Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի միջոցառումները հասու են դարձել աշխարհում 1.3 միլիարդ մարդու

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի միջոցառումները և հատկապես դրանց խորհրդանիշը` Անմոռուկը, ծառայել է իր բուն նպատակին: Ապրիլի 22­-24-­ը Երևանում կայացած միջոցառումները հեռարձակվել են աշխարհում հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որը դիտել է 1 միլիարդ 300 միլիոն մարդ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովին ընդառաջ:

«Հաշվի առնելով, որ բոլոր միջազգային ալիքներն ուղիղ հեռարձակում էին ապահովել, դա հնարավորություն տվեց լայն զանգվածի ծանոթանալ մեր միջոցառումների բովանդակությանն այնպես, ինչպես մենք ուզում էինք փոխանցել աշխարհին»,­-«Արմենպրես»-­ի փոխանցմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին ի պատասխան, թե դա ինչ փոխեց Թուրքիայի հասարակության մոտ, պաշտոնյան նշեց, որ դեռևս հունվարին ընդունված Համահայկական հռչակագրում հղում է կատարվել Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն զանգվածին, որն այսօր պատրաստ է առերեսվել իր պատմությանն ու նորովի ընդունել այն իրականությունը, որից մեզ բաժանում է մեկ դար:

«Ես միշտ եղել եմ այն համոզմանը, որ ճանաչման գործում կարևոր նշանակություն ունի քաղաքացիական հասարակության դերը: Վստահ եմ, որ Թուրքիայի կողմից ճանաչումն ուղղակիորեն պայմանավորված է լինելու այդ երկրում քաղաքացիական հասարակության կայացմամբ ու առաջընթացով»,-­նշեց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով` միջոցառումների բերած ամենամեծ փոփոխությունը կրեցինք մենք ինքներս:

«Այն մեր ինքնաընկալման ու անցած ճանապարի վերագնահատման փոփոխությունն էր: Ես իրոք հիացմունքով էի նայում մեր հայրենակիցների դեմքերին, ովքեր գալիս էին Ծիծեռնակաբերդ, գալիս էին դեռևս ապրիլի 24-­ից ամիսներ առաջ, անընդհատ հոսքով, նրանց բոլորի դեմքին կար վերածննդի գաղափարը:

Ցեղասպանությունը ոչ միայն տապալվեց որպես ծրագիր, քանի որ հայ ժողովուրդը չվերացվեց, այլ հայ ժողովուրդն ապրեց իրական վերածնունդ, կարողացավ համախբվել, դարձավ կուռ»,­նկատեց նա: Գործնական առումով, ըստ Վիգեն Սարգսյանի, 100-­րդ տարելիցի միջոցառումները ձևավորեցին փոխգործակցության նոր մոդելներ Հայաստանի և Սփյուռքի միջև:

«Մենք բոլորս միասին աշխատեցինք, 100­րդ տարելիցի միջոցառումների հաջողություններն ապացուցում են փոխգործակցության հսկայական ուժը: Կարծում եմ, որ ողջ աշխարհի հայության համար Հայաստանը դարձավ տուն, ուր ուզում են վերադառնալ որպես գաղափարների համախմբման վայր, ուր կարող են մասնագիտական հաջողությունների հասնել, որտեղ կարելի է ծրագրեր իրականացնել»,-­շեշտեց Վիգեն Սարգասյանը:

Scroll Up