Արի տուն-2015. «Ուրախ ենք, որ Հայաստանում ենք գտնվում…»

Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում «Արի տուն» ծրագրի մասնակիցները, մինչև ծրագրով նախատեսված շրջագայությունների մեկնելը, Հայոց լեզվի դասընթացի են մասնակցում: Երեխաներին այցելեցինք այն ժամանակ, երբ նրանք Տերունական աղոթքով դասն էին ավարտում: Արիտունցիներին Հայոց լեզու և գրականություն դասավանդող, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի ավագ դասախոս Սուսաննա Աբազյանը տեղեկացրեց, որ բացի աղոթքից ամեն դասին պարտադիր նաև Հայաստանի պետական օրհներգն են երգում և Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն արտասանում:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում մասնակիցները նշում էին, որ ուրախ են Հայաստանում գտնվելու համար, իսկ «Արի տուն» ծրագրից միայն ոգևորությամբ և ժպիտներով էին խոսում…
Ցոլեր Քիլեճյան – Ես Սիրիայի Հալեպ քաղաքից եմ եկել երկրում տիրող պատերազմի պատճառով: Գալով Հայաստան՝ ուրախ եմ, որ բախտ ունեցա մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Ուրախությունս մեծ է, որ հայոց լեզվի դասընթացների մասնակցեցի, քանի որ կարողացա հայերենի գիտելիքներս հարստացնել: Երախտապարտ եմ մեր հայերենի ուսուցչուհուն, որ մեզ այդքան շատ տեղեկություններ տվեց հայ մշակույթից և պատմությունից: Այս օրերի ընթացքում նոր ընկերներ ունեցա, շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր այցելեցինք, որի շնորհիվ այլ աչքերով բացահայտեցի Հայաստանը: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանն այս ծրագրի կազմակերպման համար:
Կարեն Բանոս – Շատ սիրեցի «Արի տուն»-ը, որովհետև ինձ առիթ տրվեց Հայրենիքիս մոտիկից ծանոթանալու: Ամեն ինչ լավ է կազմակերպված, գոհ եմ. բավականին շատ տեղեկություններ իմացա ազգիս և արմատներիս մասին: Փափագում եմ, որ ամեն հայ այցելի Հայաստան և ճանաչի իր Հայրենիքը:
Մարիա Մարգարյան – Իմ պատանեկության շրջանին առաջին անգամ Սիրիայից դուրս եկա դեպի Հայաստան՝ դժվարին պայմաններից դրդված: Հայաստան ժամանելուց հետո, ինձ լուր հասավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայրենաճանաչության պտույտ է կազմակերպում, որն «Արի տուն» է կոչվում: Պտույտի ընթացքում ծանոթացա մեր երկրի հուշարձաններին, թանգարաններին, լճերին և, վերջապես, հայ ժողովրդի անցյալին: Ասեմ, որ ծանոթությունը Հայրենիքիս հետ շատ հաճելի էր: Ամեն առավոտ հայոց լեզվի դասընթաց ունենք, որին մեծ սիրով եմ մասնակցում: Մեր ուսուցչուհին տարբեր պատմություններ է պատմում, դրվագներ ներկայացնում հայոց պատմությունից: Ցանկությունս է, որ սփյուռքահայերը այցելեն Հայաստան՝ ճանաչելու համար իրենց արմատները:
Շանթ Հովհաննեսյան – Ես նույնպես Սիրիայի Հալեպ քաղաքից եմ եկել: Ուրախությունս մեծ է, որ «Արի տուն» ծրագրին եմ մասնակցում: Ծրագրի շնորհիվ շատ բացահայտումներ արեցի նախնիներիս մասին: Ճիշտ է՝ որոշակի տեղեկություն ունեի, բայց ավելի հիմնավոր իմացա: Մեզ տանում են շրջագայելու տեսարժան վայրերում, որտեղ ծանոթանում ենք հայկական մշակույթին: Անչափ շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Ֆաբիանա Թադևոսյան – Այս ծրագրից ես շատ ոգևորված եմ և ցանկանում եմ, որ այն շարունակական բնույթ կրի: Ւնձ հաջողվեց լավ ընկերներ գտնել, որնց հետ ջերմ հարաբերություններ ձևավորեցի. ծանոթա Հայրենիքիս բոլոր գեղեցիկ վայրերին, իմացա այցելածս վայրերի նշանակությունն ու պատմությունը:
Սակայն ամենից շատ տպավորված եմ զորամաս այցելելուց, որտեղ հանդիպեցի մեր զինվորներին: Հետաքրքրիր էր տեսնել, թե ինչպես են նրանք մարզվում, սնվում և քնում:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը