմ հաստատել ու համագործակցում եմ տեղի նոր-նոր ձևավորվող, բայց  սակավաթիվ՝ մոտ 800 հոգանոց հայկական համայնքի հետ: Այնտեղ ընդգրկված են Երևանից արտագաղթած երիտասարդներ: Իմ ընկերը՝ մեր հայրենակից Մհեր Սահակյանը, հրաշալի մի անձնավորություն է, ով ձգտում է, որ այսօր Չինաստանում զարգացում ապրի ու տարածվի հայկական երաժշտությունն ու մշակույթը: Այս տարի Չինաստանի Նանջինգ քաղաքում մենք համատեղ կազմակերպեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցում էին Չինաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր, ինչպես նաև՝ չինացիներ, օտարերկրացիներ: Մուտքն ազատ էր: Նանջինգում նույնպես չինացիների եղեռն է եղել, և նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ ասել է 1.5-2 միլիոն հայերի Ցեղասպանություն: Նանջինգում կա չինացիների Ցեղասպանության թանգարան, և այդ թանգարանի մի հատվածը նվիրված է Հայոց ցեղասպանությանը. հենց այս փաստն է միավորում երկու ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված այդ միջոցառումը ներառել էր նաև Սևադա Գրիգորյանի նկարների ցուցադրությունն ու իմ մենահամերգը, որի ընթացքում ես կատարեցի Կոմիտասի, Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից:

 

–  Ի՞նչ կարծիք ունեն հայերի մասին աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը համարվող չինացիները:

-Եթե ճիշտն ասեմ, նրանց մեծ մասը չի տարբերակում նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած ազգություններին. նրանց թվում է, թե բոլորը ռուսներ են, սակայն ավելի մոտիկից ծանոթանալով, շփվելով՝ հասկանում են, որ հայերն այլ ազգության են պատկանում, տարբեր մշակույթի, ավանդույթների կրողներ են և այլ քաղաքակրթության ռահվիրաններ: Ծանոթանալով ավելի մոտիկից՝ նրանք մեծ հարգանք են տածում հայերի հանդեպ՝ ելնելով նաև այն փաստից, որ թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը հնագույն մշակույթների հիմնադիրներ ու կրողներ են: Չինացիներն ինձ ապշեցրին հայկական երաժշտության հանդեպ ցուցաբերած իրենց մեծ հետաքրքրությամբ, սիրով: Զարմացած էի, թե ինչպես են նրանք մեր ժողովրդական, ազգային երաժշտության հնչերանգներն ու նրբերանգներն ըմբռնում և արագությամբ ընդօրինակում: Մի օր ինձ մոտեցան մոտ 15 չինացի ուսանողներ և խնդրեցին հայկական երաժշտության նոտաները, որ սովորեն ու կատարեն: Հայ կոմպոզիտորներից նրանք գիտեն միայն Արամ Խաչատրյանին: Մյուս հայ անվանի երաժիշտներին չեն ճանաչում, ուստի համակ ուշադրությամբ են լսում ինձ՝ հասկանալով, որ դրանք ադամանդի փայլով զուլալ ակունքներից են գալիս:

 

–  Միքայե՛լ, ի՞նչ զգացումներ ունեք առանց Հայաստանի, Հայաստանից դուրս և Հայաստանում:

–    Հայաստանը շատ խորությամբ է լցված իմ հոգում, իմ սրտում, և ես չեմ կարող աշխատել ու ստեղծագործել, նվագել՝ առանց հայկական հողին հպվելու: Ամեն տարի ամռանը եկել եմ Հայաստան և հիմնականում այստեղ եմ ստեղծագործել. Հայաստանն ինձ մի այնպիսի լիցք և ուժ է տալիս, որ ամբողջ տարվա ընթացքում օգնում է լինել եռանդուն, գտնվել ստեղծագործական և կատարողական բարձր հարթակին: Չորս տարի առաջ այդ ավանդույթն ընդհատվեց, երբ ես ակտիվորեն զբաղվում էի «Հայաստանի առեղծվածները» նախագծով: Այդ ժամանակ ես ձայնագրություններ պետք է անեի, և Հայաստան գալ չէր ստացվում: Եվ այժմ՝ 4 տարի անց, ես կրկին Հայրենիքում եմ: Շատ կցանկանայի միջազգային հարթակ դուրս եկած  և լավագույն գրախոսությունների արժանացած իմ գործերն այժմ ներմուծել հայկական երաժշտության պրոպագանդման գործում: Արդեն հանդիպել եմ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին, հաղորդել եմ իմ այդ աշխատանքի մասին, հանդիպել եմ նաև Հեղինակային իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Սուսաննա Ներսիսյանին:

–  Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ եկել եք նաև Ձեր տիկնոջը ծանոթացնելու Հայաստանին, այցելելու Սփյուռքի նախարարություն…

–  Այո՛, ճիշտ եք. իմ կինը նախկին ուսանողուհիս է՝ Յուլյան. նա անպայման պիտի ծանոթանա իր ամուսնու Հայրենիքին, մշակույթին, լեզվին, ավանդույթներին: Իմ երեխաները, բնականաբար, հայեր են լինելու, ուստի կինս պետք է լավ ճանաչի Հայաստանն ու հայերին: Նպատակս էր այս այցելության ընթացքում նաև ամուր կապեր հաստատել ՀՀ սփյուռքի նախարարության հետ, ավելի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ: Սփյուռքի նախարարությունում ինձ խոստացան օգոստոսի երկրորդ կեսին իմ համերգները կազմակերպել Երևանում, հնարավոր է՝ նաև Գյումրիում, Արցախում: Օգոստոսի 25-ին ես մեկնում եմ Մոսկվա, որովհետև այնտեղ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հերթական համերգն է լինելու, որի անմիջական կազմակերպիչն ինքս եմ:

–  Վերադառնանք Չինաստան. տիրապետո՞ւմ եք չինարենին:

 

– Ո՛չ, առայժմ չեմ խոսում և չեմ հասկանում չինարեն, որովհետև շատ դժվար լեզու է. այն չորս հնչերնագ ունի: Ռուսախոս մարդու համար շատ դժվար է սովորել չինարեն, մանավանդ նրանք չեն հասկանում, չեն խոսում ո՛չ ռուսերենով, ո՛չ էլ անգլերենով, կամ էլ՝  մի կերպ խոսում են առնվազն կոտրատված անգլերենով: Ես նրանց հետ շփվում եմ թարգմանչի միոջոցով: Հաջորդ տարի երևի հենց իմ թարգմանչի օգնությամբ էլ կսովորեմ չինարենը: Մոսկվայում ես շատ ավելի ընդունակ, տաղանդավոր ուսանողներ ունեմ, սակայն չինացիներն ինձ զարմացնում են ընդօրինակելու և շատ արագ ըմբռնելու յուրահատկությամբ. երբ լսում են հայկական երաժշտություն, նրանց աչքերն սկսում են փայլել:

–  Միքայե՛լ, ո՞ւմից եք ժառանգել երաժշտական ունակությունները:

–  Մայրս ազգությամբ ռուս է, հայրս հայ է և արմատներով սերնդեսերունդ Ղարաբաղից են: Մորս կողմից նախապապս Նիկոլայ 2-րդին կցված անձնական թիկնազորի ղեկավարն է եղել: Նախապապիս գործուղել են այստեղ, և նա սուվորովյան դպրոցի նմանությամբ մի դպրոց է կազմակերպել: Իմ ամբողջ ընտանիքն արվեստի մեջ է. տատիկս՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Իրինա Մարչենկոն, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում է աշխատում, մայրս՝ Կատյա Դմիտրյուկը, նույնպես այդ թատրոնում է եղել 18 տարի, այնուհետև մեզ հետ մեկնել է Մոսկվա և թողել է թատրոնը: Պապս՝ Հրանտ Դմիտրյուկը դաշնամուր է նվագել, մայրս՝ նույնպես, սակայն իմ երաժշտական աշխարհի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է մորս երկրորդ ամուսինը՝ կոմպոզիտոր, հայկական ռոքի հիմնադիր, «Այաս» խմբի ղեկավար Արթուր Մեթինյանը: Նա ինձ ուղղորդել է երաժշտական աշխարհում: Իմ ընտանիքում և իմ հոգում միշտ թագավորել են արվեստն ու երաժշտությունը:

–  Ո՞վ է երաժշտական աշխարհում Ձեր ամենասիրելի, հոգեհարազատ երաժիշտը:

–  Երաժշտի համար սա ամենադժվար հարցն է: Հիմա ինձ շատ հոգեհարազատ են երկու հանճարներ՝ Բեթհովենն ու Կոմիտասը. նրանց երաժշտությունը թափանցում է իմ ներաշխարհ և օգնում ինձ իմ կատարումների, իմ ստեղծագործական վերելքների ժամանակ: Նրանք ինձ համար համաշխարհային երաժշտության վեհափառներն են: Կոմիտասից միշտ իմ հոգում ու շուրթերին է «Քելե Ցոլեր»-ը:

–  Ո՞րն է Ձեր կազմակերպած ամենահիշարժան համերգը:

–  Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված 3.5 ժամ տևողությամբ համերգն է ամենահիշարժանը: Հանդիսատեսը պարզապես չէր ուզում հեռանալ դահլիճից: Ջութակ, դաշնամուր, երգչախումբ, մենակատարներ… այնքա՜ն հագեցած էր ծրագիրը: Այդ համերգը ցուցադրվեց նաև «Կուլտուրա» ալիքով:

–  Ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:

–  Եթե մարդը մոռանում է իր արմատները, հեռանում է դրանցից, ապա նա դադարում է ապրել հոգևոր արժեքներով և դառնում է սովորական, պարզունակ կենցաղավարող մեկը: Դրա համար շատ կարևոր է ապրել Հայրենիքով, Հայրենիքն իմ շնչառությունն է, իմ թթվածինը: 

Կարինե  Ավագյան

01

Scroll Up