Ֆրանսիայում ծովափնյա քաղաքի օղակաձեւ պուրակն անվանակոչվել է «Հայաստան 1915-2015»

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կավալեր սյուղ Մեր ծովափնյա քաղաքի օղակաձեւ պուրակն անվանակոչվել է «Հայաստան 1915-2015»: Հանդիսավոր արարողությանը ֆրանսահայերից բացի մասնակցել են Կավալեր սյուղ Մերի եւ Լավանդուի քաղաքապետերը, «Սեն Տրոպեի գոլֆի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչներ, հայ ժողովրդի բազմաթիվ ֆրանսիացի բարեկամներ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Օղակաձեւ պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի եւ  Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվել է հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվել է Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի  երգասացությամբ:

Այնուհետեւ պուրակի անվանակոչության առթիվ տրվել է հանդիսավոր ճաշկերույթ:

Ի դեպ, ընդամենը 800 հայ բնակիչ ունեցող Կավալեր սյուղ Մերում հայկական համայնքի պատվին քաղաքի հենց կենտրոնում՝ Միջերկրականի ափին, Եվրամիության անդամ պետությունների դրոշների կողքին վերջին տարիներին ծածանվում է նաեւ հայոց եռագույնը:

Scroll Up