«Սիսի Կաթողիկոսարանի դատի հիմնական նպատակը նյութական հատուցումը չէ…»
Հուլիսի 1-ին Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի սրահում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական գրասենյակի կազմակերպած մամլո ասուլիսը` հայկական և լիբանանյան մամուլի ներկայացուցիչների ու լրագրողների ներկայությամբ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի կայք-էջից:
Ասուլիսը բացեց Տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը` ներկայացնելով զեկուցաբեր բանախոսներին` կալվածային հարցերի փաստաբան պրոֆ. Ջեմ Սոֆվօղլու, Հայոց ցեղասպանության մասնագետ պրոֆ. Թաներ Աքչամ, Լիբանանյան համալսարանի դասախոս դոկտ. Նորա Բայրագդարյան:
Նշենք, որ նախատեսված էր նաև միջազգային ատյանների փաստաբան դոկտ. Փայամ Ախավանի մասնակցությունը, սակայն օդանավի թռիչքի ուշացման պատճառով վերջինս չկարողացավ մասնակցիլ մամլո ասուլիսին:
Արաբերենով արտասանած իր խոսքում Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը պատմական հետադարձ ակնարկով անդրադարձավ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կրած տառապանքին, հատկապես 1894-1923 թվականներին: Նա երախտագիտական խոսքերով շեշտեց հյուրընկալ Լիբանանի կարևորությունը, որը դարձավ հայ ժողովրդի վերածննդի ու զարթոնքի հայրենիքը` նշելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առանցքային դերը: «Կաթողիկոսությունը դատական հայց ներկայացրեց թուրքական Սահմանադրական դատարան,- հայտնեց Հայր սուրբը և հավելեց,- Այսօր դատական հայցի ներկայացումից երկու ամիս հետո, մեր տեղեկությունները հաստատում են, որ թուրքական Սահմանադրական դատարանը սկսել է սերտել դատական այս հայցի թղթածրարը»:
Նորա Բայրագդարյանը արաբերենով թվարկեց Սիսի կաթողիկոսարանի գծով դատական հայցի հարուցմանը առնչվող քայլերը (օրինակ` 2012-ի փետրվարին «ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը, այուհետև թուրք իրավագետներից և միջազգային մասնագետ-փորձագետներից բաղկացած հանձնախմբի ստեղծումը): Այնուհետև դոկտ. Բայրագդարյանը շեշտեց հայ ժողովրդին համար Սիսի կաթողիկոսության խորհրդանշական մեծ կարևորությունը: Նա հիշեցրեց, որ 2015 թվականի ապրիլի 27-ին ներկայացված դատական այս հայցի գծով թուրքական Սահմանադրական դատարանը պետք է առավելագույնը իննսուն օրվա ընթացքում ձեռնարկի այս հայցի քննարկումը: Այլապես` հարցը կներկայացվի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Ապա պրոֆ. Ջեմ Սոֆվօղլուն անգլերենով պարզաբանեց Սիսի կաթողիկոսարանի դատին առնչվող պայմանները, դժվարություններն ու կարելիությունները: Նա ընդգծեց, որ դատական այս հայցի հարուցումը աննախընթաց քայլ է թուրքական կալվածային ու դատական պատմության մեջ: Պրոֆ. Սոֆվօղլուն շեշտեց, որ հարցը ներկայացված է զուտ մարդկային իրավունքի դիտանկյունից և հեռու է քաղաքական և այլ նկատառումներից: Նա նշեց, որ 1983-ին և 2001-ին հրապարակված հրամանագրերով, թուրքական կառավարությունը արգելում է կալվածային որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ արձանագրել, ինչպես նաև արգելել է հարցին առնչվող արխիվների ուսումնասիրությունը: Ըստ բանախոսի, 1963-ին ընդունված օրենքի համաձայն՝ արգելված է կալվածային որևէ սեփականություն վերադարձնել իր սեփականատիրոջը (հատկապես՝ հայերի պարագայում): Պրոֆ. Սոֆվօղլուն խիստ հավանական համարեց, որ առաջիկա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքական դատարանը կհրապարակի իր որոշումը: Պրոֆ. Սոֆվօղլու նշեց, որ դատական այցի հիմնական նպատակը Սիսի կաթողիկոսարանին կալվածքի վերադարձն է, և ոչ թե նյութական հատուցումը:
Դոկտ. Թաներ Աքչամն իր խոսքում նշեց, որ այս գործի առնչությամբ հազարավոր փաստաթղթեր կան օսմանյան արխիվներում: Նա շեշտեց, որ Օսմանյան իշխանությունները հատուկ կարևորություն են տվել Սիսի կաթողիկոսարանին` այն համարելով որպես հայ ժողովրդի հոգեմտավոր, կրոնական կարևոր կենտրոն, բոլորովին անկախ Պոլսի և Էջմիածնի հոգևոր կետրոններից: Որպես օրինակ՝ Աքչամը մեջբերեց Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված մեկ նամակ, որտեղ շեշտվում է, որ գրեթե անկարելի է հիմնովին կործանել Սիսի կաթողիկոսարանը` նկատի ունենալով նրա ճակատագրական կարևորությունը հայության համար:
Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: