Իսրայելի հայ համայնքը նախագահին կշտամբել է Ցեղասպանությունը չճանաչելու համար

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 26-ին իր Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է  հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք նախագահին կշտամբել են Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

Ռիվլինը օգտագործել է զանգվածային սպանություններ կամ հայկական ողբերգություն եզրերը։ «Մեր բարոյական պարտքն է մատնացույց անել փաստերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Մենք չպիտի անտեսենք դրանք։ Հայ ազգը ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին զոհը դարձավ։ Մենք չենք ձգտում դրա մեղքը բարդել կոնկրետ երկրի վրա, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում ջարդերի զոհերին։

Հոլոքոստի սարսափներից հետո հայ ազգի ողբերգության զոհերի հիշատակ հարգելը մեր հրեական պարտքն է՝ մարդկային եւ բարոյական։  Ես հպարտ եմ այստեղ՝ նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար, որպեսզի այս օրը նշեմ ձեզ հետ»,- ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց այս կապակցությամբ առաջին անգամ էին հրավիրել Իսրայելի նախագահի մոտ։

«Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը հիասթափություն հայտնեց, որ Իսրայելը հայերի սպանությունները ցեղասպանություն եզրով չի բնութագրում»,- ասված է Իսրայելի  նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահը հայտարարել է, որ քննադատությունն ի գիտություն կընդունի եւ կարծում է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելի շատ բան անի հայերի սպանությունների հարցը բարձրացնելու համար։ Նա ընդգծել է այդ քննարկման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 24-ին Երեւանում կայացել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնցում Իսրայելը ներկայացված է եղել 2 պատգամավորներից կազմված պատվիրակության եւ Հայաստանում Իսրայելի դեսպանի մակարդակով։ Պատգամավորներից մեկը՝ Կնեսետի փոխխոսնակ Նախման Շայը հայրենակիցներին կոչ է արել ճանաչել հայ ազգի ցեղասպանությունը։ «Դա մեր տարրական պարտքն է։ Մենք չպետք է տատանվենք»։

Scroll Up