«Հայաստանն իմ և բոլոր հայերի տունն է». Լիլիթ Մարգարյան

Ապրիլի 7-ին կայանալու  է «Լիլիթ» նորաձևության տան հիմնադիր-տնօրեն նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանի  հագուստների ցուցադրությունը: Այդ  առիթով «Հայերն  այսօր»-ի  թղթակիցը  զրուցել  է նրա  հետ:

-Լիլի′թ, ի՞նչը, ո՞վ ուղղորդեց  Ձեզ` հմտանալու  այդ  մասնագիտությամբ, թե՞ կար ժառանգաբար  փոխանցված  շնորհ:

– Նկարել  եմ  5 տարեկանից և  հաճախել  եմ  Հրաչյա  Գաբուզյանի նկարչական  ստուդիա: Երազում  էի  դառնալ նկարչուհի. 10-րդ  դասարանում տեղեկացա  հագուստի մոդելավորում  մասնագիտության մասին և  որոշեցի գնալ այդ  ուղղությամբ, սակայն  Երևանում  չկար  այդպիսի մասնագիտացված  բուհ,  կրթօջախ: Հետաքրքրվեցինք  և  իմացանք, որ  նման  բուհ  կար  Մոսկվայում` Կոսիգինի  անվան Տեքստիլ  ակադեմիան: Դիմեցի  այնտեղ.  շատ  դժվար  էր, որովհետև մեկ տեղի  համար  27  դիմում  կար:  Երախտապարտ  եմ մասնագիտությամբ մանկավարժ մայրիկիս,  ով ինձ  համարձակություն, վստահություն ներշնչեց` ասելով, որ  ես  կարո′ղ  եմ և  անպայման  կընդունվեմ: Անդրադառնամ Ձեր  հարցի   երկրորդ  մասին`  ժառանգաբար  փոխանցված  շնորհին  և  ասեմ,  որ  առկա  է  նաև այդ  գործոնը: Իմ   պապիկը`   Գրիգոր  Մարգարյանը (հայրիկիս հայրը), մեր  Հանրապետության հրապարակի  շենքերի  զարդանախշերն է  քանդակել,  հորեղբայրս`  Էդուարդ  Մարգարյանը, ևս  աշխատել է  այդ  զարդանախշերի  վրա: Մայրիկիս  մայրը  Երևանում հանրաճանաչ, արվեստավարժ  դերձակուհի է  եղել.  ասում  են,  որ նրա  մոտ միշտ մեծ  հերթ  է  գոյացել:  Տատիկս շատ  գեղեցիկ,  ինքնատիպ,  ճաշակով զգեստներ  է  կարել թե  կանանց,  թե′  տղամարդկանց  համար:  Այդ  գենը ոչ միայն ինձ,  այլև  իմ 5-ամյա  աղջկան է  փոխանցվել. 3.5 տարեկանից նա  շարունակ նկարում է:

– Կարո՞ղ   եք  հիշել   առաջին  նկարը կամ նկարները. ի՞նչ  թեմայով էին դրանք:

– Առաջինը  չեմ կարող  մտաբերել,   սակայն  որոշ նկարներ  հիշում եմ.  դրանք  ֆանտաստիկ  բնույթ   ունեին: Մայրիկս  պահպանել  է 5, 6, 7 տարեկանում իմ նկարած  նկարները:  Շատ  եմ նկարել  հայկական հարսանիքներ` օգտագործելով բազմազան գույներ, նկարել  եմ  այգիներ, սիրահարված  զույգերի, ովքեր նստած  են  նստարանին,  իսկ  աղջկա  ձեռքում  ծաղիկներ  են…

– Ե՞րբ է  կայացել Ձեր  առաջին ցուցահանդեսը: 

– Ընդամենը 7 տարեկան  էի, երբ Արվեստի  աշխատողների  տանը ուսուցչիս`  Հրաչյա  Գաբուզյանի շնորհիվ, բացվեց իմ  առաջին  անհատական մեծ  ցուցահանդեսը: Հրավիրված  էին շատ  հայտնի նկարիչներ: Ցուցահանդեսը  լուսաբանվեց  Մոսկվայի  1-ին  ալիքով. կարծեմ  <<Բարեկամության  թևերով>>  ծրագիր  էր, որտեղ  ներկայացնում  էին  տարբեր  հանրապետությունների շնորհալի  երեխաների  աշխատանքները: Ցուցահանդեսի  ժամանակ ամբիոնից  նկարիչներից մեկը  զարմանքով և  հիացմունքով  խոսել  էր  իմ  աշխատանքի մասին,  ուր տան տանիքը և  տղամարդու  գլխարկի   կարպետային զարդանախշերը  ճիշտ իրար նման  էին. նա  ասել  էր, որ  այսպիսի    մոտեցման համար  ամենաքիչը  պետք է  ունենալ  ակադեմիական  կրթություն…  Այս  ամենը ես  չեմ հիշում, մայրս  է  պատմում… Դա  եղավ  իմ  առաջին ու  վերջին ցուցահանդեսը. ուսուցիչս գտավ, որ  դա  է  ճիշտը, որովհետև իր կարծիքով երեխան  կարող  էր  մեծամտանալ  ու  այլևս առաջ  չգնալ:

Ապրիլի  7-ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում  կկայանա  իմ հագուստների  հավաքածուի  ցուցադրությունը և  կցուցադրվեն  նաև  աղջկաս նկարները: Ես  էլ  կփորձեմ  առաջնորդվել  իմ   ուսուցչի պատգամներով,  և   աղջկաս  այդ  ցուցահանդեսը  կլինի  առաջինն  ու  վերջինը`  մինչև ինքը  կմեծանա,  կաճի և  արհեստավարժ  կդառնա:

-Մոսկվայում ուսանելուց  հետո  վերադարձաք  Երևան և  անմիջապես  անցաք  աշխատանքի՞:

-Ո′չ: Մոտ    2  տարի  չունեի  աշխատանք:  Կամաց-կամաց կյանքն  իր  հունի  մեջ   էր  մտնում  1993-ից հետո. ես  վերցրեցի մեծ   թվով  էսքիզներ  և   սկսեցի աշխատանք  փնտրել: Ինձ  ծանոթացրին ճանաչված  երգչուհի  Նադեժդա  Սարգսյանի  հետ  և  հենց  առաջին հանդիպման  ժամանակ նա  ինձ  վստահեց ու  «Հայեր»  համույթի  կատարողների  համար  հագուստներ  պատվիրեց: Մոսկվայում  պետք է  համերգ  տային «Սև ու  սպիտակ» խորագրով, և  հագուստները պետք  է  լինեին  սև  ու  սպիտակ գույների  համադրությամբ:   Արեցի  էսքիզները և  տան պայմաններում  դերձակուհիների  հետ պատրաստեցինք  այդ  հագուստները: Դա  իմ գործերի  առաջին բեմելն  էր, որը  պսակվեց հաջողությամբ: Դրանից հետո  ստեղծվեց  առաջին  հավաքածուն, տեսահոլովակ  նկարահանվեց, դրան հաջորդեց  2-րդ  անհատական  հավաքածուն. դրանք,  իհարկե,  փոքրիկ  հավաքածուներ  էին: 1999-ին  Դրամատիկական  թատրոնում  եղավ  ավելի մեծ` մոտ   80` սպորտային,  դասական,  երեկոյան շքեղ զգեստների   հագուստների ցուցադրություն:

– Լիլի′թ, կարո՞ղ  եք առանձնացնել Ձեր  մոդելավորած  հագուստների  ամենատպավորիչ,  հիշարժան ցուցադրությունը: 

– Ամենատպավորիչն,  ինձ  համար  ամենակարևորը  2000թ. Երևանի  կամերային երաժշտության  տանը կայացած  ցուցադրությունն  էր,  որը  հեռարձակվեց  արտերկրի Fashiontv  ալիքով, ցուցադրության տակ  գրված  էր` Armenia, Lilit  Margaryan.  Դա   ինձ  համար  մեծ  հպարտություն  էր, հաջողություն,    որ  գրվեց  ու հնչեց իմ  Հայրենիքի անունը,  հպարտ  էի նաև, որովհետև մենք  բավարարել  էինք այդ  բարձրակարգ TV-ի պահանջները: Ես առաջին հայ մասնակիցն  էի, ով  ռուսական <<Силует>>  երիտասարդական միջազգային մրցույթին ներկայացրեց Հայաստանը: Մինչև Մոսկվա  մեկնելը`  Թբիլիսիում  ես  անցել   էի  նախընտրական փուլը  և  շահել  գլխավոր մրցանակը.  1.5  ամիս  շարունակ  ОРТ-ով  օրը մի քանի  անգամ  գովազդ  էր  հեռարձակվում այն մասին, որտեղ նշվում  էր, թե  Մոսկվայում կայանալիք  մրցույթին մասնակցելու  են  տարբեր հանրապետություններից նկարիչ-մոդելավորողներ, և  անընդհատ  հնչում  էր  Армения անվանումը…  Մի  անպատմելի  զգացում  էր  դա  ինձ համար:  Այդ մրցույթի հաղորդման  գլխագրի վրա իմ մոդելներն  էին  ցուցադրված: Հավաքածուս  կոչվում էր  «Նոր  Հայաստան» , որի  ցուցադրությունն ընթացավ  Արա  Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ:

– Ե՞րբ և  ո՞ւմ  աջակցությամբ  է  բացվել <<Լիլիթ>> նորաձևության տունը:

– Մինչ  այդ  ես   աշխատել  եմ տարբեր  ստուդիաների հետ:  2000 թվականին հիմնեցինք  այս  կենտրոնը` ամուսնուս  աջակցությամբ: Աշխատում ենք  այստեղ 3 հոգով, միշտ  ունենք  պատվերներ,  հաճախորդներ:

– Ապրիլի 7-ի  ցուցադրությունն  ի՞նչ խորհուրդ ունի:

– Այն  նվիրում եմ հայ  կանանց միամսյակին և  Հայոց ցեղասպանության  100-րդ  տարելիցին: Ասեմ, որ  ցուցադրությանն  աջակցում են ՀՀ Առաջին  տիկինը և  ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ  Հակոբյանը: Այս  ցուցահանդեսը  խոնարհման ու երախտիքի մի նվիրում է  արժանապատիվ հայ  կանանց, ովքեր  պատմության քառուղիներում,  վերապրելով  Հայոց Ցեղասպանությունը,  բարձր  են  պահել  բարոյական  արժեքները  և  դաստիարակել  են հրաշալի   սերունդներ: Ինձ  ոգեշնչեցին  10 հայ  նկարիչներ, որոնց գործերի միջոցով ես  ներկայացնում  եմ հայ  կնոջ  պատմությունը.  ցուցադրությունը  սկսվել է  Հովնաթանյանի  կտավների  հայուհիների  կերպարներով, Գևորգ  Գրիգորյանի,  Հակոբ  Հակոբյանի, Վահրամ Գաֆեսճյանի,  Սուրենյանցի,  Արշիլ Գորկու, Ասլամազյանի,  Մինաս Ավետիսյանի, Սարգիս  Մուրադյանի կտավների  հայ  կանանց կերպարներով. անցել  եմ նրանց  ճանապարհներով` ինչպիսին  էր  հայ կինը  Եղեռնից  առաջ,  Եղեռնից  հետո, և  ինչպիսին է  խաղաղ  օրերում..  Եզրափակել եմ Սարյանի նկարներով, նրա  պայծառ  գույներով: Բոլոր նկարիչների վրձնած բոլոր  ժամանակների կանանց հագուստները, դրանց գույները շատ  բան  են  պատմում  հայուհու  մասին: Աղջկաս`  5  տարեկան Աննա Նազարյանի ցուցահանդեսն  էլ   խոսում է  այն մասին, որ  հայ կինը  շարունակվում է  սերունդների  մեջ,  ովքեր մեր  ապագան  են,  իսկ  ապագային  գույներն   ավելի  պայծառ  պիտի լինեն: Ցուցահանդեսին  ներկայացնելու եմ իմ  աշակերտուհու`  14-ամյա  Գրետա  խաչատրյանի նկարները:  Ես  այդ  երեխայի  հետ կապված մեծ  հույսեր  ունեմ:  Գրետան առողջական  խնդիրներ  ունի,  ես  նրան առաջարկել  եմ իմ  աջակցությունը մինչև  կյանքի վերջ: Աղջիկը  տաղանդավոր  է, հրաշալի նկարում է,  և  ես  որոշել  եմ  օգնել նրան`  հետագայում  բարձրագույն կրթություն  ստանալու:

-Ի՞նչ բաղձալի  երազանք  ունեք` կապված  Ձեր  աշխատանքի հետ:

-Այսօրվանից սկսած` ճամփորդել  իմ   հավաքածուով, շրջել աշխարհով  մեկ:

-Աշխատասենյակի  պատին փակցված  են բազմաթիվ  պատվոգրեր. ո՞րն է դրանցից ամենաթանկը:

-Վյաչեսլավ Զայցևի կողմից  ստացված  պատվոգիրն է,  որն  ստացել  եմ  «Ազգային հագուստ-2000» էքսպո  ցուցահանդեսին ներկայացրած իմ ցուցադրության համար:

-Ովքե՞ր  են  Ձեր  հաճախորդները:

– Հայտնիներ  և  սովորական քաղաքացիներ, անհատներ  և  պարային, երգի  խմբեր, << Եվրատեսիլ>> -ին Հայաստանը  ներկայացնող  բալիկները , Հայաստանի փոքրիկ  երգիչները, <<Արևիկ>>  խումբը… Ինձ  համար  շատ   հաճելի է  երեխաների հագուստներ  ստեղծելը:

-Հայրենանվեր գործունեությամբ զբաղվող  Լիլիթ  Մարգարյանի  համար ի՞նչ է  Հայրենիքը:

– Ես  ասացի, որ  ուզում եմ իմ  հավաքածուով ճամփորդել, բայց ապրել միայն իմ Հայրենիքում. Հայաստանն իմ  և  բոլոր  հայերի  տունն  է:

– Աշխարհահռչակ նկարիչ –մոդելավորողներից  ո՞վ  է  Ձեզ  համար ամենա, ամենա… 

– Կոկո Շանելը.  նա  մեծ  է  այդ  ոլորտում, ինձ  համար  անկրկնելի է:

 Կարինե  Ավագյան

Scroll Up