Մորգենթաու ընտանիքը ծառ է տնկել Հրանտ Դինքի հիշատակի անտառում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը մասնակցելու համար Մորգենթաու ընտանիքի տաս անդամները, ներառյալ` դեսպան Մորգենթաուի 8 ծոռները և երկու թոռան թոռները մասնակցել են մի քանի միջոցառումների` ի պատիվ Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հիշատակի: Նրանց հյուրընկալել էր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) և Հայաստան ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ):
Դեսպան Մորգենթաուի երկու ծոռների` Հենրի Մորգենթաու 3-րդի որդի Հենրի (Բեն) Մորգենթաու 4-րդի, և Ռոբերտ Մորգենթաուի (նախկին Մանհեթենի Նյու Յորք քաղաքի շրջանային դատախազ) որդի Բոբ Մորգենթաուի, գլխավորությամբ Մորգենթաու պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանում, տեղեկացնում էA1Plus.am-ը:
Սա դոկտոր Բեն Մորգենթաուի երկրորդ այցն էր Հայաստան: Առաջին այցելությունը եղել է 1999թ.-ին իր հոր` Հենրի Մորգենթաու 3-րդի և իր եղբայր` Քրեյմեր Մորգենթաուի հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի պատի վրա դեսպանի անունը փակցնելու կապակցությամբ, որտեղ նաև տեղադրվել էր դեսպան Մորգենթաուի գերեզմանից բերված հողից: Այդ այցի կապակցությամբ Երևան քաղաքի դպրոցներից մեկը վերանվանվել էր դեսպան Հենրի Մորգենթաուի անվամբ:
Մորգենթաու ընտանիքը` Համագումարի և ՀԾԾ-ի անձնակազմի ուղեկցությամբ, ապրիլի 27-ին այցելել է Մարգահովիտում գտնվող Հրանտ Դինքի անվան հիշատակի անտառը, որտեղ նրանք ծառ են տնկել` ի պատիվ դեսպան Մորգենթաուի: Այսօր, Հրանտ Դինքի անվան անտառն ունի 36.000+1 ծառ:
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը նշել է. «Համագումարի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մորգենթաու ընտանիքին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այս պատմական ճանապարհորդության համար: Յուրաքանչյուր հայ մեծանում է՝ լսելով դեսպան Մորգենթաուի մասին: Նրանց ներկայությունը մեծապես գնահատվեց բոլորի կողմից և վերահաստատեց հայ ժողովրդի ու ամբողջ Մորգենթաու ընտանիքի միջև շատ առանձնահատուկ կապը: Պատիվ էր և մեծ արտոնություն հանդիպել ու աշխատել նրա ժառանգների հետ, ովքեր այսօր շարունակում են դեսպանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործը, վերջ դնելով բոլոր ցեղասպանություններին, և շարունակելով իրենց պապի ժառանգությունը»: