«Հայաստանն իմ արցունքն է, ժպիտը, իմ աղոթքը, հույսս ու հավատքս». Շահե Աճեմյան
«Մարդու հայրենասեր լինելը բարձրագոչ բառերով, դատարկ ճառերով չի որոշվում»,- մեր զրույցի ընթացքում հաստատակամ, պահանջկոտ, խստաբարո ու արդարամիտ բանաձևումով արտահատեց իր բնորոշումը Արցախի պատերազմի հերոս-ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, Արցախի Արիության մեդալակիր Շահե Աճեմյանը, այնուհետև իմ խնդրանքով ներկայացրեց իր կյանքի պատմությունը:
– Ծնվել եմ Լիբանանում: 1915թ. Եղեռնի ժամանակ հայրս երեք տարեկան որբուկ է եղել Լիբանանում: Մայրս ծնվել է Եղեռնից հետո, Կեսարիայում, 1926թ.: Մորական կողմս Լիբանան է եկել 1931-ին: Պապս՝ մորս հայրը, մեծահարուստ վաճառական է եղել, կորցրել է իր առաջին ընտանիքը, երկրորդ անգամ է ամուսնացել և ունեցել է 4 երեխա՝ 3 աղջիկ, 1 տղա: 1931-ին մի օր թուրքերի հետ խնդիր է ունեցել և ասել է. «Իմ երեխեքը մեծանալով՝ թուրքերի բաժին չպետք է լինեն» և որոշել են տեղափոխվել Լիբանան, ուր շատ հայեր կային: Ես 1970-1980-81թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել եմ հայկական թաղամասերի պաշտպանության մարտերին: 10 տարի ապրել եմ Լոս Անջելեսում, 10 տարի՝ Ֆրեզնոյում: 1992-94թթ. «Խաչակիրներ» ջոկատի կազմում մասնակցել եմ արցախյան պատերազմին. ջոկատը հիմնել ենք Սպիտակ Արջ մականունով Կարո Քահքեջյանի հետ: Երեք ամիս մնում էինք Ղարաբաղում, երեք ամսով գնում էինք Ամերիկա և օգնություն հավաքում զինվորների համար՝ համազգեստներ, կոշիկներ, դեղորայք: Մոտ 750 հազար դոլարի օգնություն ենք հասցրել, որի մի մասը մեր անձնական միջոցներից էր, ավելի շատը՝ Կալիֆորնիայի հայության մեր ընկերների աջակցությունն է եղել: Օգնությունը հասցնում էինք օդային ճանապարհով, որը շատ դժվար էր, քանի որ կես կիլոգրամ բեռն այն ժամանակ բավականին թանկ արժեր: Ավա՜ղ, 1993թ. հունիսի 26-ին՝ իմ ծննդյան օրը, զոհվեց մեծ հայրենասեր և իմ մարտական, գաղափարական ընկեր Կարո Քահքեջյանը: Այսպիսի ճանապարհ եմ անցել. 1999-ին, ԱՄՆ-ում ամուսնալուծվելուց հետո, հաստատվել եմ Հայաստանում և երկրորդ անգամ եմ ամուսնացել: Չորս տարի շինարարության վրա աշխատել եմ «Արմենիա» հյուրանոցում: Զբաղվում եմ թարգմանությամբ. մի օր աշխատանք ունեմ, մի օր՝ ոչ:
– Ի՞նչ մասնագիտություն ունեք, ի՞նչ դպրոց եք անցել, պարո՛ն Աճեմյան:
– Զե՛նքը, պայքա՛րն է եղել իմ մասնագիտությունը: 12 տարեկան էի, երբ սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը, դպրոցները փակ էին, մի փողոցից մյուսը չէինք կարող գնալ. ճիշտ այսօրվա Հալեպի դրությունն էր: Մեծացել եմ պատերազմի մեջ, և ամեն ինչ սովորել եմ ինքնակրթությամբ, ընթերցանությամբ: Մեքենաների վերանորոգման աշխատանք եմ կատարել, ինքնազարգացմամբ շատ բանի եմ հասել: Տիրապետում եմ 4-5 լեզվի:
– 15-16 տարի է, ինչ հաստատվել եք Հայրենիքում. երբևէ մտածե՞լ եք վերադառնալ ծննդավայր կամ Ամերիկայի Միացյալ նահանգներ:
– Երբե՛ք: Երկու անգամ եմ 16 տարվա ընթացքում եղել Ամերիկայում, որից մեկ անգամը՝ աշխատելու նպատակով, բայց ուշքս ու միտքս Հայաստանում էր: Ես իմ
Երևանի աղբամանները, անտեր շներն ամբողջ աշխարհի հետ չեմ փոխի: Սա՛ է իմ Հայրենիքը. վարդը սիրողը փո՛ւշն էլ կսիրի: Ազատամարտիկն իրավունք չունի փախչելու Հայրենիքից: Ես Եղեռնից մազապուրծ եղած, Դեր Զորի դաժան ճամփաներն անցած հայերի ժառանգ եմ: Ես դաստիարակվել եմ Աստվածավախությամբ, հայրենապաշտությամբ, ինձ սովորեցրել են զատել չարն ու բարին, հարամն ու հալալը: Ես մտել եմ Անթիլիասի Սուրբ Ստեփանոսի մատուռը, ուր Դեր Զորից բերված սուրբ մասունքներ կան. ծնկի եմ իջել, ձեռքս դրել եմ այդ մասունքների, գանգերի վրա և երդվել եմ մինչև կյանքիս վերջն օգտակար լինել ազգիս ու Հայրենիքիս, լուծել իմ ժողովրդի վրեժը: Մանկուց երազել եմ տեսնել իմ ազատ, անկախ Հայաստանը:
– Պարո՛ն Աճեմյան, ինչպե՞ս եք նայում ապրելակերպին, սոցիալական այլևայլ խնդիրներին առնչվող մարդկանց դժգոհություններին:
– Ուրիշ տեղ ավելի լավ չէ: Սփյուռքահայերից շատերին թվում է, թե Հայաստանը դժոխք է, իսկ հայաստանցիներին թվում է, թե դուրսը դրախտ է: Ամեն տեղ նույնն է. սա՛ է մեր Հայրենիքը: Ինքս, լինելով սփյուռքահայ, այսօր տանել չեմ կարող, չեմ կարողանում հանդուրժել կեղծ, կիսատ-պռատ հայրենասեր սփյուռքահայերին: Հարգանք ունեմ 100-ից 1 տոկոսի հանդեպ, ովքեր իսկապես հայրենասեր են և իրենց խելքն ու միտքը, մի ոտքն այստեղ է՝ Հայրենիքում: Հայաստանն արդեն համարյա քառորդ դար է, ինչ անկախ է, ինչո՞ւ ենք մենք Սփյուռք, Սփյուռքի մեջ հայ մնալու նպատակն ի՞նչ է… Հայերեն խոսենք, հայի հետ ամուսնանանք, չձուլվենք և այլն. մինչև ե՞րբ հայը օտարի դրոշի տակ պիտի պայքարի, օտարի հողի վրա պիտի արյուն թափի: Մենք Հայրենիք ունենք, մեր տեղն այստեղ է՝ Հայաստանում: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում. մի օր Հալեպն է, մյուս օրը՝ Լիբանանը, մի օր՝ Իրաքը… Դիմում եմ իմ բոլոր հարազատներին, ընկերներին, ովքեր Սփյուռքում են՝ ներող եղե՛ք, կիսահայրենասեր լինել պետք չէ, վե՛րջ տվեք, եկե՛ք Հայրենիք:
– Պարո՛ն Աճեմյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ի՞նչ մտորումներ ունեցաք. հավատո՞ւմ եք, որ կգա օրը, երբ հայը ոտք կդնի Պատմական Հայրենիքի հողին:
– Այս թեմայով ես շատ եմ խոսել. լինի 5 տարի, 100 տարի, 1000 տարի, ամեն սերունդ պիտի գիտակցի իր ուսերին դրված պարտականությունը: Իմ հայրը որբ է մնացել, իմ ազգականը, ընկերները բանտերի մեջ են մնացել, շատերն իրենց կյանքն են զոհել՝ թուրքական կառավարության դեմ պայքարելով: Իմ եղբայրը (հորեղբորս տղան) Լիսբոնի Սեդրակն է: Արա Քրջլյանը մանկությանս ընկերն է, մարդ կա՝ մինչև այսօր բանտում է, ինչպես՝ Համբիկ Սասունյանն Ամերիկայում: Մյուսների անունները չեմ տալիս… Մենք մի պայքարող սերունդ էինք և պարտավոր ենք հաջորդ սերունդին փոխանցել պայքարի ջահը, պահանջատիրության ջահը: Երբ հայը մոռանա այդ օրը, չհիշի ու չպահանջի, թուրքը հաղթած կլինի: Լինի խաղաղ ձևով, լինի զենքի ուժով, մենք պիտի պահանջենք, այդ ոգին պիտի փոխանցենք հաջորդ սերնդին, իսկ թե Թուրքիան երբ կընդունի, մենք երբ կհասնենք մեր գերագույն նպատակներին, իղձերին, դա արդեն ժամանակի հարց է. ազգերի պատմության մեջ 100 տարին կամ 500 տարին 1 օր է, մի էջ պատմություն է: Այսօր ապրող հայերս ուզում ենք, որ 25 տարում անկախացած մեր երկիրը հասնի Ամերիկային ու Ֆրանսիայի՞ն, ուզում ենք մեր ազգային բոլոր հարցերը 20-25 տարում լուծե՞լ… Չգիտենք, թե վաղն ինչ կլինի Թուրքիայում: Ես հավատում եմ, որ այդ նույն Թուրքիան Հարավսլավիայի նման կմասնատվի: Մենք պիտի պատրաստ լինենք:
– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել հային:
– Էս ժողովուրդը միշտ գանգատվել է. Սովետի ժամանակ գանգատվել է, Առաջին հանրապետության ժամանակ էնքան գանգատվեց, որ գլխին բերեց Կարմիր բանակ, Առաջին նախագահից գանգատվել է, երկրորդ, երրորդ նախագահներից գանգատվել է, փնթփնթացող ժողովուրդ է: Սերունդ պիտի փոխվի, այսօրվա սերունդին եմ նայում և հավատում եմ մեր վաղվա լավ ապագային. 25-30 տարեկանների հրաշալի սերունդ ունենք, 10-15 տարուց քաղաքական բեմը նրանք պիտի ղեկավարեն: Նոր սերունդին նայում ես, սիրտդ բացվում է: Հայը պիտի ձերբազատվի անձնասիրությունից:
– Որպես ազատամարտիկ, հրամանատար՝ ի՞նչ կասեք Ղարաբաղի հարցի հանգուցալուծման հետ կապված. արդյոք ազերիները կանցնե՞ն մարտական լայնամասշտաբ գործողությունների:
– Ադրբեջանը վերջին 20 տարում զոմբիներ է ստեղծել. նրանց լամուկները հավատում են իրենց ցնորքին, թե կհասնեն Երևան, Էջմիածին: Մենք էլ մեր հերթին ստեղծել ենք այնպիսի մի սերունդ, որ ոչ միայն Ղարաբաղը կպահենք, այլև Բաքու էլ կհասնենք: Ադրբեջանն իր իսկ արկածախնդրության զոհն է դառնալու: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին: Եթե 20 տարեկան երիտասարդն իր 20 տարեկան զինվոր ընկերոջն է թաղում, ուրեմն պատերազմը դեռ չի վերջացել: Եռաբլուրում ոչ մի 20 տարեկան զինվոր չպետք է թաղվեր: Ես ինձ վատ եմ զգում որպես ազատամարտիկ. մենք պատերազմը չենք վերջացրել, մենք դարձանք 50-60-70 տարեկան, իսկ մեր երեխաները դեռ մեր պատերազմն են շարունակում… Եթե մի պատերազմ էլ բռնկվի, ազերիներն այնպիսի ծեծ կուտեն, որ Ղարաբաղի անունն ու տեղը կմոռանան:
– Եթե, Աստված չարասցե, պատերազմ լինի, Ձեր տեսակը շա՞տ կլինի՝ պատրաստ պայքարի, անձնազոհության:
– Այսպիսի խոսք կա՝ «չհավանած քարը գլուխ կծակի»: Այսօր երիտասարդները համեստ, սուսուփուս են իրենց պահում, իրենց գործին են, բայց պահը գա, բոլորը ոտքի կկանգնեն: 1994-ից մինչ այսօր ես իմ շրջապատում խրատներով, փորձառությամբ երիտասարդների եմ պատրաստում: Ինչ վերաբերում է իմ տեսակին, ասեմ, որ գաղափարի մարտիկները միշտ քիչ են եղել՝ Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյանը, Կարո Քահքեջյանը, Մովսես Գորգիսյանը… Հազարավոր ազատամարտիկներ կան, բայց գաղափարի մարտիկները շատ չեն եղել: Սահմանի մոտ ապրող, իր գյուղը, տունը պահող մարդն էլ է ազատամարտիկ:
– Ավանդական դարձած հարցս՝ ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:
– Հայրենիքն իմ ինքնությունն է, իմ անցյալը, իմ ներկան, իմ ապագան, իմ անձնագիրը: Հայրենիքը արևաշող Հայաստանս է. Հայաստանն իմ պապն է, պապերիս պապը, իմ նախնիները և ե՛ս եմ Հայաստանը: Այն իմ պատմությունն է, իմ հավատքն ու հպարտությունը, նախնիներից շնորհված օրհնանքն է ժառանգներին՝ չխոնարհվելու և հպարտ լինելու համար: Հայաստանն իմ արցունքն է, ժպիտը, իմ աղոթքը, հույսս ու հավատքս: Ապագայի մշակն եմ ես, ինչ ցանեցի ու կերտեցի այսօր, վաղն ինձանից հետո կժառանգեն նոր սերունդները և կունենան իմ փոխանցած Հայաստանը: Սիրում եմ քեզ, ի՛մ Հայաստան, ես քո ամուր օղակն եմ ներկայիդ, անցյալիդ և ապագայիդ միջև:
Կարինե Ավագյան