Կմեկնարկի օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը

Հուլիսի 11-15-ը Ծաղկաձորում՝ Գրողների ստեղծագործական տանը, տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ կազմակերպած Օտարագիր հայ գրողների «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով  5-րդ համաժողովը, որին կմասնակցի 71 գրող Հայաստանից և Սփյուռքից :

Սփյուռքից համաժողովին կմասնակցի 38 գրող աշխարհի 16 երկրից` ԱՄՆ-ից, Անգլիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չեխիայից, Քուվեյթից, Վրաստանից, Ռուսաստա­նից, Ֆրանսիայից, Կանադայից, 31-ը` Հայաստա­նից, 2-ը` Արցախից:

Հուլիսի 12-ին, ժամը 10.30-ին տեղի կունենա  համաժողովի հանդիսավոր բացումը:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Հայ գրողներին կողջունեն նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:

Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովի շրջանակներում կանցկացվի Վիլյամ Սարոյանին նվիրված նիստ, կկազմակերպվի Փիթեր Սուրյանի «Միրի» վեպի ներկայացումը, գրքերի շնորհանդես, Վան Փիլիկյանի «Վեհաժողով երկու» և Կինգա Կալիի «Հայր մեր» ֆիլմերի ցուցադրությունը:

Լրագրողներին Ծաղկաձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հուլիսի 12-ին, ժամը 9:20-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի բակից (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն): 

Scroll Up