«Յուրաքանչյուր սփյուռքահայի աչքերում հայրենիքի կանչն եմ տեսնում». Նվեր Վիրաբյան
Սփյուռքահայ ուսուցիչները արդեն մեկ շաբաթ է՝ շարունակում են վերապատրաստվել հայրենիքում: Մայր բուհը գրկաբաց է ընդունել նրանց` ցանկանալով լավագույն մասնագետների օգնությամբ հայրենիքից հեռու գտնվող ուսուցիչներին հաղորդակից դարձնել մայրենի լեզվի փոփոխություններին, հարստացնել նրանց գիտելիքներն ու մանկավարժական հմտությունները:
Այսօրվա դասախոսությունը աչքի ընկավ բացառիկ հայրենասիրական ոգով ու ոճով: Դասընթացը վարող պարոն Նվեր Վիրաբյանը երկար ժամանակ է, ինչ աշխատում է ՀՀ Կրթության ազգային ինստիտուտում, բազմիցս եղել է Սփյուռքում` Եգիպտոսում, Պարսկաստանում եւ այլուր, ականատես եղել հայկական համայնքների գործունեությանը, կյանքին, խնդիրներին ու ձեռքբերումներին: Գիտե` ինչքան դժվար է հայրենիքից հեռու ապրող հայի համար, ով հաց վաստակելու, ընտանիք պահելու ծանր բեռից զատ ունի հայ մնալու խնդիր. ամեն քայլափոխին օտարն է իր բարքերով ու կարգերով: «Սակայն ես այս ուսուցիչների, հայրենիք եկած պատանիների ու հայերեն սովորել ցանկացող յուրաքանչյուր սփյուռքահայի աչքերում հայրենիքի կանչն եմ տեսնում: Ինչ խոսք, ժամանակն ու տարածությունը խանգարում են, բայց այն ջանքերը, որ նրանք գործադրում են հայեցի մնալու համար, եւ աշխատանքը, որ տանում է Սփյուռքի նախարարությունը, արժանի են գովասանքի»,- նշում է պարոն Վիրաբյանը:
Նա սփյուռքում հայերեն դասավանդող ուսուցչի գործը համարում է հերոսական արարք, քանի որ իրենց նվիրման շնորհիվ, ուժերի ներածին չափով կրթելով հայ մանուկներին, երբեմն անգամ չունենալով պատշաճ վարձատրություն, նրանք կատարում են իրենց բաժին հասած առաքելությունը: «Ի ծնե հայ ժողովրդի արյան մեջ կա սա: Հայ մայրերը ջարդի ճանապարհին հայոց տառերն էին գծում ավազի վրա ու սովորեցնում իրենց մանուկներին: Այդ կորիզը կա, ուրեմն դեռ հանգիստ կարող ենք ապրել»,- ասում է Նվեր Վիրաբյանը, սակայն ընդգծում մեկ լուրջ խնդիր. հայ ծնողներից շատերը սխալ են դաստիարակում իրենց երեխաներին, մտածում են` օտար միջավայրում, ուր հաստատվել ու ապրում են, մայրենին անհրաժեշտ չէ: Ըստ մասնագետի` այս մտածողությունը աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել:
Դեռեւս անցած դարի 20-ականներին Սփյուռքի առաջին հայ գրողներից մեկը` Շահնուրը, ազդարարել էր նահանջը ինքնությունից, ազգայինից եւ որպես առաջնային խնդիր նշել լեզվի մոռացումը: Այդ նահանջը կա նաեւ հիմա` Շահնուրի ազդարած սկզբից մեկ դար հետո: «Գրողի առաջադրած խնդիրներն արդիական են նաեւ այսօր: Քանի դեռ այնքան չենք զարգացել, չենք ստեղծել ամուր տնտեսություն, սոցիալական ապահովվածություն, այնպիսի երկիր, որ դառնա ցանկացած այլ երկրից լավը, սփյուռքահայերը հետ չեն գա, նահանջը կշարունակվի: Այս ծրագրերի միջոցով փորձում ենք դանդաղեցնել այդ գործընթացը, մինչեւ հասնենք նրան, որ Արարատի շուրջ շուրջպար բռնենք»,- ասում է պարոն Վիրաբյանը:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի