Պոլսի պատրիարքարանի ապրիլի 24-ի արարողությանը Թուրքիան կմասնակցի նախարարի մակարդակով
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Kanal 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է հայկական թեմային առնչվող մի շարք հարցերի, գրում է ermenihaber.am-ը:
Առաջնահերթ տեղեկացրել է, որ թուրքական իշխանությունները ծրագրում են ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի ունենալիք կրոնական արարողությանը մասնակցություն ունենալ նախարարի մակարդակով:
Նշելով Հայաստանի հզորացմանը հայկական սփյուռքի խանգարիչ գործոն լինելու մասին անհեթեթություններ` Թուրքիայի վարչապետը, այնուամենայնիվ, խոստովանել է, որ սփյուռքահայությունը բավականին զորեղ ուժ է: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձև ընդունած երկրների վերաբերյալ Դավութօղլուն ասել է, թե այդ որոշումները գործնական կիրառություն չեն կարող ունենալ:
Իր արդեն նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին Թուրքիայի կառավարության ղեկավարը դրական է արտահայտվել` բնութագրելով նրան որպես շատ ինտելեկտուալ անձնավորություն: Պաշտոնաթողությունը պայմանավորել է կենսաթոշակային տարիքի հասնելու հետ:
Դավութօղլուն նաև հիշեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև ազգությամբ հայ թեկնածու: Ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱԶԿ-ի կողմից հայ թեկնածուի առաջդրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները ևս պատգամավորի հայ թեկնածուներ առաջադրեցին: