Թուրք ռեժիսորը սկսել է Ցեղասպանությունը ժխտող ֆիլմի նկարահանումները

Թուրք հայտնի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշը սկսել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ու 1915-ը պարզապես ընդհանուր ողբերգություն ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները, գրում է News.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, ֆիլմի նկարահանումների համար արդեն ստեղծվել են երկու քաղաքներ, որոնք նույնությամբ կրկնում են 1915-ի քաղաքները:

Ֆիլմի ռեժիսոր Իսմաիլ Գյունեշը ավելի վաղ հրաժարվել էր հայտնել ֆիլմի հովանավորի անունը, սակայն շեշտել է, որ ֆիլմը մեծ բյուջե ունի, որի շրջանակներում էլ հնարավոր է իրականացնել նման մեծ ու ծախսատար աշխատանք: Նա նշել էր ֆիլմում նկարահանվելու են մոտ 300 պրոֆեսիոնալ դերասան, որոնց մի մասը հայտնի դերասաններ են:

Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:

Նա շեշտել է, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:

Ռեժիսորը նշել է, թե ֆիլմը նախատեսվում է ցուցադրել 2016-ին:

Scroll Up