Հերթական սկանդալը. Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին

Ավստրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հետ է կանչել այդ երկրում իր դեսպանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ըˋ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը զայրացրել է թուրքական իշխանություններին: Հավատարիմ իր գործելաոճինˋ Թուրքիան սպառնացել Ավստրիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Թուրքիայի դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացվել է նաև Անկարայում Ավստրիայի դեսպանին, իսկ Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գոգուսը հետ է կանչվել:

«Ակնհայտ է, որ սա երկարատև բացասական հետք կթողնի թուրք­ավստրիական բարեկամության և հարաբերությունների վրա»,­ նշվում է հաղորդագրությունում: Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-­ին, գումարված 25-­րդ նստաշրջանի 68­-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-­ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունների ընդունած հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո­Հունգարիայի դաշնակցության առումով:

Scroll Up