«Երիտասարդությունը հանուն խաղաղության». ՀՀ պատվիրակությունն այցելել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան

Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը հունիսի 3-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net-ը: Պատվիրակության կազմում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:

Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է, Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը և անդրադարձել գործունեության 70 տարվա ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում.

«Ցավոք, այս կառույցի ստեղծման ժամանակվանից ի վեր աշխարհը չդարձավ ոչ ավելի կանխատեսելի և ոչ էլ ապահով: Երկու համաշխարհային պատերազմների սարսափները լռեցվեցին՝ վերածվելով ավելի քիչ կառավարելի, քիչ տեսանելի, բայց, անշուշտ, ոչ ավելի պակաս ավերիչ, դաժան, տեղային պատերազմների և երկարատև հակամարտությունների: Մարդկության դեմ հանցագործությունները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հիշողությունների ոչնչացմանն ուղղված հուշարձանների ավերումը դեռ նոր թափ են ստանում՝ առնչվելով աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի»:

Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանաչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով:

«ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա նաև բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ղեկավարության կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից մեկը՝ Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ կրթությունը՝ որպես կանխարգելման հիմնական գործիք. «Գիտնականները փաստում են, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումն ու դատապարտումը ապագայում այդ հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Մենք ինքներս ոչ միայն պետք է դասեր քաղենք դրանից, այլ պետք է նաև ուսուցանենք եկող սերունդներին՝ այդ չարիքը մեկընդմիշտ վերացնելու աշխարհի երեսից: Հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, պատրաստակամ են ստանձնելու իրենց պատասխանատվության բաժինն այդ պայքարում »:

Հասմիկ Պողոսյանն էլ, շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձել է համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորել ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ շեշտադրել է չճանաչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին:

Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անցկացվել է ՀՀ-ի կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի:

Համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք)։ Հայ կատարողական արվեստը ներկայացրել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում էին այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ:

Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Scroll Up