Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ում անցկացվող գրքերի գլխավոր տոնավաճառին
Հայաստանը կմասնակցի հյուսիսամերիկյան հրատարակչական գործի գլխավոր միջոցառմանը՝ «Book Expo America» գրքի տոնավաճառին: Այս մասին գրում է news.am-ը՝ հղում տալով«Asbarez» պարբերականին:
Տոնավաճառը անգլալեզու հրատարակությունների մեծ ընտրություն է առաջարկում: Դա ամենախոշոր միջոցառումն է Հյուսիսային Ամերիկայի գրավաճառների, գրադարանավարների, գրատպության ոլորտի մասնագետների համար: Այս տարի «Book Expo America»-ի ընթացքում ավելի քան 2.000 ցուցանմուշ, 500 հեղինակ եւ 60 համաժողով է սպասվում:
Հայկական տաղավարում գրքերի եւ հրապարակումների օգնությամբ կներկայացվի հայկական մշակույթն ու ժառանգությունը: Կցուցադրվեն վերջին շրջանում Հայաստանում եւ արտերկրում տպագրված գրքեր: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ հրատարակիչներ եւ գրավաճառներ Հայաստանից:
Մեծ ուշադրություն կդարձվի ամբողջ աշխարհում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին գրքերին: Գրքերի տոնավաճառում հայկական տաղավարի կբացվի մայիսի 27-ին:
Բացման ժամանակ գրքերի շնորհանդեսներ եւ ընթերցանություն է նախանշված, որին կմասնակցեն Մեթյու Կարանյանը, Սկաուտ Տուֆանկջյանը, Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, Դանա Ուոլրաթը, Նենսի Գրիգորյանը, Մարիան Մեսրոպյան-Մաքքերդին եւ Սոնա Վանը: Գրքի ցուցահանդես կայցելի նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը: