Հայերը պատմության մի մասն են՝ դուր գալիս է դա Անկարային, թե ոչ. Իտալական մամուլ
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չար հերոսը, ինչպես միշտ, Անկարան է մնում։
Արցախպրեսի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստան կատարած այցից հետո իտալական Gazzetta di Mantova թերթում գրում է Եվրախորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական Պաոլո Բերգամասկին։ Հոդվածում ասված է. «Եվրոպայում շատերը, հատկապես ծայրահեղ աջակողմյան շարժման ներկայացուցիչները, ցանկացած հնարավորության դեպքում ժխտում են ակնհայտ փաստերը կամ փորձում են անհաջող կերով աղավաղել պատմությունը։
Հայաստանի քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ հաշտեցման առաջին քայլը պետք է դառնա Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը՝ դրան հաջորդող սահմանների բացմամբ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։ Սակայն Թուրքիան շարունակում է խուսափել 2008թ. Երեւանում 2 երկրների նախագահների պատմական հանդիպումից հետո Հայաստանի հետ միասին ստանձնած իր պարտավորությունների կատարումից։
«Այդ վերքը բուժելը Անկարայի շահերից է բխում»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ փակ սահմանը խանգարում է Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանների տնտեսական զարգացմանը։
Ցեղասպանության շուրջ քննարկումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ի վիճակի չի եղել դասեր քաղել պատմությունից։
… Հեռու հորիզոնում՝ օդանավակայանի ապակե պատուհանից այն կողմ, ամպերի միջից երեւում է Մեծ եւ փոքր Մասիսների ձյունածածակ գագաթները։ Նրանք մոտ են, սակայն մեջտեղում կանգնած է ամուր փակած սահմանը, որից այն կողմ հիշողության մի պատառն է ազգի, որը չի կարող եւ չպետք է վերանա։ Քանի որ նա մարդկության պատմության մի մասն է, դուր գալիս է դա Անկարային, թե ոչ»։