Իսպանիայի Մանիսես քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը.
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/յյյ.jpg)
Մանիսեսն Իսպանիայի ութերորդ քաղաքն է, որ միացավ այն քաղաքներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Վալենսիայի Արարատ Հայկական Միությունը:
Այդ ութ քաղաքներից հինգը՝ Միսլատան, Բուրխասոտը, Բետերան, Չիրիվեյան և Մանիսեսը, գտնվում են Վալենսիայի մարզում: Նման ցուցանիշն, անկասկած, վկայում է Արարատ Հայկական Միության հետևողական և անաչառ աշխատանքի մասին, որն այժմ արդեն անցնում է նաև Վալենսիայի սահմանները՝ հասնելով այլ մարզերի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Պինտոն, Սան Սեբաստիանը, Բիլբաոն և Մերիդան:
Դրանցից առաջին երկուսը նույնպես արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ մյուսներում դեռևս որոշ հարցեր ճշտվում են: Եվ այսպես, Արարատ Հայկական Միության ներկայացրած դիմումի հիման վրա Ձախ Միության կողմից կազմված բանաձևը՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, քննարկվեց Մանիսեսի քաղաքային խորհրդում: Բանաձևը ներկայացրեց Ձախ Միության (Izquierda Unida) խոսնակ Մանուել Գուտիեռես Լիեբանան (Manuel Gutierrez Liebana), ով մասնավորապես նշեց, որ հենց հայերի զանգվածային ջարդերից է միջազգային բառարանում առաջացել Ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը՝ շնորհիվ լեհ փաստաբան Ռաֆաել Լեմկինի: Նա նաև նշեց, որ չափազանց կարևոր է, որ Իսպանիան ճանաչի Ցեղասպանությունը՝ այդպիսով կանխելով այլ վայրագություններ, որոնք տեղի են ունենում ներկայումս աշխարհի տարբեր մասերում:
Խոսք ունեցան նաև Կոմպրոմիս, Սոցիալիստական և իշխող Ժողովրդական կուսակցությունների խոսնակները, ովքեր դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցանքը մարդկության դեմ և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Բանաձևը միաձայն ընդունվեց քաղաքային խորհրդի կողմից՝ միաժամանակ կոչ հղելով Վալենսիայի և Իսպանիայի կառավարություններին հետևել իրենց քայլին: Վերջում խոսք տրվեց Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով իր և ողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր չորս կուսակցություններին և, հատկապես, Ձախ Միությանը, որը մշտապես հետևողական է հայության արդար պահանջին:
«Ուրախալի է, երբ կուսակցական տարբեր գույները նման կարևորագույն հարցերը քննարկելու ժամանակ միավորվում են՝ ստեղծելով մեկ գույն, այն է՝ մարդկայնության գույնը,- իր խոսքում նշեց Ա. Ղուկասյանը՝ հավելելով,- քիչ չեն այսօր Իսպանիայի սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնց շուրջ տարբեր կուսակցություններ ունեն իրենց տեսանկյունը: Մենք՝ հայերս, նույնպես մտահոգված ենք մեր բարեկամ իսպանացի ժողովրդի խնդիրներով և միաժամանակ ուրախ ենք, որ դուք էլ ձեր հերթին կիսում եք մեր վիշտը, մեր պայքարը դարձնում ձերը»: Արարատ Ղուկասյանը նաև խնդրեց բոլոր կուսակցությունների անդամներին, որ «այս հարցն ունենա իր շարունակությունը և չվերջանա հենց սրանով, հենց այստեղ, այլ բոլորիս օգնությամբ՝ հասնի այլ պետական կառույցներ»: «Եթե Թուրքիան այս տարի չճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք և մեր բարեկամներն ամեն տարի պիտի հիշատակենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- իր խոսքը եզրափակեց Ղուկասյանը:
Միության նախագահը, ի նշան երախտագիտության, Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսին նվիրեց 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի կրծքանշանը, որին հետևեցին ծափողջույնները: Այսպիսով, Մանիսեսը ևս միացավ իսպանական այն քաղաքներին, ովքեր պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը…ո՞վ է հաջորդը:
Արարատ Հայկական Միություն, Վալենսիա (Իսպանիա)