Catholic Herald: Մենք չպետք է մոռանանք Հայաստանի տառապանքի մասին

Կաթոլիկ հոգևորական, աստվածաբանության դոկտոր Ալեքսանդր Լյուսի-Սմիթը լոնդոնյան Catholic Herald պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը, հարյուրամյակին և ոգեկոչման կարևորությանը: Այս մասին գրում է armeniangenocide100.org կայքը:

Ծիսական առումով փետրվարի սկիզը լավ ժամանակ է: Սուրբ Ծնունդից 40 օր անց՝ երկուշաբթի, մենք տոնեցինք Տեառնընդառաջը, որտեղ օրհնվում են մոմերը, իսկ երեշաբթի՝ Սբ. Բարսեղի տոնը, որին կոկորդներն են օրնվում:

Սբ. Բարսեղն այն սրբերից է, որոնց մասին շատ քիչ բան է հայտնի՝ չնայած նրա դեպ մեծ պաշտամունքին: Ինչպես մյուս նահատակները, միայն դարեր անց են լեգենդներ ծնվել և հիշատակություններ գրվել, որոնք էլ պատմական արժեք չունեն: Բայց, վստահաբար, Բարսեղը եպիսկոպոս էր ու նահատակ, որն ապրել է ներկայիս Թուրքիայի Սիվաս քաղաքում, որը այն օրերին Հայաստանի տարածքում էր և կոչվում էր Սեբաստիա:

Ժամանակին Հայաստանր շատ ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, քան այսօր զբաղեցնում է նախկին խորհրդային երկիրը: Այժմ Սիվաս քաղաքը գտնվում է ժամանակակից Թուրքիայի կենտրոնում, իսկ մինչև 100 տարի առաջ այն ծաղկուն քաղաք էր՝ բնակեցված հայ և հույն քրիստոնյաներով: Բայց եկավ ճակատագրական օրը. 1915թ., ապրիլի 24: Այս օրն էր, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց ձերբակալել և տեղահանել անհիշելի ժամանակներից Անատոլիայում ապրող հայերին: Զերբակալություններին, տեղահանման, կոտորածների և բնաջնջման այս կազմակերպված ծրագրին զոհ գնաց մոտ 1,5 միլիոն հայ: Սա է պատճառը, որ Թուրքիա այցելողները տեսնում են հայկական պատմության բազմաթիվ օրինակներ, բայց ոչ մի, կամ ամենաշատը մի քանի հայ:

Հայոց ցեղասպանությունը ոգեկոչվում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում, որը Թուրքիայի հետ հարաբերությունները չվտանգելու համար ջանասիրաբար խուսափում է ցեղասպանության հիշատակումից:

Կաթոլիկ եկեղեցում այդքան հայտնի Սբ. Բարսեղը միակ հայ սուրբն է, որը ներառված է Տիեզերական օրացույցում: Նա իր մշակույթի միակ ներկայացուցիչն է, բայց ինչպիսի՜ մշակույթի: Սբ. Բարսեղի ժողովուրդը ամենահին քրիստոնյա ազգն է, որը դարձի է եկել Քրիստոսին Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից 301թ.՝ մինչև Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը:

Ընդ որում, Հայաստանում ավելի շատերն են նահատակվել, քան աշխարհի մեկ այլ անկյունում՝ հաշվի առնելով, որ ցեղասպանության զոհերը քրիստոնեական հավատքի ատելության հողի վրա են սպանվել: Հիմա մենք արդարացիորեն մտահոգված ենք ISIS-ի դաժանությամբ, ուստի եկեք չմոռանանք 100 տարի առաջ զոհված հայերին:

Արժանահիշատակ է Հայոց ցեղասպանության մասին Ադոլֆ Հիտլերի տեսակետը, որին անդրադարձ է կատարել 1939-ին.

«Մեր ուժը մեր արագությունն է և դաժանությունը: Չինգիզ խանը` իր թելադրանքով, թեթև ու ուրախ սրտով կոտորել տվեց միլիոնավոր կանանց ու երեխաների: Այսօր պատմությունը նրան դիտում է որպես մի հզոր պետության հիմնադրի: Ես կարևորություն չեմ տալիս այն բանին, թե թույլ Արևմտյան Եվրոպան ինչ կասի իմ մասին: Ես հրաման եմ արձակել՝ (և կգնդակահարեմ բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի քննադատական խոսք անգամ արտաբերեն) հայտնելով, որ պատերազմի վերջնական նպատակը ոչ թե որոշակի սահմաններ հաստատելն է, այլ թշնամու ֆիզիկական բնաջնջումը: Ուստի, ես առայժմ Արևելք եմ ուղարկել միայն իմ «Գանգի ստորաբաժանումները»` հրամայելով նրանց` առանց գթության և խղճահարության, անխտիր սպանել լեհական ցեղին կամ այդ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով է, որ մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ տարածքներ: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի ոչնչացման մասին»:

Իսկապես՝ ո՞վ: Այդ է պատճառը, որ մենք պիտի խոսենք և այս ապրիլին հիշենք Հայաստանի մասին: Ուստի, գրանցեք ձեր օրագրերում Հարյուրամյակի ամսաթիվը:

Scroll Up