Ապրիլի 24-ին Ֆրեզնոյում կփակվեն առևտրի կենտրոնները՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության

Ֆրեզնոյում ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, մեծաթիվ խանութներ կփակվեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։

fresnobee.com-ի փոխանցմամբ՝  այդ նախաձեռնության հեղինակներն են Ֆրեզնոյի արևմտյան մասում գտնվող Town & Country Dry Cleaners-ի սեփականատերեր Մարալ Մանուկյանն ու նրա եղբայրները, որոնք փետրվարի սկզբին հայտարարություն տեղադրեցին՝ իրենց հաճախորդներին տեղեկացնելով, որ խանութը այդ օրը փակ է լինելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, գրում է Արցախպրեսը:

Հայտնի է, որ Հայաստանում ու այն վայրերում, որտեղ կան մեծաքանակ հայեր, ինչպես օրինակ՝ Տորոնտոյում, Սիրիայում, Լիբանանում, ամեն տարի ապրիլի 24-ին խանութները փակվում են:

Գլենդելում, որտեղ կա մեծաթիվ հայկական համայնք, բազմաթիվ առևտրի կենտրոններ ու դպրոցներ նույնպես կփակվեն:

Մարալ Մանուկյանն ասում է, որ երբ իրենց ընտանիքն ապրում էր Մոնրեալում, իր ծնողները փակում էին իրենց խանութը, ու երեխաները դպրոց չէին գնում այդ օրը:

«Այս տարի 100-րդ տարելիցին մեր ընտանիքը ուզում է մասնակցություն ունենալ: Մեր բոլոր պապիկներն ու տատիկները անցել են Ցեղասպանության միջով»,- ասում է նա:

Մանուկյանների գաղափարն ունեցավ իր հետևորդները։ Ամերիկայի հայ ազգային միությունից Փոլ Ջամուշյանը ասում է, որ ապրիլի 24-ին մոտ 40 բիզնեսներ կփակվեն:

Մանուկյանի խոսքով՝ իրենք իրենց գաղափարի մասին ասել են իրենց գործարար ընկերներին, նրանք էլ՝ իրենց ընկերներին, ու այդպես գաղափարն արագորեն տարածվել է ամբողջ քաղաքով:

Ուրբաթ օրը կփակվեն նաև National Raisin Company in Fowler, Ara Karkazian Watch & Jewelry ընկերությունն ու Kebab Express-ը:

Մյուս գործարարները Մանուկյաններին ասել են, որ իրենց խանութները չեն կարող փակել այդ օրը, սական նրանք ցանկանում են ցույց տալ իրենց համերաշխությունը նրանց: Նրա խոսքով՝ որոշ հաճախորդներ, որոնք տեսել են խանութի փակման մասին որոշումը, նաև իրենց հարցեր են տալիս Ցեղասպանության վերաբերյալ, հետաքրքրվում:

«Ես միայն ցանկանում եմ, որ մարդիկ իմանան այս մասին, խոսեն այդ մասին, այդպիսով՝ մեր երկիրը կճանաչվի, և գուցե այդ գործընթացների միջով անցնելով՝ Թուրքիան ընդունի կատարվածը»,- ասում է նա:

Այս շաբաթը հագեցած է Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներով։ Այս տարվա եզակի միջոցառումներից մեկը հինգշաբթի Ֆրեզնոյի կենտրոնում Հայաստանի անունը կրող փողոցի հանդիսավոր բացումն է։ Պերճ Աբգարյանը՝ Ֆրեզնոյում Հայաստանի հյուպատոսը, քաղաքապետ Էշլի Սվիրենգինի հետ հանդիսավոր կերպով կբացի փողոցը, որը ներկայում կրում է Սանտա Կլարա անունը: O Street-ից մինչև Van Ness Avenue Սանտա Կլարան կվերանվանվի Armenia Street:

Փողոցի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 24-ին՝ ժ. 15:30-ին, Սանտա Կլարա ու M փողոցների անկյունում:

 

Scroll Up