Մայրենի լեզվի ուսուցումը` «Արի տուն» ծրագրի առանցքային բաղադրիչ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/արի-տուն1.jpg)
«Արի տուն» ծրագրի երեխաներից շատերը նշում են, որ իրենց համար ամենահետաքրքիրը հայոց լեզվի դասերն են, քանի որ շատ բան են սովորում դասերի ընթացքում: Այս առիթվ զրուցեցինք հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Հայրիյանի հետ: Սա Բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրիյանի առաջին համագործակցությունն է Սփյուռքի նախարարության հետ:
-Լուսինե՛, ինչպե՞ս դարձաք ծրագրի անդամ:
-Առհասարակ, այս ծրագրի մասին վաղուց էի լսել, տեղեկացված եմ և գնահատում ու կարևորում եմ այն: Ծրագիրն իրոք հայրենիքը՝ Հայաստանը, ճանաչելու լավագույն միջոցներից մեկն է այն երեխաների համար, որոնք հայրենիքի մասին ոչինչ չգիտեն: Շատ էի ցանկանում ծրագրի շրջանակներում իմ ներդրումն ունենալ: Դիմեցի Սփյուռքի նախարարություն, ինձ առաջարկվեց լեզվի ուսուցիչ լինել և այս կարճ ժամանակահատվածում հասցրի հասկանալ, որ չեմ սխալվել:
– Որքանո՞վ են երեխաները տիրապետում հայերենին:
– Խմբում կան թե՛ տառաճանաչ երեխաներ, թե՛ տառերը մասամբ իմացող, թե՛ կարդալ իմացող, բայց բառերի նշանակությունը չհասկացող և թե բավականին տեղեկացված երեխաներ, որոնք լավ գիտեն Հայաստանի ու նրա պատմության մասին:
-Ի՞նչ մեթոդներով եք աշխատում, որպեսզի տեղեկությունները բոլորին հասանելի լինեն:
– Երեխաներին բաժանել եմ երկու խմբի, գրատախտակն էլ՝ երկու մասի: Մի մասի հետ աշխատում եմ այլ ծրագրով, մյուսի հետ՝ այլ, բայց այնպես եմ հանձնարարականները տալիս, որպեսզի զուգահեռ աշխատեն բոլորը:
– Դասավանդման ընթացքում ինչի՞ վրա եք շեշտը դնում:
-Ոչ տառաճանաչ երեխաների համար՝ տառաճանաչության վրա եմ հիմնվում, բայց ունենք նաև դասի մի հատված, որտեղ անդրադառնում եմ հայագիտությանը, հայոց մշակույթին, նույնիսկ մարդաբանությանն եմ անդրադարձել, թե ինչպիսին են հայերը, արմենոիդ ռասան, ինչպիսի առանձնահատկություններ ունեն: Խոսել եմ նաև լեզվի ծագումնաբանությունից: Անդրադարձել եմ նաև ծեսերին, սնոտիապաշտությանը, ինչը շատ հետարքրությամբ լսում էին:
– Երեխաներն ինչպե՞ս են իրենց դրսևորում դասերի ընթացքում
-Լուռ լսում են, հարցադրումներ են անում, վերջում ամփոփում եմ դասը, և եթե որևէ բան չեն հասկանում, ևս մեկ անգամ բացատրում եմ ավելի պարզ ձևով:
-Իսկ հայ գրականությա՞նն անդրադառնում եք:
– Այսօր հենց գրականության դաս է լինելու: Պատրաստվում եմ ներկայացնել հայ հին և նոր գրականությունը, գրականության փոխառնչությունը բանահյուսության հետ: Կխոսեմ մեր գրականության «առանցքների»՝ Գրիգոր Նարեկացու և հայ Նորագույն գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի մասին:
Հռիփսիմե Գալստյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի